Խոսուն ցուցանիշներ

Խոսուն ցուցանիշներ

Ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական մրցաշարերն աստիճանաբար թեւակոխում են վճռական փուլ։ Դա նշանակում է, որ այժմ արդեն կարող են ճակատագրական դերակատարում ունենալ ոչ միայն շահած միավորները, այլեւ խփած ու բաց թողած յուրաքանչյուր գոլ։ Սա հատկապես վերաբերում է եվրոպական գոտուն․ կանոնակարգի համաձայն, այստեղ եզրափակիչ մրցափուլում հանդես գալու իրավունք են ստանալու 10 ենթախմբերում առաջին տեղ գրաված հավաքականներն ու երկրորդ աստիճանը զբաղեցրած եւ համեմատաբար առավել բարձր ցուցանիշներ գրանցած 3 թիմեր։ Մեր ազգային հավաքականը, ճիշտ է, Լիխտենշտեյնի ընտրանու հետ խաղում չարդարացրեց երկրպագուների հույսերը՝ այն էլ սեփական հարկի տակ ոչ-ոքի (1:1) արդյունքով բավարարվելով բացահայտ թույլ մրցակցի հետ հանդիպման ժամանակ։ Սակայն երկրորդ տեղի համար պայքարելու հնարավորություն մեր թիմը դեռ պահպանում է։

Բանն այն է, որ թանկարժեք միավորների կորուստ ունեցան նաեւ մեր ընտրանուն հետապնդող հյուսիսմակեդոնացիներն ու ռումինացիները, եւ հիմա շատ բան որոշելու են մեր առաջիկա արտագնա հանդիպումները իսլանդացիների եւ ռումինացիների հետ։ Հուսանք, որ ամեն ինչ կարվի կորցրածը հետ բերելու համար։

Իսկ աշխարհի առաջնության տարբեր ասպարեզներում այս օրերին գրանցվեցին նաեւ մի փոքր այլ, սակայն շատ խոսուն ու բացառիկ ցուցանիշներ։ Դե, ասացեք, խնդրեմ, ինչպես կարելի է չհիանալ այն արդյունքներով, որ գրանցվեցին Արգենտինա- Բոլիվիա մրցամարտում։ Այս խաղում, որն ավարտվեց 3:0 հաշվով, զարմանահրաշ Լիոնել Մեսսին ոչ միայն գրանցեց հերթական, յոթերորդ, այսպես ասած` հեթ-տրիկը, դառնալով բոլոր գոլերի հեղինակ, հարավամերիկյան հաշվարկով խփած 79 գոլով գերազանցելով հանրահայտ Պելեի կեսդարյա արտասովոր ռեկորդը, այլեւ միեւնույն ժամանակ հեղինակեց ընդհանրապես իր մարզական կարիերայում անցկացրած 932 խաղում գրանցած հոբելյանական` 750-րդ գոլը։

Ոչ պակաս հրաշալի է նաեւ իտալացիների բացառիկ արդյունավետությունը։ Ավագ մարզիչ Ռոբերտո Մանչինիի ղեկավարությամբ վստահորեն, 5:0 հաշվով հաղթելով լիտվացիներին, նրանք անընդմեջ ու անպարտելի ելույթների թիվը հասցրին 37-ի։ Եվ, իհարկե, անկարելի է շրջանցել բոլոր առումներով աշխարհի թիվ մեկ ֆուտբոլիստ Կրիշտիանու Ռոնալդուին։ Ո՞ւմ մտքով կանցներ, որ 0:1 հաշվով իռլանդացիներին տանուլ տվող իր հայրենակիցներին` պորտուգալացիներին վերջին, ամենաանհուսալի թվացող պահին` 89 եւ 90-րդ րոպեներին խփած բացառիկ պատասխան գոլերով հաղթանակ է բերելու հենց նա։ Եվ ստացվեց այնպես, որ ադրբեջանցիների հետ կայանալիք հաջորդ հանդիպմանը Ռոնալդուն հրաժարվեց մեկնել Բաքու։ Չմեկնեց, սակայն թիմակիցներին պարգեւած արտակարգ ոգեւորությունն իր դերն ունեցավ. պորտուգալացիները 3:0 հաշվով ջախջախիչ պարտության մատնեցին դաշտի տերերին։ 

Իսկ անձամբ Ռոնալդուն մեկնել էր Անգլիա։ Հիշեցնենք․ նա իտալական «Յուվենտուսից» տեղափոխվել է «Մանչեսթեր Յունայթեդ», ինչն արտակարգ ոգեւորություն է առաջ բերել տեղի ֆուտբոլասերների շրջանում։ Դրա վառ վկայությունն էր այն, որ, ինչպես պարզվեց, նրա երկրպագուները Ռոնալդու անունը կրող հազարավոր մարզաշապիկները 32,5 ֆունտով գնել էին մեկ օրում, ավելի կոնկրետ` 12 ժամվա ընթացքում։

Միսակ Նազարյան