Մենք մեր յուղով պիտի տապակվենք եւ ոչ թե այլոց տապակի յուղի մեջ աղ ու պղպեղ ավելացնենք
Ու կրկին հայկական ավանդական սխալը․ թե Բաքվում ինչու են գեներացվում հակառուսական տրամադրություններ, կամ հատկապես ինչու են նեգատիվ տրամադրություններ գեներացվում Արցախում տեղակայված ռուսական խաղաղապահ զորակազմի հանդեպ, որպես իրողություն` վերաբերում է միայն Ռուսաստանին եւ Ադրբեջանին։ Սա ռուս-ադրբեջանական հարաբերություններին առնչվող հարց է։ Արդեն բազմիցս է ասվել, որ Մոսկվան եւ Բաքուն, ամենայն հավանականությամբ, ինչ-որ հարցեր դեռ չեն կարողանում հստակեցնել իրար մեջ` կապված նաեւ ղարաբաղյան խնդրի հետ, եւ դրանով պայմանավորված` փորձում են այսկերպ վերաբերմունք ցույց տալ մեկմեկու հանդեպ։
Սակայն ակնկալել, որ «այ, ուր որ է, ռուս-ադրբեջանական հարաբերությունները կվատանան կամ կփլուզվեն, և ռուսական զորքը կգրավի Շուշին ու Հադրութի շրջանը կամ ԼՂ մյուս շրջանները ու այն կհանձնի հայերին», առնվազն միամտություն է։
Նախ, այն, ինչ հիմա կա որպես իրականություն, նկատի ունենք՝ հակառուսական եւ հակախաղաղապահական տրամադրությունների գեներացումը, խիստ կարճաժամկետ է։ Այն կարող է հանգուցալուծվել, օրինակ, Պուտին-Ալիեւ առաջիկա որեւէ հեռախոսազրույցի ընթացքում։ Եվ ապա, Ռուսաստանի վերնախավում, պայմանական ասած՝ «Կրեմլյան աշտարակներում», բավական ազդեցիկ ադրբեջանական լոբբի կա․ օրինակ՝ Սերգեյ Նարիշկինը բավական լավ հարաբերությունների մեջ է Գոդ Նիսանովի հետ (այս մասին պատմող յութուբյան տեսահոսթինգային ցանցում հանրային բաց հասանելիության տեսանյութեր կան) եւ այլն։
Ու ամենակարեւորը՝ Հայաստանի համար կարեւորը սեփական արտաքին հարաբերությունները պետք է լինեն, իսկ արդեն, օրինակ, Ռուսաստանի եւ Ադրբեջանի հարաբերություններում «մատի ու մատանու արանք մտնելն» անօգուտ եւ անշնորհակալ գործ է։ Ինչպես կասեր ժողովուրդը՝ «մենք մեր յուղով պիտի տապակվենք» եւ ոչ թե այլոց տապակման յուղի մեջ աղ ու պղպեղ ավելացնենք։
Կարեն Ենգիբարյան
Կարծիքներ