Միֆազերծման ժամանակը

Միֆազերծման ժամանակը

Արցախի ՊԲ նախկին հրամանատարի համակիրներից մեկը լրագրողին ասել է, թե գնալու են մինչեւ վերջ, տեր են կանգնելու իրենց ձայներին, քանի որ «մենք չենք կըռվալ, որ Արայիկ Հարությունյանը չթողնի իր արտերով մեր տանկերը քյան մեր հողը պաշտպանին»։ 

Խոսքը նախկին վարչապետ, «Ազատ հայրենիք» կուսակցության առաջնորդ Արայիկ Հարությունյանի մասին է: Հայտնի չէ՝ ո՞վ է հայտարարության հեղինակը: Կարեւոր էլ չէ: Ամեն ինչ պարզ է՝ ՊԲ նախկին հրամանատարի շրջապատը որոշել է անվանարկել Արայիկ Հարությունյանին: Այդ մարդիկ, սակայն, հաշվի չեն առել երկու կարեւոր իրողություն: Նախ, Արայիկ Հարությունյանը 17 տարեկանում կիսատ է թողել ուսումը Երեւանի տնտեսագիտական համալսարանում, վերադարձել Ստեփանակերտ եւ կամավորագրվել է Արցախի ինքնապաշպանության ուժերին: Ունի անցած մարտական ճանապարհ եւ ոչնչով պակաս չէ, գուցե թե անգամ շատ առավել է նրանցից, որ այսօր հանդես են գալիս որպես կռված տղաներ: Երկրորդ, ապրիլյան պատերազմում տանկերի եւ արտերի մասին այդ նողկալի սուտը ժամանակին հրապարակայնորեն հերքել է հրամանատար, գեներալ Միքայել Արզումանյանը, ով վերջերս նշանակվեց ՊԲ հրամանատարի տեղակալ: 

Այդ օրերին Արայիկ Հարությունյանը գլխավորել է կառավարությունը, եղել բանակին օգնության կազմակերպման հանրապետական շտաբի պետ: Իսկ որտե՞ղ էին «մենք կըռվալ ենք» ասողները՝ հայտնի չէ: Ասում են՝ ոճը մարդն է: Արայիկ Հարությունյանի մասին հերյուրանքներ տարածողը հաստատում է այդ ճշմարտությունը. քաղաքական, գաղափարական մրցակցության բոլոր ռեսուրսներն սպառվել են, մնացել է մի հնարավորություն՝ ստել եւ կեղծախոսել մինչեւ վերջ: Գուցե մի քանի հավատացողներ գտնվեն: Բայց դրանից իրավիճակ չի փոխվի: Առասպելը, թե Արցախի ժողովրդի գերակշիռ մեծամասնությունը սրտի թրթիռով է սպասում ՊԲ նախկին հրամանատարի վերադարձին, մեկ ամսից ավելի տեւող ստորագրահավաքի ընթացքում, չնայած գործադրված եւ գործադրվող ահռելի ջանքերին եւ ներդրված միջոցներին, հիմնավորապես պսակազերծվել է: Բացարձակ փոքրամասնություն կազմող խմբավորումն ի՞նչ է կանխածրագրում՝ իրենց իմանալիքն ու անելիքն է: Աներկբա է մի իրողություն՝ Արցախի ժողովրդի ջախջախիչ մեծամասնությունը մերժում է «մենք կըռվալ ենք» թեզը: Քանի որ ամեն ինչ տեղի է ունեցել մարդկանց աչքի առաջ: Եւ նրանք գերազանց գիտեն, թե ով ով է, ինչ եւ ինչպես է արել: Եւ ովքեր են կռել պատերազմի իրական հաջողությունները: Եկել է ոչ հեռավոր անցյալի միֆազերծման ժամանակը, եւ Արցախի նախագահական ընտրությունները ծանրակշիռ վերջակետ կդնեն պատմության առասպելացման վրա: