«Քամի ցանողը փոթորիկ է հնձում»
Մինչ ադրբեջանական իշխանությունները գրավյալ Վարանդայում /ադրբեջանական անվանումը՝ Ֆիզուլի/ միջազգային օդանավակայանի աէրոնավիգացիոն փորձարկում եւ ստուգում են իրականացնում, որպեսզի աստիճանաբար կանոնավոր մշտական թռիչքներ կազմակերպեն, առավոտվանից Հայաստանի ԱԺ-ում կոնֆլիկտային իրադրությունն ու բախումները չեն դադարում։
Առանց շատախոսելու, առանց անուններ ասելու եւ կողմերին մատնանշելու /ինչպես սիրում են անել, օրինակ, ԵԱՀԿ ՄԽ համանախագահները/, արձանագրենք․ այն ինչ մենք տեսանք, տեսնում ենք, ու երեւի թե դեռ տեսնելու ենք ԱԺ դահլիճում, կարելի է ուղիղ շարունակությունը համարել արտահերթ խորհրդարանական ընտրությունների նախընտրական քարոզարշավի ժամանակ տիրող մթնոլորտի․․․ քանի որ երբ նախընտրական արշավի ժամանակ քաղաքական հակառակորդիդ ուղղությամբ մուրճ ես ճոճում, երբ նախընտրական արշավի ժամանակ թույլ ես տալիս քեզ հայհոյանք, վիրավորանք հնչեցնել, դրանով իսկ «թեւավորելով» թիմակիցներիդ «մեր դեմ խաղ չկա», տրամաբանությամբ, դա փաթեթավորելով արդեն «ժողովուրդը մեզ մանդատ է տվել․․․․» կարգախոսով, ապա ուզես թե չուզես գեներացնում ես ատելություն, իսկ գեներացված ատելությունը, ինչպես ժողովրդական խոսքն է ասում՝ «պատից կախված հրացան է, որը մի օր կրակելու է» անպայման։ Ու դեռ չենք խոսում երեք տարուց ավելի հասարակության մեջ գեներացված եւ գեներացվող ատելության մասին, որը սկսվեց «նախկինացավով», սեւ-սպիտակով ու շարունակվում է մինչեւ հիմա։
Այլ խոսքով ասած՝ «քամի ցանողը փոթորիկ է հնձելու»։ Իսկ ինչ մնում է «մեր դեմ խաղ չկա»-ին, ապա դա անիմաստ ինքնաներշնչանք է, իրականության հետ կապ չունեցող, քանի որ «մեր դեմ խաղ չկա» տրամաբանությունը պետք է գործի արտաքին ճակատում, իսկ արտաքին ճակատում ցավոք իրավիճակն առավել քան ողբալի է։
Կարեն Ենգիբարյան
Կարծիքներ