Որոշումն օրինական և հիմնավոր էր․ դատախազը՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշման մասին

Որոշումն օրինական և հիմնավոր էր․ դատախազը՝ Մանվել Գրիգորյանին կալանավորելու որոշման մասին

Վերաքննիչ քրեական դատարանն այսօր դատավոր Արսեն Նիկողոսյանի նախագահությամբ   հրապարակեց ԱԺ նախկին պատգամավոր Մանվել Գրիգորյանի խափանման միջոցի վերաբերյալ որոշումը։ Ըստ այդ որոշման՝ գեներալի նկատմամբ խափանման միջոց ընտրվեց կրկին կալանավորումը։

Դատախազ Վահագն Մուրադյանը լրագրողների հետ զրույցում  հայտնեց. «Մեր բողոքը բավարարվեց, ընդհանուր իրավասության դատարանի դատական ակտը բեկանվեց, և Մանվել Գրիգորյանի նկատմամբ այլընտրանքային խափանման միջոց գրավի կիրառումը ճանաչվեց անթույլատրելի»։

Հարցին, թե ինչպե՞ս է գնահատում դատարանի որոշումը, նշեց՝ որոշումն օրինական և հիմնավոր էր։

Նշենք, որ Երեւան քաղաքի ընդհանուր իրավասության դատարանը դեկտեմբերի 21–ին որոշում է կայացրել 25 մլն դրամ գրավի դիմաց ազատ արձակել գեներալ Մանվել Գրիգորյանին։ Այս որոշումը դատախազությունը բողոքարկել էր Վերաքննիչ քրեական դատարանում։ 

Հիշեցնենք, որ Մանվել Գրիգորյանը ձերբակալվել է հունիսի 16-ին, ապա երկու օր անց կալանավորվել։ Նա մեղադրվում է մի խումբ անձանց հետ նախնական համաձայնությամբ ապօրինի կերպով հրազեն, ռազմամթերք ձեռք բերելու և պահելու, ինչպես նաև՝ մի խումբ անձանց հետ յուրացման եղանակով իրեն վստահված առանձնապես խոշոր չափերով գույքը հափշտակելու համար։