Ո՞վ կստանձնի պրոֆեսոր Պրեոբրաժենսկու դերը ԵՊՀ-ում

Ո՞վ կստանձնի պրոֆեսոր Պրեոբրաժենսկու դերը ԵՊՀ-ում

Բուլգակովի հերոս Պոլիգրաֆ Շարիկովը նորմալ շուն էր: Ավելին, մնացած շներից հանգիստ բնավորությամբ տարբերվող էր: Նրանից որեւէ վտանգ չկար: Հենց դրանով նա գայթակղեց պրոֆեսոր Պրեոբրաժենսկուն: Սակայն, երբ վիրահատման արդյունքում կերպարանափոխվեց, ապա շատ արագ ձեռք բերեց հեղափոխականի բնավորություն, ինչը վերավիրահատության պատճառ դարձավ: 

2018 թ., երբ ես աշխատանքի ընդունվեցի ԵՊՀ-ում, դրսում հեղափոխություն էր: Հեղափոխականների թիրախը նաեւ ԵՊՀ-ն էր եւ ռեկտոր Սիմոնյան Արամը: Երբեմն ԵՊՀ-ում կազմակերպվող հակահեղափոխական ժողովներին ես էլ էի մասնակցում: Եվ քանի որ ժողովականներից քչերին էի ճանաչում, ապա փորձում էի նախնական կարծիք կազմել նրանցից յուրաքանչյուրի մասին: ԵՊՀ ռեկտորի այժմյան ԺՊ Գեւորգյան Գեղամը ժողովների մշտական մասնակից էր: Ժողովականներից ոչ բոլորն էին, որ ադեկվատ մարդու տպավորություն էին թողնում: Դրանցից մեկը Գեւորգյան Գեղամն էր: Սակայն շատ շուտով հեղափոխականության գաղափարները կամ անձինք նաեւ նրան «տարան», եւ ժողովներից մեկի ընթացքում նա, ի պատասխան Փաշինյան Նիկոլի աջակիցների ինչ-որ գործողության, առաջարկեց փակել Չարենցի փողոցի երթեւեկելի մասը: Հենց այդ ժամանակ ես հասկացա, որ Գեւորգյան Գեղամը «վարակվեց» հեղափոխությամբ: Այնուհետեւ նույն ժողովականներն ասում էին, որ վերջինս անմիջական կապ է հաստատել հեղափոխական առաջնորդներից մեկի՝ Հարությունյան Արայիկի հետ: Ասում էին նաեւ, որ Գեւորգյան Գեղամը ժողովներից որոշակի տեղեկություններ է տրամադրում վերջինիս: Ենթադրաբար, դա էր պատճառը, որ ԵՊՀ ռեկտոր Սիմոնյան Արամի արձակած հրամանով նա, անվստահության հիմքով, ազատվեց ԵՊՀ պրոռեկտորի պաշտոնից: Մոտավորապես այդպես էր գրված հրամանում: Սակայն, ինչպես Բուլգակովի ստեղծագործության մեջ, այդպես էլ կյանքում հեղափոխականությամբ «վարակվածներից» այդքան հեշտ ազատվել չի լինում: Եվ Գեւորգյան Գեղամն ընտրվեց ԵՊՀ ռեկտորի ԺՊ: 

Ամենաառաջին հեղափոխական գործը ԵՊՀ-ի հիդրոտարան էր, որն արժեր շուրջ 27 մլն դրամ եւ որը ջուր չեղած ժամանակ այդպես էլ չաշխատեց: Պաշտոնավարման տարիներին այդօրինակ հեղափոխական միջոցառումների պակաս ԵՊՀ-ն չի ունեցել: Խնդիրն այն է, թե ով եւ ում հովանավորությամբ են դրանք իրականացվել: Մի քանի անգամ հանրային հարթակներից Գեւորգյան Գեղամն ասել է, որ թիմ ունի: Ենթադրաբար, վերջինիս թիմից են տեղակալները՝ ԵՊՀ պրոռեկտորները: Նրանցից մեկն արդի հեղափոխական Հարությունյան Արայիկի ընկերն է, որն ավելի հայտնի դարձավ նրանով, որ ուշ գիշերով ԵՊՀ-ի կենտրոնական մասնաշենքից նոութբուք տանելու անհաջող փորձ իրականացրեց: Թիմի մյուս անդամը հակահեղափոխական Սարգսյան Սերժի ճամբարից ճամբարափոխ եղած, հեղափոխականների ճամբարում հանգրվանած եւ Գեւորգյան Գեղամի հետ հոգեւոր կապերով կապված մի անձ է, որը, ի տարբերություն իր գործընկերոջ, Քրեական օրենսգրքով նախատեսված արարքի փորձ առայժմ չի իրականացրել: Թիմի մյուս անդամի մասին խոսելն ավելորդ է, քանզի նման անորոշ եւ ոչինչ չասող կերպարների բացահայտումն անշնորհակալ գործ է: Մի խոսքով, վերջինս նման է, ասենք, ակնոց կրող կոմսոմոլի բուֆետչիկի օգնականին: Վերջ, ըստ էության, Գեւորգյան Գեղամի կազմավորված հեղափոխական թիմը սպառվեց:

Սակայն խնդիրը նույնիսկ հեղափոխականացված Գեւորգյան Գեղամի կամ նրա թիմի անդամների բացահայտումը կամ քննադատությունը չէ: Լավ կամ վատ, դրանով զբաղվում եմ շուրջ երկու տարի: Խնդիրն այն է, թե ինչ ազդեցություն է թողել Գեւորգյան Գեղամը ԵՊՀ-ի վրա:

Գեւորգյան Գեղամի պաշտոնավարման օրոք ԵՊՀ-ն այդպես էլ չունեցավ լեգիտիմ ղեկավար, հոգաբարձուների խորհուրդ, սահմանափակվեցին խոսքի եւ մտքի ազատությունը, մամուլի ազատ տարածումը, չեղարկվեց «Հրապարակ» օրաթերթի բաժանորդագրությունը, վերջինիս անձով պայմանավորված՝ տեղի ունեցավ քաղաքական, տնտեսական եւ հանրային շահերի բախում, սկսեցին բացահայտ օգտագործվել բարեկամական եւ հոգեւոր կապերը, ականատես եղանք ոչ իրավաչափ վարչարարության, իրավական անգրագիտության ու անգործության, անձնական հողի վրա իրականացվող հաշվեհարդարների դեպքերի: ԵՊՀ-ն կանգնեց համապարփակ խայտառակման շեմին: 

Սա մի կարճ պատմություն է այն մասին, թե ինչ է լինում, երբ նորմալ մարդուն հանկարծ որոշում են հեղափոխական դարձնել: Պատմության հեղինակը ես չեմ, հանճարեղ Բուլգակովն է: Ես ուղղակի զուգահեռներ եմ անցկացրել: Այսպիսով՝ ախտորոշումը պարզ է: Հեղափոխությունները եւ հեղափոխականները վատ են ազդում հասարակության որոշ հատվածների վրա: Բուժումը վերավիրահատությունն է: Մնում է պարզել, թե ով կստանձնի պրոֆեսոր Պրեոբրաժենսկու դերը ԵՊՀ-ում:

Կարեն Հեքիմյան