Սա անձնակա՞ն մոտեցում է

Սա անձնակա՞ն մոտեցում է

Վարչապետ Փաշինյանը ֆեյսբուքի միջոցով տեղեկացրել է, որ օգոստոսի 5-ի ժամը 19:00-ին ելույթ կունենա Ստեփանակերտի Վերածննդի հրապարակում: Նա Արցախ է ժամանում Համահայկական խաղերի բացման առիթով: Վարչապետի հայտարարությունից րոպեներ անց ֆեյսբուքում այս գրառումն է տարածվել. ,, և այսպես Արցախը պատրաստվում է համահայկական խաղերին,միևնույն ժամանաակ, 
ըստ ինձ հասած տեղեկությունների, պարոն նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանը, ,,Ազատ Հայրենիք,, կուսակցության հետ պատրաստվում է մեծ շուքով դիմավորել Նիկոլին՝ 
օգտագործել պահը՝ հօգուտ 20 թվականի ընտրությունների..  իսկ Նիկոլը պատրաստվում է այդ պահը օգտագործելու, որպեսզի ցույց տա, որ ազդեցություն ունի նաև Արցախի վրա..  այսինքն, Արայիկ Հարությունյանն չի համբերում, այլ հենց այսօր էլ ԱՐցախը որպես խալի փռում է Նիկոլի ոտքերի տակ՝ հանուն իր քաղաքական շահի .. պահանջում եմ ՝ չեղարկել ԱՐցախում համահայկական խաղերանցնակլցնելու որոշումը այն տեղափոխել Երևան .. թող Ազատ հայրենիք կուսակցությւոնը իր 100 մետրևանոց դրոշը վերցնի ու գնա ԵՐևան.. մանավանդ, որ արդեն փորձն ունի ..,,: 

Հեղինակը Բելլա Լալայանն է, որ մինչեւ վերջերս ԱՀ բնապահպանության նախարարության մամուլի խոսնակն էր եւ հրաժարական տվեց վարչապետ Փաշինյանի մասին ֆեյսբուքյան կոպիտ գրառում անելուց հետո: Թվում է, Հայաստանի եւ Արցախի իշխանությունների միջեւ տարաձայնությունների մասին մամուլի բազմաթիվ հրապարակումների ֆոնին վարչապետ Փաշինյանի այցը Ստեփանակերտ եւ, մանավանդ, Վերածննդի հրապարակում ելույթ ունենալու մտադրությունը Արցախում պետք է  միանշանակորեն դրական ընդունվեին: Չէ՞ որ դա հնարավորություն է՝ ցրելու կասկածները: Երեւում է, որոշակի անձանց եւ շրջանակների համար նախընտրելի է Հայաստան-Արցախ իշխանական դիմակայությունը: Բելլա Լալայանի մեջբերված, ի դեպ՝ հեղինակային ուղղագրության պահպանմամբ, գրառումը հազիվ թե զուտ անձնական մոտեցում է: Մանավանդ որ այն հստակ թիրախավորում է նախկին վարչապետ Արայիկ Հարությունյանին: Ու՞մ չէ ձեռնտու Հայաստանի վարչապետի հրապարակային ելույթն Ստեփանակերտում: Ո՞վ է Արցախում դրանից զգուշանում: Ենթադրում են, որ Հայաստանի վարչապետը կարող է բացահայտումնե՞ր անել, ուղիղ դիմել արցախահայությանը եւ ներկայացնել ոչ ցանկալի փաստե՞ր: Կոչ անելով Համահայկական խաղերի բացումը տեղափոխել Երեւան՝ գրառման հեղինակը չի՞ ուզում ասել, որ վարչապետ Փաշինյանը թող Երեւանում խոսի մարդկանց հետ, Ստեփանակերտում նա անելիք եւ ասելիք չունի: Հետաքրքիր է, իսկ ի՞նչ հեռանկար է նրա համար ցանկալի: