Եվ եղավ այնպես

Եվ եղավ այնպես

Եվ եղավ այնպես, որ Պետրոսն ասաց Մեդիային․ «Ես անսասան կմնամ իմ հավատի մեջ»։ Իսկ Մեդիան, տխուր հայացքը պտտելով որոշ լրատվական դաշտերի ամայի հեռաստանների վրա, ասաց․ «Դու մինչեւ լուսաբաց՝ մինչեւ աքաղաղների կանչելը, երեք անգամ կուրանաս ճշմարտությունը»։ Եվ եղավ այնպես, որ կատարվեց Խոսքը, եւ Պետրոսն ստացավ լրատվականի ղեկավարի պաշտոնը Հանրային հեռուստատեսությունում։ Եվ Հանրայինի տնօրեն տիկին Գրիգորյանն ասաց․ «Դու վեմ ես, Պետրոս, եւ ես քո վրա կկառուցեմ իմ լրատվության եկեղեցին»։
Իսկ «Կենտրոնում» Պետրոսին փոխարինեց հրեշտակի անունով մի աղջիկ, որ ամենեւին հրեշտակ չէր, եւ որ «Կենտրոնի» ուրվագծերը հազիվ էին երեւում մշուշների միջից։ Հրավիրում է, գալիս են ինչ-որ նախկիններ, որոնց չար երազի պես աշխատել էինք մոռանալ ՀՀՇ-ի՝ իրենց ժամանակվա ցոլքերի հետ։ Օրինակ, երեկ նախկին մի նախարար էր հրավիրված եւ անվտանգության ծառայության նախկին մի աշխատակից։ Ընդհանրապես, հրեշտակի անունով աղջկա մարտավարությունը սա է․ կա՛մ հրավիրյալ երկյակից մեկն անհմուտ մի իշխանամերձ է լինում, կա՛մ․․․ մի լռող։ Անհմուտ իշխանամերձի դեպքում հրեշտակի անունով աղջիկը չի ընդհատում այդ երկուսից լուտանք թափողին՝ հնարավորություն չտալով խոսել անհմուտ իշխանամերձին, երբեմն կեսից անցնում է լուտանք թափողի կողմը, եւ «խեղդում» են այն մյուսին։ Կամ՝ այն մյուսը երեկվա նախկին նախարարի պես լռում է, իսկ այն մյուս մյուսն ասում է, ինչ սիրտն ուզում է՝ գրեթե հասնելով հայհոյանքի խրամատներին։ Անո՛ւն տանք։ Պարոն Գուրգեն Եղիազարյան, ասում են՝ Դուք բանաստեղծություններ եք  գրում, իսկ բանաստեղծություն գրող մարդը պիտի որ լավ մարդ լինի։ Այն, ինչ Դուք ասում եք (բովանդակությունը), Ձեր գործն է, դրա համար մի օր պատասխան կտաք Ձեր խղճի առջեւ (իսկ այժմ ասածի համար պատասխան տալու ուրիշ վտանգներ չկան, «Ա1+» փակողը հիմա ինքն է փակված․․․)։ 

Խոսքը խոսելու ձեւի մասին է։ Դուք եւ ուրիշ շատերը երկրի ղեկավարի մասին խոսելիս հա՛ ասում եք՝ Նիկոլը, Նիկոլը․․․։ Որ մեկը Ձեզ ասի՝ Գուգո, չե՞ք նեղանա․․․ Եղբա՛յր, Փաշինյանը համատիրության տնօրեն չէ, հարգանք, կրթություն ունեցեք։ Երկրի առաջին դեմքն է, դա նույնն է, ինչ մեկը Վեհափառին ասի՝ Գարիկ (մեղա քեզ, Տեր)։ Փաշինյանի անունը Դո՞ւք եք դրել, թե՞ պորտը Դուք եք կտրել։ Բաքվում որ մեկը Ալիեւին Իլհամ ասի, կկոխի նավթահորը․․․ Ջհանդամին-գյոռին (Իլհամի անունը տվեցի՝ ենթագիտակցորեն թուրքերենը «գիծ մտավ»), թե ինչ եք ասում, բայց ասեք կիրթ, առանց հայհոյանքի խրամատներին հասնելու, թե չէ՝ գիտե՞ք ի՜նչ քրֆողներ կան «հակառակ ճամբարում»․․․ Չասեք, թե իշխանամետություն՝ «իշխանամտություն» եմ անում, որ անող լինեի, մի «տելեվիզրի» էկրանից էլ ես խոսելիս կլինեի․․․

Կամ՝ մի ուրիշ բան։ Երկու պատգամավոր՝ մեկը քայլական, մյուսը՝ բարգավաճ, ի՜նչ ասես ասում են իրար հասցեի եւ ի՜նչ բառապաշարով։ Երեկ Ֆեյսբուքով ուզում էի գրել (վերջերս եմ գրանցվել, օգտվելու ձեւն էլ դեռ կարգին չգիտեմ)․ «Վա՜յ ձեր ղեկավարած երկրին․․․», բայց էլի չգրեցի․․․ Քայլը ոտքերի գործառույթ է։ Ոտքերն ուրիշ գործառույթ էլ ունեն, իմա՝ աքացի։ Ոմանք ասում են՝ ժամանակն է, որ «Իմ քայլը» վերանվանվի՝ «Իմ աքացին»։ Էդ քֆրտողներին եմ ասում․ որ շատ բզբզեք, այդ մռայլ բանը կարող է իրականանալ, իսկ դա՝ մեկը ես՝ չեմ ցանկանում․ հազար ու մի դարդի տեր ժողովուրդ ենք, դրա ռեսուրսը չունենք։

Զավեն ԲԵԿՅԱՆ