Ռուսական Կասպիական նավատորմիղի վերատեղակայումը կապ ունի՞ Սյունիքում ճանապարհի փակման հետ

Ռուսական Կասպիական նավատորմիղի վերատեղակայումը կապ ունի՞ Սյունիքում ճանապարհի փակման հետ

Երեկվանից Ադրբեջանն անհասկանալի ակտիվություն է սկսել ցուցաբերել՝ Սյունիքի մարզում որոշ ճանապարհային տեղամասեր փակելով, որոնք անցնում են իր տարածքով։ Մինչ այս պահը կարծես թե խնդիրը հնարավոր չէ լուծել։ Հայտնի է միայն, որ ռուսական խաղաղապահները կարողացել են այդ պահին ճանապարհին եղած մեքենաները տարհանել։

Նկատենք, որ խոսքը այն 21 կմ-անոց ճանապարհահատվածի մասին է, որը անցնում է Կուբաթլուի տարածքով եւ վիճահարույց է եւ որի անխափան գործունեությունը հսկվում էր ռուս խաղաղապահ ուժերի կողմից։ Հետաքրքիր է այն, որ դա արվեց այն օրը, երբ արձակուրդ է մեկնում ՀՀ վարչապետը, որն ընտանյոք հանդերձ, անցկացնելու է Սոչիում, ինչպես գրել էր մամուլն ավելի վաղ, եւ հետաքրքիր է, որ դա արվեց մեկ շաբաթ գրեթե Երասխում եւ Վարդենիսում անդորրի պահպանումից հետո, երբ անցյալ շաբաթվա մեջ տեղի էր ունեցել ռուս-հայ-ադրբեջանական եռակողմ հանձնաժողովը՝ երեք երկրների փոխվարչապետների մակարդակով։ 

Այս ֆոնին ուշագրավ է այն, որ Ռուսաստանի ԶՈՒ Հարավային ռազմական օկրուգը որոշում է կայացրել Կասպից ծովում ունեցած նավատորմիղը վերատեղակայել Դաղստանում՝ Աստրախան քաղաքից Կասպիյսկ քաղաք ընկած հատվածում։ Թե ինչ է նշանակում այս ամենը, դժվար է ասել, սակայն ըստ նախադեպերի, կարող ենք ասել, որ Բաքուն նման ակտիվություն ցուցաբերում է, երբ խնդիրներ են առաջանում, օրինակ, հայտնի եռակողմ Հայտարարությունների կենսագործման հետ կապված։ Ընդ որում, կարող ենք ասել, որ խնդիրները ոչ թե Երեւանի հետ են լինում, այլ Մոսկվայի։ Հնարավոր է, որ այս կերպ Բաքուն փորձում է վերաբերմունք ցույց տալ այն բանի հանդեպ, որ Ռուսաստանը Հայաստանի բանակի վերազինման ուղղությամբ սկսել է որոշակի քայլեր ձեռնարկել։ Հնարավոր է, որ Մոսկվան եւ Բաքուն ինչ որ հարցեր չեն կարողանում կարգավորել, համաձայնեցնել, անկախ այն հանգամանքից, որ Բաքու-Նովոռոսիյսկ խողովակաշարով ընթացիկ տարվա առաջին կիսամյակում նավթի տեղափոխման ծավալը աճել է ավելի քան 60 տոկոսով։

Ավելի շատ հավանական է, որ խնդիրները հենց Մոսկվա-Բաքու հարաբերությունների հետ են կապված, քանի որ հակառակ դեպքում հենց այսօր Կասպիական նավատորմիղը չէր ստանա վերատեղակայման հրաման Աստրախանից Կասպիյսկ, ինչը ավելի շատ կարող է ուժի ցուցադրության որոշակի մեսիջ պարունակել իր մեջ, ուղղված Ադրբեջանին։

Կարեն Ենգիբարյան