Մենք գունագեղ տոնակատարություններով ուրախանալու սիրտ չունենք

Մենք գունագեղ տոնակատարություններով ուրախանալու սիրտ չունենք

Օրեր առաջ կառավարության նիստում Նիկոլ Փաշինյանը հայտարարեց, որ սեպտեմբերի 21-ին Հայաստանի Հանրապեության անկախության 30-ամյակը պետք է նշել մասշտաբային եւ գունագեղ տոնակատարությամբ, որն «առաջին հերթին նվիրված է լինելու Հայաստանի անկախության, անվտանգության, ինքնիշխանության եւ Արցախի համար իրենց կյանքը զոհած մեր նահատակների հիշատակին»։ Այս հայտարարությունը, ինչպեսեւ սպասելի էր, հերթական անգամ բորբոքեց հասարակության կրքերը։

Օձունի հոգեւոր հովիվ Տեր Վրթանես Բաղալյանի կարծիքով՝ անկախության 30-ամյակի լավագույն նվերը կարող են լինել հզոր բանակը, բանակի վերակազմավորումն ու ոգու բարձրացումը․ «Եթե մեր պետությունը միջոցներ ունի որեւէ բան նշելու, կուզենք, որ այդ միջոցներն ուղղեն բանակաշինության ոլորտին, որովհետեւ պետության հիմքը հզոր բանակն է, որը միակ երաշխավորն է մեր ազգի անվտանգության։ Այսօր մենք անվտանգային լուրջ խնդիրներ ունենք հարեւան պետության հետ՝ սահմանների անվտանգության հարց կա, եւ եթե միջոցներ ունենք որեւէ բան նշելու, թող այդ միջոցներն ուղղեն բանակի հզորացմանը, սահմանում դիրքերի կահավորմանը»։

Տեր հայրն ասում է` քանի որ այսօր (երեկ) Սուրբ խաչի մեռելոց է, ապա կարող էր այն ոչ աշխատանքային լինել, որ հանուն հայրենիքի զոհված հազարավոր մեր եղբայրների շիրիմներին այցելողներն աշխատավայրում խնդիրներ չունենային։ «Պետական կառույցներում աշխատողներից շատերը վախենում են սրա մասին բարձրաձայնել, բայց կուզեին այս օրով Եռաբլուր գնալ, պանթեոններ, այցելել զոհվածների եւ իրենց անցավորների շիրիմներին, այս մեռելոցը պետք է ոչ աշխատանքային լիներ։ Չգիտեմ՝ կառավարությունը ինչու նման որոշում չկայացրեց»,- ասում է տեր հայրն ու նշում՝  շատ կցանկանար, որ մեր կառավարությունը ճիշտ որոշումներ կայացներ, եւ միջոցների անիմաստ վատնում չլիներ․

«Գունագեղ տոներ նշելու տրամադրություն ես՝ ինքս, չունեմ եւ կուզեմ, որ այսօր իմ սահմանին կանգնող ժամկետային, պայմանագրային զինծառայողները լավ կահավորված, անվտանգ դիրքերում մնան, պետք է այդ միջոցներն ուղղվեն մեր բանակի բարոյական, նաեւ ռազմատեխնիկական կորուստները վերականգնելուն։ Այս խնդիրն առավել քան հրատապ է։ Նաեւ տեսնում եմ, որ մեր հասարակության մեծ մասը՝ զոհվածների ընտանիքները, քույրերը, եղբայրները, դեմ են նման միջոցառմանը, որ իրենց զավակի, եղբոր հիշատակը նման կերպ նշվի։ Կարծում եմ՝ մեր հասարակությունը հիմա այդ սիրտն ու հոգին չունի, եւ մանավանդ չի կարելի հասարակությանն ինչ-որ գունագեղ միջոցառումներով շեղել դառը իրականությունից։ Մեր իշխանավորները պետք է մի քիչ ավելի անկեղծ լինեն հասարակության հետ՝ իրական վիճակը ներկայացնեն ու ցույց տան դրանից դուրս գալու ելքերը։ Խոսում են ժողովրդի՝ իրենց տված քվեից, բայց իրենց քվե տված մարդիկ ի՞նչ են ակնկալում իրենցից՝ գունագեղ տոնակատարությո՞ւն։

Եթե մեր երկրի մնացած բոլոր հարցերը լուծվել են, ու մնացել է միայն գունագեղ տոնակատարություն անելը, թող գնան անեն, բայց եթե մենք լուրջ խնդիրներ ունենք սոցիալական, տնտեսական, քաղաքական ոլորտներում, նրանք պետք է առաջնահերթ փորձեն այդ խնդիրների լուծումները գտնել։ Եվ թող Աստված նրանց առավել իմաստնություն ու խելք տա, որ կարողանան ճիշտ ընտրություն կատարել ու այնպիսի միջոցառումներ նշել, որ հասարակության սրտով լինի, ավելորդ չհրահրեն եւ հասարակությանը չբաժանեն, որովհետեւ վերջին տարիներին արդեն իսկ շատ երկփեղկված է։ Կուզենք, որ Աստված մեր ազգին առավել սեր ու միաբանություն տա՝ համախմբելով բարոյական, հոգեւոր, ազգային արժեքների շուրջ, որպեսզի միաբանված կարողանանք սոցիալ-տնտեսական, քաղաքական, ռազմական այս ծանր իրավիճակից դուրս գալ։ Մենք գոտիներս ձգելու կարիք ունենք, փոխանակ նստեն կառավարությունում եւ մտածեն, թե հարկերից գոյացած գումարներն ինչի վրա վատնեն, թող մտածեն, թե եղած միջոցներն ինչպես օգտագործեն, որպեսզի մենք տարածաշրջանում ավելի մրցունակ լինենք՝ գյուղատնտեսություն, տնտեսություն, անասնապահություն, բոլոր ձախողված ոլորտների վերականգնման հարցերով պետք է ավելի շատ մտածեն, քան ինչ-որ ուրախ միջոցառումների»։

Այս սեպտեմբերի 21-ը, Տեր Վրթանեսի դիտարկմամբ, դարձավ նաեւ ցավի, վշտի օր, քանի որ անկախությունից հետո մենք նման ծանր կորուստներ ունեցանք․ «Ոչ միայն Արցախի անվտանգության գոտին ենք կորցրել 2020-ին, այլեւ նույնիսկ Լեռնային Արցախի Հադրութ եւ Շուշի քաղաքները մեր ձեռքին չեն, այն էլ՝ Հադրութը, որ վերջին 3 հազար տարվա ընթացքում միայն հայկական է եղել, այսօր արդեն հայաթափված է։ Ինչպե՞ս կարող է ընտանիքն ինչ-որ միջոցառում նշել, երբ ընտանիքի մի անդամը 21-րդ դարում գերեվարված է եւ վերադարձված չէ։ Այսօր մենք գերիներ ունենք, որոնց Ադրբեջանը դատում է, մենք նշելու ի՞նչ տրամադրություն ունենք, երբ սգալու, ողբալու վիճակում ենք։ Եվ ես ցավ եմ ապրում, որ կարող են լինել մարդիկ մեր հասարակության մեջ, որ այսօր այդ ընտանիքների ցավը, վիշտը չեն կիսում եւ ինչ-որ տոներ նշելու տրամադրություն ունեն»։

Այս տարի անկախության տոնը երկիմաստ խորհուրդ է ստանում՝ պայմանավորված նաեւ հանգամանքով, որ մի քանի ամիս է արդեն, ինչ հարյուրավոր ադրբեջանցիներ գտնվում են ՀՀ տարածքում, դիրքավորվել են մեր հողում եւ դեռ մի բան էլ Որոտանի մոտ անցակետ են դնում։ «Մենք մեր երկրում տեղաշարժվելու խնդիր ունենք, օրեր առաջ իմացա, որ Հայաստանի օդային սահմանն է բացվել Ադրբեջանի առջեւ, եւ 30 տարվա մեջ երեւի առաջին անգամ նաեւ քաղաքացիական թռիչք են կազմակերպել Արցախի օկուպացված տարածքների վրայով, Սյունիքով դեպի Նախիջեւան։ Այսօր ադրբեջանցի զինվորները մեր Սյունիքի, Գեղարքունիքի մարզում են՝ Հայաստանի տարածքում, ու մենք այսօր նստած մտածում ենք՝ ինչպես տոն տոնենք։ Իմ կարծիքով՝ դա անլուրջ է»։

Տեր Վրթանեսը միաժամանակ փորձում է հասկանալ ու նաեւ արդարացնել վարչապետի նման միտքը՝ ենթադրելով որ գուցե խոսքի սայթաքում է եղել, բայց «չեմ կարծում, որ կարելի է այդ տրամաբանությամբ՝ երկրի ղեկավարը գունագեղ միջոցառում տոնելու սիրտ ու տրամադրություն ունենա, հատկապես որ այդ ծանր կորուստները եղել են իր վարչապետության շրջանում, չնայած ինքը վերընտրվել է այդ կորուստներից հետո, բայց միեւնույն է՝ մենք դեռ չենք սփոփվել։ Տասնյակ եկեղեցիներ ու վանքեր են մնացել վանդալ ադրբեջանցիների տիրապետության տակ, որոնք այսօր քանդվում, ավերվում, պղծվում են։ Մենք ուրախանալու սիրտ չունենք, մենք միաբանվելու եւ այս վիճակից դուրս գալու մեծ անհրաժեշտություն ունենք, եւ վարչապետը դա իր անձնական օրինակով պետք է ցույց տա, նույնը՝ նաեւ կառավարության անդամները, ովքեր իրենց 4-օրյա արձակուրդը Հայաստանից դուրս խրախճանքի վերածելու հոգեբանությունը պետք է մի կողմ թողնեն եւ փորձեն երկիրը նորմալ կառավարել, իսկ եթե չեն կարողանում, թող տեղը զիջեն նրանց, ովքեր կարողանում են,- ասում է տեր հայրն ու հավելում։- Փառք ու պատիվ, հարգանք ու խոնարհում մեր զինվորների հիշատակին, իրենց ընտանիքներին համբերություն, մխիթարություն, անհետ կորածները թող Աստծու ողորմությամբ հայտնաբերվեն, գերիներին էլ շուտափույթ ազատություն եմ մաղթում, Սուրբ խաչն էլ թող պահապան լինի մեր ազգին, եւ մեր ժողովուրդն էլ կարողանա միաբան սիրով այս ծանր վիճակը հաղթահարել»։