Հեղափոխական փչոցները կապիտալացնելու փուլում ենք

Հեղափոխական փչոցները կապիտալացնելու փուլում ենք

«ՀՀ կառավարության 2018թ. հունիսի 1-ի N581-Ա որոշմամբ հաստատված ՀՀ կառավարության ծրագրի կատարման ընթացքի եւ արդյունքների մասին» զեկույցը բավականին հետաքրքիր փաստաթուղթ է: Հետաքրքիր` բազմաթիվ առումներով: Բոլոր մասնագիտությունների տեր մարդիկ` սկսած ամենահին մասնագիտությունից եւ վերջացրած ամենանորով, այդ զեկույցում իրենց համար օգտակար նյութ կարող են գտնել, եթե, իհարկե, «2018 թ. ապրիլ-մայիս ամիսներին Հայաստանում տեղի ունեցած ոչ բռնի, թավշյա, ժողովրդական հեղափոխությունը» չի անցել նրանց մասնագիտական գիտելիքների վրայով: Բանն այն է, որ կառավարության 2018 թվականի գործունեության առանցքային նպատակը հենց հեղափոխության արժեքների ամրագրումն է եղել, մինչդեռ տակավին պարզ չէ` ինչ է տեղի ունեցել նույն ապրիլ-մայիսին` «թավշյա, ոչ բռնի հեղափոխությո՞ւն», թե՞ մի ուրիշ բան: Կառավարության հրապարակած պիոներական զեկույցում թացն ու չորն այնպես են միախառնված, որ վաղվա պատմաբանների համար այն կարող է իսկական գլխացավանք դառնալ:

Ահավասիկ, գրել են, որ ԱԺ արտահերթ ընտրություններից առաջ իրենց չի հաջողվել ընդունել նոր ԸՕ-ն, որովհետեւ, վախ, վախ, վախ, ԱԺ մեծամասնություն կազմող ուժը 2 անգամ տապալել է նախագծի ընդունումը: Մենք չէինք ցանկանա, որ Նոր Հայաստանի պատմությունը գրվեր ստով ու կեղծիքով: Հետեւաբար, դեռ պետք է հասկանալ, թե ինչ կարող է նշանակել «ԱԺ մեծամասնություն կազմող ուժ» արտահայտությունը: Այդ ուժն անուն ունի՞, թե՞ դա այն ուժն է, որին մաս էր կազմում նաեւ «Ելք» դաշինքը, ու պետք էր, որ նոր ԸՕ-ն չանցնի, որովհետեւ «հեղափոխության» կողմն անցած օլիգարխները չէին կարողանալու անհատապես աջակցել ու պատգամավոր դարձնել Փաշինյանի հետ քայլած բազմաթիվ դատարկագլուխների:

Զեկույցի` պատմական արժեք ունեցող հետեւյալ տողերում կարդում ենք. «Չնայած գործող օրենսգրքի պահպանմանը՝ հավատարիմ մնալով մեկ տարվա ընթացքում խորհրդարանական արտահերթ ընտրություններ անցկացնելու պարտավորությանը՝ կառավարությունը ժողովրդի աջակցությամբ հասավ արտահերթ ընտրությունների անցկացմանը: Վարչապետը հրաժարական տվեց, Ազգային ժողովում 2 անգամ տեղի ունեցան վարչապետի ընտրություններ, որոնց միջոցով վարչապետ չընտրվեց, Ազգային ժողովն արձակվեց իրավունքի ուժով, եւ նշանակվեցին խորհրդարանական արտահերթ ընտրություններ»: Նման բան գրելու համար փաշինյանական «լայնախոհություն» էր պետք ունենալ:

Կարծում ենք` միայն «լայնախոհ» մարդը կարող էր 1-2 տողի տարբերությամբ մե՛կ բողոքել «անհնազանդ մեծամասնությունից», մե՛կ էլ զեկուցեր, որ այդ մեծամասնությունն իրեն 2 անգամ վարչապետ չընտրեց, եւ իրավունքի ուժով ԱԺ-ն լուծարվեց: Փաստորեն, այնքան էլ «անհնազանդ» չէր մեծամասնությունը: Դե իսկ հոկտեմբերի 2-ի հիստերիկ հանրահավաքի եւ ԱԺ-ն ոստիկանության ուժերով գրոհելու խայտառակ փաստին միայն Փաշինյանը կարող էր այսպիսի համեստ գնահատական տալ. «…կառավարությունը ժողովրդի աջակցությամբ հասավ արտահերթ ընտրությունների անցկացմանը»:

Զեկույցի մի քանի բաժինների վրա, թվում է, հմուտ երգիծաբաններ են աշխատել, որոնց առջեւ խնդիր է դրվել` իրականությունը ներկայացնել այնպես, որ անհասկացողները շարունակեն ապուշի պես հավատալ, իսկ հասկացողներն էլ իրենց չհասկացողի տեղ դնելով՝ հավատան մեծ-մեծ ստերին: Մեկ-երկու մեջբերում, կարծում եմ, կփարատի ընթերցողի  կասկածները: «Հետեւողականորեն իրականացվել է դատական եւ գործադիր իշխանությունների տարանջատում եւ ապահովվել է դրա (դրանց՝ Էդ. Ա.) անկախ գործունեությունը: Կառավարությունն առաջնորդվել է դատական համակարգի անկախության սկզբունքով՝ բացառելով հրահանգավորման որեւէ մեխանիզմի կամ դրսեւորման գոյությունը», «Կառավարությանը հաջողվել է ապահովել Հայաստանի Հանրապետության արտաքին եւ ներքին անվտանգությունը։ Հայաստան-Ադրբեջան սահմանին եւ Արցախ-Ադրբեջան շփման գծում արձանագրվել է լարվածության աննախադեպ անկում։ Կառավարությունը ջանքեր է գործադրել զինված ուժերի մարտունակության բարձրացման եւ Արցախի հիմնախնդրի կարգավորման բանակցային գործընթացում Արցախի սուբյեկտության մակարդակը բարձրացնելու ուղղությամբ»…

Ո՞ր մեկը թվարկես։ Գրել են` ներգաղթ ենք ապահովել, տուրիզմն ենք զարգացրել, մշակույթն ենք ծաղկեցրել, Հայաստան-սփյուռք կապերն ենք խորացրել եւ այլն, եւ այլն: Թվում է` այսօր այդ ամենի պտուղներն էին քաղելու, բայց իրականում թերեւ հակառակն է` թե՛ միջամտել են իրավապահների գործերին, թե՛ մոտեցրել են պատերազմի վտանգը, թե՛ մշակույթի ու սփյուռքի նախարարություններն են փակել, թե՛ կարողացել են ուռճացնել զբոսաշրջության եւ ներգաղթի թվերը: Դե, իսկ ՀԱՊԿ-ի ուղղությամբ ձեռնարկած քայլերի կապակցությամբ էլ ամենամեծ զավեշտն է զեկուցվել` «Հաշվետու ժամանակահատվածում քայլեր են ձեռնարկվել ՀԱՊԿ շրջանակներում իրականացվող համագործակցության հետագա խորացման ու կատարելագործման ուղղությամբ, կարեւորվել է կառույցի արդյունավետության բարձրացումը՝ ՀԱՊԿ պետությունների կողմից միմյանց հանդեպ դաշնակցային պարտավորությունների անխաթար կատարումն ապահովելու նպատակով»: Մնում է ավելացնել` խայտառակելով Հայաստանի մանդատն այդ կազմակերպությունում:

Հանուն ճշմարտության նշենք, որ մի քանի գործեր, այնուամենայնիվ, կատարել են, որոնցից մեկն էլ ժողովրդի ձայնը լսելի դարձնելն է: Այո, դա ճշմարիտ է, մեր ժողովրդի ձայնն այսօր լսելի է բոլոր կողմերից` ամենատարբեր հրապարակներից ու կառավարական շենքերի դռների մոտից, զանգվածաբար բողոքում են մարդիկ, գոռում, գոչում, պահանջում, խնդրում, աղերսում, փողոց փակում… Հեղափոխական պաշտոնյաները թռած են, ավելի ստույգ` զբաղված․ նոր զեկույցների վրա են աշխատում: