Նիկոլ Փաշինյանի՝ իշխանության գալը սյուրռեալիզմ էր
Hraparak.am-ի հարցերին պատսասխանում է 1990-95թթ․ Գերագույն խորհրդի պատգամավոր Ազատ Արշակյանը։
-Պարոն Արշակյան, ապրիլյան հեղափոխությունից հետո տեղի են ուեննալու ԱԺ արտահերթ ընտրություններ, որոնց լեգիտիմության վերաբերյալ առ այսօր չկան կասկածներ։ Կարո՞ղ ենք փաստել, որ կա ընտրության այն հնարավորությունը, որն ակնկալում է քաղաքացին։
-Որոշ իմաստով այս ընտրություններն ստանում են գերլեգիտիմություն։ Լեգիտիմ ասելը քիչ է, քանի որ հակառակ կողմից կոռուպցիոներները եւ կրիմինալը շարունակում են իրենց գործը։ Նրանք դա գիտեն, դա իրենց մասնագիտությունն է։ Եվ կան դա խրախուսողներ։ ՀՀ-ի հակառակորդները՝ Եվրասիական տնտեսական միությունը, այն ուժերը, որոնք շահագրգռված են, որ Հայաստանը լինի թույլ, տկար, ապօրինի, չկայացած, շարունակում են իրենց պայքարը լեգիտիմ, զարգացող Հայաստանի դեմ շարունակում են պայքարը։ Իսկ այն ուժերը, որոնք ասում են, թե մենք չենք խառնվելու, ադմինիստրատիվ լծակները չենք օգտագործելու եւ այլն, դա սխալ է։ Հարկավոր է օգտագործել ադմինիստրատիվ լծակները՝ Հայաստանում ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ անցկացնելու համար։ Հիմա Հայաստանում ոչ թե ազատ, արդար ընտրություններ են, այլ Հայաստանի կառավարությունը խոցելի է թողել ՀՀ-ի ընտրությունները, որովհետեւ կրիմինալը, կոռուպցիոներները հին Ընտրական օրենսգրքի շնորհիվ սողոսկում են իշխանություն։ Այսինքն՝ դա պետք է որեւէ ձեւով կասեցվեր։ Ամենակոպիտ միջոցներով հարկավոր էր փոխել ընտրությունների մասին օրենքը։ Ընտրությունների մասին օրենքը պետք էր դարձնել ազատ, արդար, թափանցիկ ընտրություններ ապահովող օրենք։ Պետք էր փոխել «Կուսակցությունների մասին» օրենքը, դարձնել ազատ, արդար, քաղաքական գործունեությամբ զբաղվող մարդկանց ակումբ։ Ես կարծում եմ, որ մենք որոշ իմաստով չպաշտպանեցինք ժողովրդավարությունը, չպաշտպանեցինք Հայաստանի առաջընթացն ապահովող իշխանության ձեւավորումը։
-Նկատի ունեք, որ նախկին իշխանությունը՝ Հայաստանի հանրապետական կուսակցությունը, կրկին մուտք կգործի՞ խորհրդարան։
-Եթե մուտք չգործի էլ, ապա իր նմանակները, ակումբակիցները, գաղափարակիցները կգան։ Կարեւոր չէ, որ անունը դնում են ՀՀԿ։ Նրանք՝ կրիմինալը եւ կոռուպցիան, ներխուժում են իշխանություն, ճանապարհն այդ իմաստով փակված չէ։ Ես կուզենայի, որ մի քիչ ավելի կոշտ լիներ իշխանությունը, եւ օգտվելով հեղափոխական տրամաբանությունից, հեղափոխական ռեսուրսներից ու լիազորությունից, կասեցներ նրանց մուտքն իշխանություն։
-Ի՞նչ եք կարծում՝ հե՞շտ էր գնալ Ձեր նշած ճանապարհով։
-Հեղափոխությունը տեղի ունեցավ եւ հաջողություն ունեցավ այն պատճառով, որ արդեն հասունացել էր այն։ Անտանելի էր արդեն քրեաօլիգարխիկ համակարգի իշխանությունը, բայց փափուկ վարքագծովը հեղափոխություն չէ։ Հեղափոխությունը պետք է կոշտ լինի, պաշտպանված լինի։ Ես կարծում եմ, որ այս կարճ ժամանակահատվածում պետք է լինեին կոշտ ակցիաներ կրիմնիալի եւ կոռուպցիայի դեմ։ Հետագայում, ինչպես ռուս ժողովուրդն է ասում՝ «անտառը հատում ես՝ տաշեղներն են թռչում»։ Հեղափոխականները դրա համար պատասխանատվության կենթարկվեին հետո, դա իրենց ճակատագիրն է։ Հեղափոխականը վերջում պետք է անպայման ենթարկվի պատասխանատվության։ Հեղափոխությունն էվոլյուցիա չէ, դա ռեւոլյուցիա է։ Ռեւոլյուցիան պահանջում է կոշտություն։ Անցել է հինգ-վեց ամիս, եւ նախընտրական քարոզարշավին մասնակցում են գերհզոր օլիգարխիան եւ կրիմինալը։
-Արմատական դիրքորոշում ունեցողները տեսակետ են հայտնում, որ պետք էր կասեցնել ՀՀԿ-ի, որպես կուսակցության, գործունեությունը։ Դա իրատեսակա՞ն տարբերակ է, ի՞նչ հետեւանքների կարող էր հանգեցնել։
-Իրատեսական չէր, որ Նիկոլ Փաշինյանը եկավ իշխանության։ Դա սյուրռեալիզմ էր։ «Մարիոթ» հյուրանոցում տեղի ունեցածը սյուրռեալիզմի ոլորտից էր։ Դա աներեւակայելի բան էր։ Հեղափոխությունն ունի տրամաբանություն, ինչը նշանակում է մինչեւ վերջ արմատախիլ անել կոռուպցիան։ Այո, ՀՀԿ-ին պետք է ենթարկել քաղաքական պատասխանատվության։ Դա քրեական գործ չէ, կարող էր լինել հասարակական դատավարություն։ Պետք է գնահատական տրվեր ՀՀԿ-ին, կրիմինալին, կոռուպցիային եւ կոլաբորացիոնզիմին։ Երկիրը քրեականացված է, կա կաշառակերություն եւ կոռուպցիա, եւ ՀՀ-ն միացվել է աղքատների, բռնապետների հետադիմության ԵԱՏՄ ակումբին։ Դրա համար ՀՀԿ-ն պետք է ենթարկվեր քաղաքական պատասխանատվության։
-Ինչպիսի՞ իրականություն կունենանք ԱԺ ընտրություններից հետո։
-Մենք կունենանք մայիսի 9։ Մենք կարող ենք նույնիսկ օրացույցում կատարել փոփոխություն՝ գրելով դեկտեմբերի 9-մայիսի 9։ Այն, ինչ այսօր կատարվում է, պետք է կատարվեր անցյալ տարի։ Հեղափոխությունը պետք է ունենար այս տրամաբանությունը՝ ընտրարշավ, պայքար, հետո գայինք-հասնեինք ապրիլի 23-ին եւ մայիսի 9-ին։ Դրա համար ասում եմ, որ դեկտեմբերի 9-ին տեղի է ունենալու մայիսի 9-ը։ Մայիսի 9-ին, ԱԺ հայտնի նիստում, հակահեղափոխությունը՝ կոռուպցիան, կրիմինալը եւ կոլաբորացիոնզիմը հանձնվեցին։ Հիմա նորից դա կրկնվում է, այս անգամ՝ մաքրագրված։ Եթե ապրիլի 23-ը եւ մայիսի 8-ը համարենք սեւագրություն, ապա դեկտեմբերի 9-ին տեղի է ունենալու խմբագրված տարբերակը։ Նիկոլ Փաշինյանը հիմա խմբագրում է հեղափոխությունը։ Իհարկե, ԱԺ-ում կլինեն եւ՛ կրիմինալ, եւ՛ պատահական մարդիկ։ Բայց զարգացման, առաջընթացի տրամաբանությունն այն է, որ նրանք ծառայելու են հայրենիքին։ Իսկ հաջորդ ԱԺ-ն կլինի ավելի լավը, քան՝ նախորդը։
Կարծիքներ