Խիզախ ու սկզբունքային իրավապահին սպասելիս

Խիզախ ու սկզբունքային իրավապահին սպասելիս

Մեր տուն պարտություն բերած, բայց դրա քաղաքական, իրավական եւ բարոյական պատասխանատվությունից ամեն կերպ խուսափող իշխանությունը խոստանում է բացահայտել 44-օրյա պատերազմի հանգամանքները՝ ստեղծվելիք քննիչ հանձնաժողովի միջոցով։ Դա նման է մի իրավիճակի, երբ սերիական մարդասպանը դատարանի դահլիճից դիմի իր զոհերի հարազատներին եւ պնդի, թե քննչական մարմինները (այս դեպքում՝ ընդդիմությունը) շահագրգիռ չեն իր գործած սպանությունների բացահայտման հարցում, եւ այդ առաքելությունը պետք է բացառապես իրեն՝ դահճին վստահել։

Նույնկերպ՝ որեւէ մեկին ապացուցելու կարիք կա՞, որ գործող իշխանության պաշտոնավարման օրոք արցախյան վերջին պատերազմի հանգամանքների լրիվ, օբյեկտիվ եւ բազմակողմանի քննություն չի կարող տեղի ունենալ։ Քննչական մարմիններում հարուցված հազարից ավելի քրեական գործերն այս հարցում բնավ մխիթարություն կամ արդարացում չեն, քանի որ դրանց բացարձակ մեծամասնությունը վերաբերում է միջինից ցածր սպայական օղակի ներկայացուցիչների դասալքությանը եւ որեւէ կերպ լույս չի սփռում պատերազմի ապիկար կառավարման եւ մեր պարտության պատճառների վրա։

Իր ընդդիմադիր տարիներին Նիկոլ Փաշինյանը եւ յուր համակիրները հաճախ էին վկայակոչում եվրոպական երկրների կամ Իսրայելի փորձը, երբ գործող առաջնորդները ենթարկվում են կարգապահական, քաղաքական, ընդհուպ քրեական պատասխանատվության։
Մինչեւ վերջերս Իսրայելի վարչապետի պաշտոնն զբաղեցնող Բենյամին Նաթանյահուի դեմ, օրինակ, իր պաշտոնավարման օրոք մի քանի քրեական գործ կար հարուցված, Իսրայելի գլխավոր դատախազն էլ պաշտպանում էր մեղադրանքը, բայց Նաթանյահուի մտքով անգամ չէր անցնում իրավապահներին կասկածել ինչ-որ քաղաքական շրջանակների սպասարկու լինելու մեջ։
Անցած մեկուկես տարում՝ համավարակի սկզբից եւ հատկապես պատերազմում մեր պարտությունից ի վեր, լրատվամիջոցներով քաղաքական եւ հանրային գործիչների կողմից հանցագործության մասին հարյուրավոր հրապարակային հաղորդումներ են ներկայացվել ընդդեմ վարչապետի եւ այլ բարձրաստիճան պաշտոնյաների։ Հայրենիքի փրկության շարժման պայքարի օրերին անգամ ընդդիմադիր կուսակցապետերը միասնական թղթածրարով, ի մի բերելով Նիկոլ Փաշինյանի ենթադրյալ հանցանքները, դիմեցին գլխավոր դատախազին՝ հորդորելով նրան քրեաիրավական գնահատական տալ այդ փաստերին։

Ուշագրավ է, որ, ասենք, երբ նույն Նաթանյահուին ներկայացված մեղադրանքները համեմատում ես այդ թղթածրարի բովանդակության հետ, դրանք ուղղակի ծիծաղելի են թվում։ Օրինակ, Նաթանյահուն մեղադրվում էր ամերիկացի գործարարներից թանկարժեք նվերներ ստանալու համար։ Բայց Իսրայելի գլխավոր դատախազն իրեն չէր կարող թույլ տալ ամեն գնով արդարացնել երկրի ղեկավարին, քանի որ նա ծառայում է օրենքին եւ ոչ թե իր վերադասին։ Վարչապետի կողմից էլ իրեն որեւէ ուղղակի ցուցում տալը, այն էլ՝ իր հետ կապված հնարավոր քրգործերի չհարուցման թեմայով, պարզապես անպատկերացնելի կլիներ։

Կամ, ասենք, Հարավային Կորեայում մի քանի նախկին նախագահներ քրեորեն հետապնդվել են իրենց պաշտոնավարման օրոք: Կոռուպցիոն մեղադրանքներով ազատազրկվել են եւ առայսօր իրենց պատիժն են կրում նախկին նախագահներ Պան Կին Հեն եւ Լի Մյոն Բակը, իսկ Նո Մու Հյոնը, չդիմանալով կոռուպցիոն մեղադրանքների ծանրությանը, ինքնասպան եղավ։ Անվիճելի է, որ այդ երկրում մեկ անձի հռչակած օրենքի եւ իրավունքի դիկտատուրա չի կարող լինել, բայց օրենք եւ օրինականություն կա՝ անկախ նրանից, թե ով է իշխանության։

Հայաստանյան իրավապահ համակարգի կամակատար բնույթն անգամ ապացուցման ենթակա չէ։ Այդ դրվագներն ամենուր են՝ ՀՔԾ պետի՝ Հակակոռուպցիոն կոմիտեի նախագահի թեկնածուի տեքստից մինչեւ Արմեն Չարչյանի կալանավորման որոշում, արդարադատության նախարարի հոգոցներից, թե օրենքն իրեն խանգարում է, մինչեւ Գագիկ Ջհանգիրյանի անմաքուր անցյալի սրբագրում։ Հայաստանը դեռեւս սպասում է այն խիզախ իրավապահին, որն իր մեջ ուժ կգտնի՝ ծառայելու ոչ թե վերադասին, այլ՝ օրենքին։

Դավիթ Սարգսյան