Մե ծրագիր, մե ուրախություն

Մե ծրագիր, մե ուրախություն

Նախ՝ հայտնագործության մասին: ՀՀ կառավարությունը, ասացեք խնդրեմ, արդեն համոզված է, որ տարածաշրջանում երկարատեւ խաղաղության, կայունության, անվտանգության եւ տնտեսական զարգացման համար առանցքային է սահմանակից երկրների հետ բնականոն հարաբերությունների հաստատումը եւ կամ զարգացումը։ Այս մասին երեկ ԱԺ-ում ներկայացնելով կառավարության ծրագիրը՝ ասաց Նիկոլ Փաշինյանը։ Լսում եմ ու պատկերացնում, թե որքան լավ կլիներ, եթե Փաշինյանն այս գյուտը 2018 կամ 2019 թվականին արած լիներ… Մենք ո՛չ 44-օրյա պատերազմ կունենայինք, ո՛չ խայտառակ պարտություն, ո՛չ նոյեմբերի 9-ի ստորացուցիչ կապիտուլյացիա: Կգնայինք կկանգնեինք սահմանին, գիծը կքաշեինք, Ադրբեջանի հետ բնականոն հարաբերություններ կհաստատեինք «եւ կամ կզարգացնեինք»:

Ի դեպ, իսկ ի՞նչ եղան Փաշինյանի այն խոստումները, որ ինքը կգնա, կխոսի ադրբեջանցի ժողովրդի հետ, հարցերը խաթրով, համոզելով կկարգավորի: Երեւի պատերազմը չթողեց, այլապես մեր հովիվները հոտ ու նախիր դաշտային Ղարաբաղի հարթավայրերն էին անելու եւ ադրբեջանցի հովիվների հետ քեֆ էին քաշելու՝ «չոբնի» խորովածով, կաթով- մածունով…

Փաշինյանի խոսքում տագնապեցնող մի անուն ընկավ ականջովս՝ Վրաստան: Երեւի շուտով Վրաստանի հետ էլ ենք սկսելու սահմանագծման աշխատանքներ: Ինձուինձ մտածեցի՝ եթե մարդը հողատու է, ապա դա երկար պրոցես է: Ջավախքից էլ ձեռ քաշեց… Լոռուց էլ տարածքներ ու գյուղեր կտա: Վրացիները կգան, GPS-ը կդնեն ու գամարջոբա, ախպեր ջան, էս իմ հողն ա՝ կասեն: Բայց եթե հարեւան երկրների հետ սահմանագծումն այդքան կարեւոր է, ինչո՞ւ Փաշինյանի ելույթում (3 ժամ) որեւէ բառ չկար հայ-թուրքական սահմանի ճշգրտման անհրաժեշտության եւ կամ այն մասին, թե այդ ինչ նոր սահման է, որ գոյություն ունի Հայաստանի եւ Նախիջեւանի միջեւ:

Պարոն Փաշինյան, դու 6 ամիս ժամանակ խնդրեցիր հարցերը կարգավորելու համար: Ինչո՞ւ այդ 6 ամսում չավարտեցիր սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները, որ մի հատ էլ ադրբեջանական բանակի «զինծառայողներ» հայտնվեցին ՀՀ տարածքում: Ասում ես՝ «Ադրբեջանի հետ անհրաժեշտ է օր առաջ սկսել սահմանազատման եւ սահմանագծման աշխատանքները»:

Սա ի՞նչ է, նո՞ր հայտնագործեցիր: Պարզվում է՝ ոչ: Էս մարդը, ինչպես ինքն է ասում, ցավում է, որ ներքաղաքական աղմուկի պատճառով գարնանը հնարավոր չեղավ հասնել նախանշված լուծումներին, հիմա էլ անկանոն իրավիճակը մի շարք սահմանային հատվածներում խոչընդոտում է սահմանազատման աշխատանքներին: Փաստորեն, գարնանը ընդդիմության աղմուկն է խանգարել, այսօր էլ ադրբեջանցիների ներխուժումն է խոչընդոտում: Ես հարց ունեմ Փաշինյանին՝ կապիտուլացվելուց հետո գոնե մեկ սանտիմետր այնպիսի սահման, որ Ադրբեջանը ճանաչի, գծած կա՞ք: Բա եկել ես, ԱԺ ամբիոնի մոտ տպավորություն ես ստեղծում, որ ի՞նչ անես: Ալիեւն ասում է՝ իր սահմանը Տավուշով, Սեւանով, Երեւանով ու Զանգեզուրով է անցնում: Բա գոնե մեկ հատիկ հակափաստարկ բեր, ասա, որ Արցախը Հայաստան է եւ վերջ, ո՞ւր է լեզուդ: Բա չե՞ս ամաչում, որ այսօր ՌԴ խաղաղապահներն են Արցախի մնացորդացը պահում, չե՞ս մտահոգվում, թե ինչ ես անելու, երբ Ադրբեջանի հետ սահմանը գծելուց հետո ռուսները հեռանան:

Ինձ համար արձակուրդս էի վայելում՝ էլի ներաշխարհս խառնեց իրար, թե բա՝ մենք խաղաղասեր ենք, թե՝ «ՀՀ-ն տարածքներ նվաճելու, պատերազմ սկսելու ոչ մի մտադրություն չունի»… Ֆաշիստական Գերմանիան, երեւի, կապիտուլյացիայից հետո սարսափելի ագրեսիվ էր ու տարածքներ էր նվաճում: Բայց դե մենք ուրիշ ենք, մեզ հայ են ասում, մենք կարող էինք պատերազմի դաշտում կապիտուլացվելուց հետո մի բան էլ ագրեսիվ լինել:

Թե բա՝ բանակը բարեփոխելու ենք… Դու ինչքան կարող ես՝ հեռու մնա բանակից, ախպոր պես, դա քոնը չէ: Ի՞նչ է նշանակում, օրինակ. «Պրոֆեսիոնալ բանակ ասելով՝ մենք նկատի ունենք, որ զինվորը զինվոր է շաբաթը յոթ օր, տարվա մեջ 12 ամիս, իսկ սահմանի պաշտպանությունը պետք է վերապահվի սահմանային զորքերին։ Իսկ զինվորը պետք է գտնվի մշտական տեղակայման վայրում իր աշխատանքային ժամին եւ զբաղված լինի պատրաստականությամբ։ Մեզ համար կարեւոր է, որ զինծառայությունն ունենա պատշաճ գրավչություն, եւ խոսքը ոչ միայն աշխատավարձերի, այլեւ սոցիալական երաշխիքների վստահելի համակարգ ստեղծելու մասին է»:

Ներողություն, իսկ սահմանապահ զորքերում զինվորներ չե՞ն լինելու, բոլորը սպաներ ու գեներալնե՞ր են լինելու: Եվ, առհասարակ, ինչպե՞ս եք մանիպուլացնելու զինվորի ծնողին, թե ինչու է նրա երեխան ծառայում սահմանապահ զորքերում, իսկ ֆլանի տղան իր «աշխատանքային օրն» անցկացնում «մշտական տեղակայման վայրում», հատուկ ընդմիջման ժամով, հողաթափերով ու սպիտակ խալաթով: 

Ես նաեւ նկատեցի, որ տեւական ընդմիջումը Փաշինյանի խոսույթի վրա որեւէ ազդեցություն չի ունեցել: Օգտագործում է բացառապես ապառնի ժամանակաձեւեր, ինչը նշանակում է, որ ստում է՝ իր սովորության համաձայն: Օրինակն ԱԱԾ-ի վրա բերեմ, որը, եթե Աստված հաջողի, ուժեղանալու է: Խոսելով այս կառույցի «բարեփոխումների» մասին՝ Փաշինյանը նշեց. «Այս փոփոխությունների արդյունքում ԱԱԾ-ն էականորեն ուժեղանալու է: ԱԱԾ-ն այլեւս կոռուպցիայի դեմ պայքարող մարմին չի լինի, քանի որ ստեղծվում է հակակոռուպցիոն կոմիտե»: Լսողն էլ կարող է կարծել, թե ԱԱԾ-ն նախկիններն էին դարձրել «կոռուպցիայի դեմ պայքարի մարմին», իմա՝ ֆեյք ու սատանա բռնող: Ուրիշ երկրներում անվտանգության ծառայությունները թերեւս ամենաաննկատ գործող օղակներն են, մինչդեռ մեզ մոտ վերջին 3 տարիներին ԱԱԾ-ն երթեւեկում է շտապօգնության ու հրշեջ մեքենաներից ավելի բարձր միացրած սիրենաներով ու լուսային ազդանշաններով:

Ամբողջ աշխարհն իմացավ, որ ՀՀ ԱԱԾ-ն խուզարկել է Հրայր Թովմասյանի հորական տան կտուրը: 3 տարում մեր ԱԱԾ-ն երեւի արդեն մոռացել է, թե ինչ բան են հետախուզությունն ու հակահետախուզությունը: Մինչեւ հետ վարժվեն, մինչեւ վերհիշեն իրենց մասնագիտությունը, ֆեյքերն ու սատանաները մեզ կուտեն: Ավելի լավ չէ՞ր՝ նրանց թողնել իրենց տեղում եւ նոր ԱԱԾ բացել: Նոր Հայաստան՝ նոր ԱԱԾ, ինչպես ասում են…