Հեղինակն իր գրքի մասին

Հեղինակն իր գրքի մասին

«Ես աշխարհ եմ: Բայց աշխարհը ես չեմ»:
Դանիել Խարմս 


Ինչ ուզում եք ասեք, ինչ կուզեք մտածեք, բայց ես կարծում եմ, որ ինձանից լավ ոչ մեկն ինձ չի ճանաչում և իմ «ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ» գիրքն ինձանից լավ ոչ մեկը  չգիտե: Ուստի որոշեցի ինքս էլ գրեմ իմ գրքի մասին:    
    Ես շատ եմ ցանկացել ինձ հասկացող զրուցակից գտմել, սակայն երբ չեմ գտել` ինքս եմ դարձել իմ զրուցակիցը և գրել այս գիրքը:
Գիրքս ունի մի քանի գլխավոր հերոսներ, դրանցից մեկին կոչում եմ ԺԱՄԱՆԱԿ, որի մեջ պատանդի կարգավիճակով հայտնված է մարդը: Ժամանակի ներկա, անցյալ, ապառնի եռաչափության մեջ մարդու մտքերը, խոկումները, մեղքերը շարունակում են գերության մեջ պահել նրան: Տիեզերքի անսահմանության մեջ, կյանքի ալեբախումների հորձանուտում նա անղեկ նավակի պես տարուբերվում է՝ «ԺԱՄԱՆԱԿ» տարերքի ուժին հանձնված:  

    Ինձ միշտ թվացել է, որ բոլոր ժամանակներում էլ այս աշխարհում մարդկանց մեջ ապրել են չբացահայտված այլ ուժեր կամ «այլմոլորակայիններ», որոնք նրանց ուղղորդել  են դեպի «ՄԱՐԴ-ԱՍՏՎԱԾ» դառնալու նոր ուղեծիր, սակայն նրանք, չգիտես ինչու, միշտ շեղվել են:
Գրքիս  «ԿՌԱՊԱՇՏՆԵՐԸ»  գլխագիրն  ամենևին  էլ սրտովս չէ: Շատ կուզենայի հրաժարվել դրանից: Կհրաժարվեի, եթե «ԿՌԱՊԱՇՏ ՄԱՐԴԸ» նույնպես հրաժարվեր ամենօրյա իր անօրեն վարքից, ծփուն ախտերից, գաղտնի հույզերից, սքողված դավերից: Գիտեմ՝ կամովին չի կարող հրաժարվել, քանզի դա նրա էությունն է, արյան բաղադրությունը և ոսկրածուծի հատկությունը: Ուստի համարում եմ, որ գլխագիրը պետք է թողնել նույնը, և կռապաշտներին   հակադրել մեր քրիստոնեական խաղաղասիրության ու հայկական բարեսրտության  շուրջօրյա  ցույցերը: Քրիստոնեության մասին խոսելիս հիշում եմ  Պրոեռեզիոս անունը կրող հին աշխարհի լեգենդար փիլիսոփային (276-368), որն իր հայրենիքում՝ Հայաստանում ճանաչված էր Պարույր Հայկազն անունով: Ի դեպ, Պարույր Հայկազնի  հուշարձանն իր կենդանության օրոք բարձրացել էր Հռոմի հրապարակներից մեկում՝ «Աշխարհի քաղաքների թագուհուց՝ ճարտասանության թագավորին» մակագրությամբ: Քրիստոնեության մասին նա ասել է. «Փիլիսոփայությունը քրիստոնեության հիմնավորման միակ ճանապարհն է»: Ահա թե ինչու քրիստոնեության մասին խոսելիս իմ գրքում ես հաճախ եմ տուրք տվել փիլիսոփայական դատողություններին: Սակայն քրիստոնեությունը ոչ միայն փիլիսոփայություն է, այլև գլխավորապես  արժեհամակարգ՝ բարոյականության իր սկզբունքներով և ավանդույթներով:

     Փորձել եմ գիրքս շարադրել պարզ, անպաճույճ ոճով: Չեմ ցանկացել «անուն հանած» մերօրյա գրիչների և Հին աշխարհի մոգերի ու քրմերի պես խոսել հանելուկներով, անվերծանելի այլաբանություններով, նրանց պես իմ ուղեղի արտադրանքն արդարացնել երկնքի Տիրոջ ներշնչանքով և երկրի տերերի բարեշնորհներով: Եթե անգամ տուրք եմ տվել, ամենևին էլ մտացածին չի եղել:     
Գիրքս ունի մի քանի գլխավոր հերոսներ, դրանցից մեկին կոչում եմ ԺԱՄԱՆԱԿ, որի մեջ պատանդի կարգավիճակով հայտնված է մարդը: Ժամանակի ներկա, անցյալ, ապառնի եռաչափության մեջ մարդու մտքերը, խոկումները, մեղքերը շարունակում են գերության մեջ պահել նրան: Տիեզերքի անսահմանության մեջ, կյանքի ալեբախումների հորձանուտում նա անղեկ նավակի պես տարուբերվում է՝ «ԺԱՄԱՆԱԿ» տարերքի ուժին հանձնված:

Այնուամենայնիվ՝ գիրքս առավելապես խոհագրություն է, ծնված լուսադեմի՝ երազելի և ըղձալի, լուսեղեն ու հուսավառ և վերջալույսի՝ մերթ զայրացկոտ ու մաղձոտ, մերթ մթամած ու հուսաբեկ խոհերից: Դրանք իմ և Ձեր խոհերն են, հարգելի ընթերցող, էկզիստենցիալ տագնապներն ու վախերը: Էկզիստենցիալ վախերն անհայտության, անորոշության զգացումներն են, որոնք մենք չենք տեսնում և ընկալում: Որպես մեկնություն իմ այս դատողության ներկայացնեմ այս պատմությունը: Մի բռնակալ իր գերիներին առաջարկում է ընտրել երկուսից մեկը՝ կախաղանը կամ փակ դուռը, որի ետևում հայտնի չէ՝ թե ինչ է գտնվում: Գերիները ընտրում են կախաղանը: Ոչ մեկը դուռը չի ընտրում: Իսկ դռան ետևում ազատությունն էր, որի մասին նրանք չգիտեին: Ուրեմն մեր գիրքն անհայտության, անորոշության, մահվան սարսափի և փրկության կորստի վախերի մասին է: Նաև մեր կռիվների, իմ և Ձեր սրտերի և գլուխների կռիվների մասին է, ինչը հաճախ ավարտվում է մեր ստամոքսների հաղթանակով:
   Գիրքս նաև հուշագրություն է, որտեղ կան իրենց իսկական անուններով հիշատակվող ու չհիշատակվող մարդիկ, ովքեր արարումի և ավերումի այս թատերաբեմում խաղացել են իրենց դերերը, թողել հիշարժան և անհիշարժան հետքեր ու հետագծեր: Հետագծեր ունեցողները, որ ապրում են այս աշխարհում, թող ապրեն խաղաղությամբ, քանզի մինչև վարագույրի փակվելը նրանք դեռ լսելու են հանդիսատեսի չդադարող ծափերն ու փառաց գովքերը: Իսկ մյուսները, որոնք հետագծեր չեն թողել, տեղափոխվել են ուրիշ աշխարհ, մենք նրանց անունները չենք նշում, թող ննջեն խաղաղությամբ, քանզի վարագույրը փակվելուց հետո էլ նրանց սերունդները լսելու են հանդիսատեսի չդադարող անեծքներն ու նզովքները:
  Եթե նկատեցիք, ես իմ մասին հոգնակի դեմքով եմ խոսում: Երևի դա երկար տարիներ խմբագիր աշխատելուց է: Ինչպես Մարկ Տվենը կասեր. «Խմբագիրներին և ասկարիդով հիվանդներին թույլատրվում է իրենց մասին խոսել հոգնակի դեմքով»: Նրանք իրենց հոգին ու մարմինը կրծող որդից բաժանվելու այլ միջոց չունեն, քան գիրք գրելը, թերթ հրատարակելը, հաղորդումներ ստեղծելը:

Անկեղծորեն խոստովանեմ, որ հնարավոր չեղավ գտնել որևէ մի ուրիշ գիրք, որն ինձ ավելի շատ բան սովորեցներ, քան այն կյանքը, որը ես ապրել եմ, և այս գիրքը, որը գրել եմ: Ես կարծում եմ, եթե մարդու մուտքը մեկ այլ աշխարհից այս աշխարհ ուղեկցվում է նրա ճիչով, այդ ճիչը աշխարհաճանաչման առաջին արձագանքն է նրա: Այն պահից, երբ կտրում են նրա այն մյուս աշխարհի  հետ կապող պորտալարը, ու դադարում է նրա ճիչը, սկսվում է նրա ինքնաճանաչողությունը: Որքան իրարից հեռանում են աշխարհաճանաչողությունն ու ինքնաճանաչողությունը, այնքան նրա աշխարհը, հակառակի պես, խորթանում, հեռանում է իրենից, և, ի վերջո, ՄԱՐԴԸ ստիպված փոխում է ժամանակավոր գրանցման իր հասցեն՝ մշտական գրանցվելով իրեն հատկացված վերջին բնակավայրի՝ երրորդ աշխարհում: Ոչինչ պատահական չի կատարվում, այստեղ միստիկա չկա: Ճակատագիր չկա առհասարակ, կան  լոկ պատճառներ և հետևանքներ: Տիեզերքում կա նաև էներգիայի մեկ հիմնական տեսակ. բարձրագույն, գիտակցական, մտավորական Ուժ, որը համակարգում, ուղղորդում և հավասարակշռում է տիեզերքի ողջ շարժումը:  

Այդ Ուժի ճանաչողությունը, որն այլ կերպ կոչվում է նաև աշխարհաճանաչողություն, թույլ է տալիս մարդուն ճանաչել նաև իրեն և հմտորեն օգտագործել տիեզերքի ուժերն իր գործունեության ընթացքում: Գոյություն ունի տիեզերքի բնածին մեխանիզմ, որի ուժերը սնվում են մարդով, ազդելով նրա կյանքի բոլոր կացությունների վրա: Սակայն հաճախ ստացվում է, որ մարդն ինչքան շատ գիտի այնքան քիչ է հասկանում իրենից և աշխարհից: Մարդն ակամա դրվում է գիտությանը, սակայն ի վերջո հասկանում է, որ գիտությունն անսահման երկար է, կյանքը՝ շատ կարճ: (Ars longa, vita brevis est): Կրկնում եմ` այստեղ ոչ մի հակադրություն, միստիկա կամ մոգություն չկա, դրանք ոչ մի կապ չունեն սնոտիապաշտության  և կախարդանքի հետ:  Մարդը որքան շատ է ճանաչում աշխարհն ու իրեն, այնքան խորն է թաղվում անվերջ կասկածների ու անհուսության մեջ: Եվ ճանաչելու, իմանալու նրա ծարավը երբեք չի հագենում:

Ամեն օր ավելացնելով իր գիտելիքներն ու իմացությունը բանական մարդ արարածն աննկատելիորեն հեռանում է ինքն իրենից, իր «ես»-ից և ձուլվում, տարրալուծվում է բազմության զանգվածի մեջ,  զանգված, որը որպես իր ճշմարտացիության առհավատչյա ստեղծել է«Ձայն բազմաց, ձայն Աստծո» կարգախոսը: Անհատապապես դրան ոչ ոք չի հավատում:
    Նա, ով վաղ հասակից հրաժարվել է իր «ես» -ից, իր անհատական մտածողությունից, կորցրել սեփական դեմքը, գործել  է այնպես , ինչպես պահանջել  է մեծամասնություն կոչված զանգվածը, միայն նա է կարողացել դառնալ  լիդեր կամ առաջնորդ, սակայն նրանից ավելին պետք չի սպասել, քան մեծամասնության «հոտային» բնազդների պահանջներին ուղղված ծրագրերի իրագործումները, որոնք հաճախ անբնական ու ստերեոտիպային են, հանրամատչելի, հեշտ թվացող, սակայն նաև հեշտությամբ էլ մոռացվող: Նա, ով գործի մեջ ճանաչել է իրեն և դրա շնորհիվ լավ է հասկանում ուրիշներին, հաճախ սահմանափակված է իր գործողություններով, քանի որ ըստ ընդունված կարգի որպես լիդեր միջակներն են առաջ քաշվում: Հիմա հարգի են «ոսկե հորթը» և ծրագրավորված մարդկանց ուռցրած, սուրոգաթ կարծրատիպերը: Այլևս գոյություն չունեն ոչ Ապոլոնի  դելֆյան տաճար, ոչ էլ նրա իդեալները: Գլխավորն այստեղ մարդ անհատի ոչնչացումն է, և կուսակցություն կամ խմբակցություն ընդհանրության վերակերտումը: Եթե չի ծնվում մարդ անհատը, չի ծնվելու նաև բազմության իսկական Առաջնորդը: Իսկ «Առաջնորդ» կարգվածն էլ իր միջակ ընդունակություններով  ստեղծում է օրենքներ և օրենսդրություններ, հազար ու մի  ինստիտուտներ՝ անձնակազմով ու շարժակազմով, որոնք ծառայելու են միայն մի  կարգախոսի «Իշխողը պիտի իշխի, չիշխողը՝ ենթարկվի»: Սրանք են ժամանակակից կռապաշտության օրակարգն ու սխեման: Եվ հենց սրանց  մասին էլ փորձել ենք  շարադրել  մեր դատողություններն ու մտահոգություններն այս գրքում:
     Մարդն իր ժամանակի պատանդը լինելով` չի փորձել ազատագրվել իր կարգավիճակից: Փորձելու դեպքում էլ արժանացել է իրպեսների ծաղրին կամ նվաստացումին: Աշխարհի սահմանը  նրա մտքի սահմանն է, դրանից անդին անսահմանությունն է, որին նա չի ցանկանում ճանաչել: Նա նման է անտառում մոլորված միայնակին, որը շփոթմունքի մեջ ընկած չկարողանալով գտնել դուրս գալու ճանապարհը, հաշտվում, հարմարվում է իր վիճակի հետ, որին հաճախ ճակատագիր է անվանում: Ճակատագիր չկա, կա լոկ պատճառ ու հետևանք: Ոչինչ պատահական չի կատարվում: Ճշմարիտ մոգությունը ոչ մի ընդհանրություն չունի սնոտիապաշտության ու կախարդանքի հետ: Ինչպես կասեր Ջոն Բեյնսը  «Իսկական մոգը Տերն է իր ներաշխարհի և ընդունակ է ազդել շրջապատի վրա. Ինչպես վերևում է, այնպես էլ ներքևում : Ինչպես ներսում է, այնպես էլ դրսում»: 
Տարօրինակ է, մարդն որքան շատ գիտի,  այնքան քիչ է հասկանում:  
Ջոն Բեյնսը կամ Դարիո  Սալասը` հնագույն հերմետիզմի ուսմունքի հետևորդներից մեկը գրում է  «Մենք այնքան շատ ենք կախման մեջ ուրիշների կարծիքից, որ թույլ ենք տալիս ամբոխին լինել մեր պահվածքի դատավորն ու մրցավարը: Մենք ամեն բան զոհաբերում ենք, միայն թե մեզ համարեն «այնպիսին, ինչպիսին բոլորն են»: Մենք ձգտում ենք համընդհանուր ճանաչման՝ ինչպես պարգևի, վախենում ենք տարբերվել մյուսներից, քանի որ դա հասարակության կողմից արձագանքի է արժանանում՝ անվստա հություն, տհաճություն, կասկած: Արդյունքում մենք անխուսափելիորն վերածվում ենք միատարր մասսայի մասնիկի և դա մեզ վստահություն է ներշնում մեր հանդեպ, այն զգացողությունն է տալիս, որ մեզ ընդունում ու սիրում են, թեև միևնույն ժամանակ մեզ կեղեքում է միայնության զգացումը, ներքին տագնապը և սեփական նույնականության պակասը»:
«Հոմո սապիենս»-ն իր գիտելիքների ընդլայնման համար մեծ ջանքեր է ներդնում, բայց հենց այդ պատճառով ավելի ու ավելի է թաղվում անլույս կասկածների ու անհուսության մեջ:
 Գիտելիքների ծարավով համակված` նա ողջ կրքով տրվում է աշխարհաճանաչողությանն ու ինքնաճանաչողությանը, բայց նա առասպելական ստորգետնյա Տանտալոսյան տանջանքներով  անզոր է հագեցնել իմացաբանության անտոչոր իր ծարավը:
  Մարդկանց մեր օրերում ահաբեկում են ատոմային, ջերմամիջուկային աղետներով: Սակայն ամենակործանարար աղետը մարդու մտքի աղետն է: Հին աշխարհում ամենադաժան պատիժը` մարդուն ստամոքսի «արտադրանքից» ազատվելու հնարավորությունից զրկելն է եղել: Մեր օրերում մարդուն զրկում են ուղեղի «արտադրանք» մտքի, այսինքն` խոսքի ազատությունից: Կան թեմաներ, որոնց մասին մարդը մտածում է, սակայն դրանց մասին գրել կամ խոսել չի կարող, որովհետև դրանք արգելքի տակ են: ԼԳԲՏ-ի  մասին գրել կամ խոսել՝ ընդունված չէ, չենք կարող:Իսկ մտածե՞լ, մտածելն արգելող որևէ գրված և չգրված օրենք, փառք Աստծո, դեռևս չկա:Մտքի քարացածությունից, դոգմատիզմից են ծնվում ամենասարսափելի աղետները, ուստի ես էլ Նիցշեի նման պիտի կրկնեմ. «Հենց որ խելամտությունն ինձ ասում է. «Մի' արա  դա, սխալ կմեկնաբանվի», ես միշտ վարվում եմ նրան հակառակ»: Ես զգում եմ, որ խելամտությունն այս դեպքում  ծառայում է ոչ թե ինձ, այլ ուրիշին, ինձ պետք չէ, որ խելամտության ձայնին անսալով, Սալդիկով Շչեդրինի ՛՛Իմաստուն ծանծաղուկի՛՛ պես լողամ միայն ծանծաղուկում, տիղմերի մեջ, որ եթե հանկարծ գլուխս դուրս հանեմ՝ բաժին չդառնամ շնաձկներին:  Կարծում եմ՝ մարդն էլ ձկան պես պիտի սովորի լողալ նաև ջրի հակառակ հոսանքով, քանզի  միայն սատկած ձկներն են լողում հոսանքի ուղղությամբ:    
 Ամեն մարդ հաշվառման է ենթակա այս աշխարհում, ունի իր ժամանակավոր գրանցման վայրն այս և մշտականը` այն աշխարհում:
Այստեղ ես պատմում եմ ժամանակավոր գրանցման իմ վայրի՝ Հայաստանի մասին, որտեղից  էլ սկսվել է իմ աշխարհաճանաչողությունն ու ինքնաճանաչողությունը: Այս գրքում ամեն ինչ պտտվում է իմ ու իմ Հայաստանի և հայի շուրջ: Մենք բոլորս լրացնում ենք միմյանց: Ինչ էլ խոսում, մտածում, արարում եմ՝ իմ «ես»-ի և ինձ շրջապատող աշխարհի մասին է: Ուրեմն այս գրքի գլխավոր հերոսները նաև ես եմ,  իմ Հայաստան աշխարհն է և իմ հայը՝ իրարով փոխկապակցված, միմյանցով պայմանավորված,  մեկմեկու և իրարու միահյուսված: Սա հայտնություն չէ, կարծում եմ՝ աշխարհի բոլոր հեղինակներն էլ իրենց «ես»-ի և իրենց շրջապատող աշխարհի մասին են  գրքեր գրում: 
     Գուցե թե հարց առաջանա՝ ինչու հայերին «Աստվածաշունչ» եմ համարում: Այս մասին գրքում՝ հատուկ գլխագիր կա: Հավելեմ, եթե ուրիշ ազգեր կամ ազգային միավորներ իրենց գլխավերևում՝ որպես իրենց անվտանգությունը հսկող ուժ ունեն հակաօդային պաշտպանիչ համակարգեր, «կագեբե» կամ «ցեռեու»,  հայն իր մեջ և իր գլխավերևում միշտ ճանաչել է միայն Աստծուն, իր արարումների և չարարումների համար պատասխանատու է Աստծո առաջ և ինչ էլ ձեռնարկել է, ասել է` «Առաջ Աստված»: Սա, իհարկե, նրա հարևանների «Ալլահ աքբարի» հետ պետք չէ շփոթել:  

 Այնուամենայնիվ, ովքեր են այդ մարդիկ, որոնց մենք մի բառով անվանում ենք` «կռապաշտներ»: Իսկական իմաստով կռապաշտներ են համարվել հեթանոսները: Փոխաբերական իմաստով` նրանք անխիղճ, անաստված, կծուծ և դաժան, մի խոսքով հակակրելի մարդիկ են, որոնք շրջապատում են մեզ, մեզ են կառավարում, առանձին դեպքերում նույնիսկ մենք ենք նրանց կառավարում, մեզ օտար, երբեմն մերձավոր   մարդիկ են, և պարզվում է, որ մենք ինքներս էլ կարող ենք ուրիշների համար դառնալ «կռապաշտներ»: Չտեսնել, չճանաչել, չզգուշանալ, չազատվել  նրանցից՝ մենք իրավունք չունենք, հակառակ դեպքում աշխարհը կթաղենք կռապաշտական աղետալի «տարտարոսի»  մեջ, որից դուրս գալու մեր բոլոր փորձերն ապարդյուն կդառնան: Այս գրքում ես փորձում եմ ինչ-որ չափով գոնե ճանաչելի դարձնել  այսպես կոչված «կռապաշտիզմի» մեջ հայտնված մարդուն, թող այդպես կոչվի այն, քանզի կարծես այն նույնպես վերածվում է դավանանքի, ուսմունքի, ինչպիսին  ժամանակին մարքսիզմ-լենինիզմն էր, որը հետո նույնպես դարձավ անաստվածային, այսինքն` կռապաշտական:
     Իմ գրքի գլխավոր թերությունն այն է, որ չի հասկացվում կամ դժվարանում ես որոշել ստեղծագործությանս ժանրը՝ հուշագրություն, հրապարակագրություն, խոհագրություն (էսսե), պատմագրություն, և չգիտեմ՝ ուրիշ ի՞նչ է: Առաջին հայացքից կարող է թվալ, թե մի քանի ժանրերի, գաղափարների կամայական, անսկզբունք միացում է, ինչն ընդունված է էկլեկտիցիզմ անվանել: Բայց մի՞թե որևէ ժանրին պատկա նելը պարտադիր է: Կարծում եմ՝ չեն սխալվում նրանք, ովքեր գտնում են, որ գրական գործն ըստ ժանրերի, ինչպես և մարդուն ըստ տեսակների բաժանելը պայմանական է: Մարդիկ նույնպես լինում են բարի և չար, ժրաջան և ծույլ, խիզախ ո ւ անարի, և հաճախ այդ բոլորը տարբեր ժամանակներում և իրադրություններում  համատեղվում են  հենց նույն մարդու մեջ։
     Ավելի ճիշտ կլինի գրքին, ինչպես և մարդուն ներկայացվող որպես գլխավոր պահանջ համարենք  գեղարվեստորեն հետաքրքիր և գաղափարապես օգտակար լինելը: Այս գիրքը գրելիս հենց դրանցով եմ առաջնորդվել: Չգիտեմ, գուցե նաև թերություն է, որ ծավալով մեծ է կամ փոքր չէ: Իսկ այդ թերությունը, թերևս նաև առավելությունը կզգացվի միայն կարդալուց հետո: Միով բանիվ` ողջ լերուք: 

Մնացական ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ