Ամառային եւ այլ գայթակղություններ

Ամառային եւ այլ գայթակղություններ

Որտե՞ղ է հանգստանում այսինչը կամ այնինչը: Իմ ու Ձեր ի՞նչ գործն է, թե որտեղ է հանգստանում նա: Բայց, պարզվում է՝ մեր գործն է: Նա հանգստանում է… չէ, այնուամենայնիվ մեզ ի՞նչ:
Բեմադրված ու պարտադրված ստորացուցիչ պարտություն՝ կապիտուլյացիոն փաստաթղթերի կնքմամբ, տասնյակ հազարավոր զոհեր, հաշմվածներ, տեղահանվածներ, տնտեսության լճացում և անկում, որպես հետևանք՝ աղքատության խորացում, Հայաստանի ապագայի անորոշություն, ինչն անզեն աչքով տեսանելի է ամենուր, այդ թվում՝ ԱԺ-ում ամենօրյա ռեժիմով ընթացող տագիկոմեդիայից:

Ահա, այս խորապատկերին լրահոսում հանդիպում են այսպիսի տեղեկություններ. «Որտեղ է կամ որտեղ են հանգստանում…», «Միմյանց սիրող ամուսիններ…» ու նման բաներ: Անպայման տեղադրվում են գայթակղիչ, տպավորիչ, հուզիչ և չգիտես՝ թե ինչ լուսանկարներ՝ գրկախառնված ու կիսամերկ, ծովի, ջունգլիների, փղերի և այլ էկզոտիկ պատկերներով: 

Անշուշտ, դա օրենքով արգելված չէ: Գուցե, որոշներին անծանոթ են «բարոյականություն», «էթիկա», ինչու չէ՝ «անձնական կյանք» ու նման այլ հասկացությունները: Օտար բարքերի արհեստական ընդօրինակումը կարող է տարակուսանք և քմծիծաղ առաջացնել: Մի բանը, որը, գուցե, ընդունելի է մի երկրում, մյուսում կարող է հակակրանք առաջացնել: Երկրներ կան, որտեղ մարդիկ իրենց ատամները սևացնում են հատուկ բույսերով: Հետաքրքիր է, ինչու՞ չընդօրինակել: Ազգային ավանդույթներին հետևելը չի կարող դիտվել հետամնացություն: Ընդհակառակը, դա հարգանքի է արժանանում օտարների կողմից: Ազգային պետության կործանման «հուսալի» ուղին ազգային արժեհամակարգի փլուզումն է:

Հիմա, նշված երույթները պետք է դիտարկել օրինականության և բարոյականության պրիզմայով. բարոյական, բայց ոչ օրինական, բարոյական և օրինական, ոչ բարոյական և ոչ օրինական, ոչ բարոյական, բայց օրինական:

Թվում է, թե նկարագրված պայմաններում իրենց գովազդող-ցուցադրողների վարքագիծը կարող է բնութագրվել որպես «ոչ բարոյական, բայց օրինական»: Բոլորովին էլ պետք չէ «ոտք գցել» Քիմ Քարդաշյանի հետ. նա ծնվել ու մեծացել է մշակութային այլ միջավայրում, ունի միլիոնավոր երկրպագուններ, ինչը վկայում է նրա գործունեության ընդունելի լինելու մասին: Մինչդեռ մեր հասարակությունը գրեթե չի ընդունում մեր շոու կամ հեռուստաաստղերի, այլ հանրային դեմքերի համանման վարքագիծը:

Բարոյական չի կարող համարվել նաև ճոխ հարսանիքներն ինքնագովազդելը և լուսաբանելը: Եթե նշանավոր մարդկանց հարսանիքի մասին է խոսքը, ապա բավարար է մի փոքր հաղորդագրություն տարածելը:

Հ.Գ. Փառք Աստծո, որ ունենք «գերզարգացած խորովածային բիզնես»: 

Գագիկ Վարդանյան