Եթե քաղաքացին ցանկանում է 15 լիտր բենզին գնել, պետք է վստահ լինի, որ 15 լիտր է ստանում․ վարչապետ

Եթե քաղաքացին ցանկանում է 15 լիտր բենզին գնել, պետք է վստահ լինի, որ 15 լիտր է ստանում․ վարչապետ

Մարտի 15-ին՝ Սպառողների շահերի պաշտպանության միջազգային օրվան նվիրված համաժողովին, այսօր մասնակցում էր նաև ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Նա իր ելույթի ընթացքում խոսեց նրանից, որ սպառողը պետք է վստահ լինի, որ իր գնած ապրանքը համապատասխանում է ներկայացված քանակին ու որակին: «Եթե քաղաքացին բենզալցակայանում ցանկանում է 15 լիտր բենզին գնել, պետք է վստահ լինի, որ համապատասխան 15 լիտր է ստանում, կամ եթե իր երեխայի համար խաղալիք է գնում, պետք է վստահ լինի, որ պետությունը հոգ է տարել, որ մեր երեխաների առողջությանը դրանք չվնասեն, և կամ՝ եթե խանութում գնում է կաթնամթերք, պետք է վստահ լինի, որ գնածն իսկապես կաթնամթերք է»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։

Նա ընդգծեց՝ չպետք է մոռանալ, թե անցած տարիներին վիճակն ինչպես է եղել, երբ երկիրը ստացավ անկախություն, հանրային առևտրի համակարգը փոխվեց, և այդ ամենը սկսել է սեղանիկներից։

«Կային ժամանակներ, երբ մեր երկրում առևտրի հսկայական ծավալ տեղի էր ունենում բառացիորեն մայթերին, և դա այն ցնցումների հետևանքներն էին, որ մեր երկիրը, և ոչ միայն մեր երկիրը, վերապրեց: Կարծում եմ՝ ժամանակները փոխվել են, և այս իրավիճակին մենք պետք է ցուցաբերենք այլ մոտեցում»,- ասաց նա՝ նկատելով, որ սպառողների իրավունքների պաշտպանությունը բացարձակ առաջնայնություն է պետության համար:

Նրա խոսքով՝ եթե մենք մայթերին մսի առևտուրը հանդուրժենք, որովհետև սոցիալական խնդիր ենք լուծում, կնշանակի, որ մենք ընդունում ենք, որ մեր երկիրը ցածր ստանդարտների երկիր է։ «Եթե մենք տեսնում ենք՝ միսը մայթին վաճառում են, և չենք կանխում, որովհետև նա սոցիալական խնդիր է լուծում, ուրեմն այդ ստանդարտի սոցապահովություն ենք պատկերացնում, ինչն այսօր հարիր չէ մեր երկրին»,- ասաց Նիկոլ Փաշինյանը։