Պահանջվածը

Պահանջվածը

Կարեն Դեմիրճյան, չդադարող ներկայություն 
Տարեդարձի առթիվ

Երջանկություն է մեծերի հետ շփվելը: Հերթական անգամ թերթում եմ Կարեն Դեմիրճյանի թանգարանի հրատարակած «Օրերը՝ տողերի միջից» գիրքն ու զգում մեծ հայի ներկայությունը: Հայաստանի Կենտկոմի առաջին քարտուղար Կարեն Դեմիրճյանն իր օրվա անցուդարձը, նշանավոր դեպքերն ու հանդիպումները մի քանի բառով կամ նախադասությամբ զետեղել է աշխատանքային օրագրում: Եթե հասցներ, հաստատ մի օր հատիկ-հատիկ կհաներ պահ տվածները՝ վերածելով լիարժեք գրքի: Սակայն 14 տարիների «ժլատ» գրառումները՝ հակիրճ տեսքով, եւս ունեն անգնահատելի արժեք. դրանք սոսկ կիրթ ու խելացի մարդու գրառումներ չեն, այլ՝ երկրի հանդեպ պետական գործչի պատասխանատվության դրսեւորման, կառավարման արվեստի, մարդկային վսեմ հարաբերությունների, սկզբունքային առաջնորդի մտավոր ու բարոյական նկարագիրն արժեւորող յուրահատուկ հանրագիտարան, ԽՍՀՄ վերջին մեկուկես տասնամյակի վավերագիր արձանագրություն: 

Առաջին գրառումը վերաբերում է Պարոնյանի անվան երաժշտական թատրոնի շենքին (21.04. 1976 թ.): Ապա մեկը մյուսի ետեւից՝ հանրապետության համար կարեւոր խնդիրների վերաբերյալ դատողություններ, նշումներ, հանձնարարություններ: Տողեր կան, ասես գրվել են այսօր: Ահա՝ հանձնարարությունը Ղափանի, Գորիսի, Մեղրու եւ Սիսիանի շրջանների զարգացման վերաբերյալ առաջարկությունների փաթեթ ձեւավորելու մասին (02.01.1977): Կամ՝ «Այցելություն Մեղրի: Կասեցնել Մեղրիից բնակչության միգրացիան: Գործարանների մասնաճյուղեր: Ճանապարհների եւ թունելի հարցը» (23.03.1977): Մյուսը․ «Տրոլեյբուսներ եւ տրամվայի վագոններ… Երեւանին սպառնում է տրանսպորտային կաթված… Մետրոն լավ է, բայց պրոբլեմը չի լուծում, իր վրա է վերցնում ծանրաբեռնվածության 10-30 տոկոսը» (08.04.1977): 

Եվ այսպես շարունակ՝ խնդիրներ, որոնք ժամանակին ստացել են իրենց լուծումները: Չկա հայ իրականությանը վերաբերող մի հարց, որին այս կամ այն կերպ չանդրադառնա երկրի ղեկավարը: Ուսանելի են նրա դատողությունները հանքահումքային ռեսուրսների մասին: Անգամ շինանյութը նա առաջարկում է օգտագործել խնայողությամբ, որ գալիք սերունդները եւս օգտվեն դրանից: Իսկ ջրի մասին գրում է. «…մենք պետք է նայենք 100-200 տարի առաջ: …Հայաստանից ոչ մի կաթիլ ջուր չպետք է հեռանա: Պետք է մելիորացնել եւ ոռոգել հանրապետության բոլոր հողերը, որոնք հնարավոր է ոռոգել» (29.04.1982):

Առանձնակի հետաքրքրություն են ներկայացնում մտավորականների հետ հանդիպումները: Նա խնամքով գրառել է նրանցից յուրաքանչյուրի խնդրանքը կամ առաջարկությունը՝ անձնական, թե վերանձնական: Դրանք ստացել են իրենց լուծումները՝ առանձին դեպքերում վերածվելով որոշման ու գործունեության ծրագրի: Հաճախ ինքն է հուշում գաղափարներ: Վարդգես Պետրոսյանի հետ զրույցում (14.07.1983) խորհուրդ է տալիս գեղարվեստա-վավերագրական գիրք գրել ցեղասպանության մասին, «որը մենք կարողանանք թարգմանել ռուսերեն՝ համամիութենական ընթերցողի համար»:

Կարեն Դեմիրճյանը խորհրդային սահմանափակումների պայմաններում էլ կարողացել է խրախուսել ազգայինն ու կենսականը: Հայրենական գիտության համաշխարհային ճանաչում ստացած նվաճումների շարքում աստղաֆիզիկայի կողքին նա ընդգծում է հայագիտությունը եւ հանձնարարում՝ գիտության զարգացման եւ ակադեմիայի նյութատեխնիկական բազան ամրապնդել (20.10.1977): Նա երազում էր երկաթգծով միմյանց կապել երկրի հյուսիսն ու հարավը՝ շրջանցելով Նախիջեւանը: Նրա հանձնարարությամբ (12.02.1979) նախագծվում ու Մարտունի է հասցվում Աղստաֆա-Իջեւան-Հրազդան-Սեւան երկաթգիծը: Ցավոք, Մարտունի-Ջերմուկ-Գորիս-Ղափան-Մեղրի հատվածի կառուցումը մնաց անկատար: 

Մայրաքաղաքի Կասկադի նախագծման, «Արարատ» ֆուտբոլային թիմի, թե որեւէ այլ կարեւոր հարց քննարկելիս Կարեն Դեմիրճյանը պատվախնդրորեն ոգեւորում ու աջակցում է պատասխանատուներին: Պատահական չէ, որ նրան մտավորականները յուրային էին համարում: Իր հերթին երկրի առաջնորդը անկեղծ զրույցների միջոցով ճշտում էր հանրության տրամադրությունները, լսում ժողովրդի ձայնը եւ դրանով չէր բավարարվում՝ ուներ նաեւ անհատական ընդունելության օրեր:

Որքան էլ մեծահոգի եւ ուշադիր էր զրուցակիցների ու բարեկամների նկատմամբ, սկզբունքային հարցերում աննահանջ էր: Սիլվա Կապուտիկյանի հետ զրույցում (02.03.1983թ.) նշելով, որ բոլոր միջոցները պետք է ձեռնարկվեն հայոց լեզվի դասավանդումը բարելավելու ուղղությամբ, միաժամանակ շեշտում է, որ չպետք է հակադրել լեզուները միմյանց: «Մենք՝ հայերս, պետք է իմանանք նվազագույնը երկու լեզո՝ մայրենին եւ ռուսերենը»:

Կարեն Դեմիրճյանի համար մանրուքներ չկային: Նա ոչ միայն լսում էր ոլորտի մասնագետներին, այլեւ նրանց հետ ստեղծագործաբար մասնակցում նոր ծրագրերի մշակմանն ու երկրի համար կարեւոր խնդիրների լուծմանը: Դրանք այնքան բազմազան էին, որ մարդիկ չէին թաքցնում զարմանքը նրա գիտելիքների խորության ու իմացության սահմանների նկատմամբ: Հետաքրքիր մի գրառում (25.11.1982). Կրեմլի ղեկավարներից մեկը՝ Յուրի Անդրոպովը, խոսքի մեջ մեկ անգամ եւս ճշտելով, որ Կարեն Դեմիրճյանն ինժեներ է, հիացած հարցնում է. «Իսկ որտեղի՞ց տնտեսության մասին այդքան գիտեք: Դուք ամեն անգամ ինչ-որ հետաքրքիր բան եք ասում»:

Նա կարողանում էր երկրի ռազմավարական խնդիրները հասցնել Մոսկվա: Իր խնդրանքով, քարտուղարներից մեկը՝ Միխայիլ Գորբաչովը, Պետպլանին հանձնարարում է նկատի ունենալ, որ Հայաստանը հողեր չունի, ուստի «պետք է մարդկանց զբաղեցնել արդյունաբերությունում» (31.08.1983): Կարեն Դեմիրճյանի աշխատած տարիներին շուրջ 200 գործարան է կառուցվել Հայաստանում: Արդյունաբերության եւ գյուղատնտեսության համալիր զարգացման շնորհիվ հիմնականում լուծվել է զբաղվածության խնդիրը: Պատահական չէ, որ Խորհրդային Հայաստանի բնակչությունը մոտեցավ 4 միլիոնի: Դա այն նվաճումն է, որն առայսօր մնում է անհասանելի:
Շատ գրառումներ կան հայ-ադրբեջանական սահմանների ճշգրտման վերաբերյալ: Հետաքրքիր մի զրույց է պահպանվել՝ կապված Մեղրիով ճանապարհ կառուցելու հետ (10.01.1985):

Ադրբեջանական կողմը ցանկանում էր ճանապարհն անցկացնել պետական սահմանի երկայնքով, որ հիմնականում իրենք օգտվեին դրանից: Կարեն Դեմիրճյանին հաջողվել էր Կրեմլում փաստարկել, որ տնտեսապես ձեռնտու է ճանապարհն անցկացնել բնակավայրերի միջով: Մոսկվայում, Հեյդար Ալիեւի աշխատասենյակում, վերջինս փորձում է արեւելյան շողոքորթությամբ տարհամոզել Դեմիրճյանին՝ արդեն կայացած որոշման առնչությամբ, ասելով. «Դե, դու թքիր այդ որոշման վրա: Ամեն ինչ քեզանից է կախված, ինչպես ասես, այնպես էլ կլինի: Եթե դո՛ւ այդպես խնդրեիր, ես քեզ Ադրբեջանի կեսը կտայի»:

Հայկական սփյուռքի նկատմամբ քաղաքականությունը լավագույնս դրսեւորվեց 1978 թ. պատերազմի մեջ հայտնված լիբանանահայությանը ցուցաբերած օգնությամբ: Մշակվեց բազմակողմանի աջակցության, այդ թվում՝ հայ երեխաների ամառային հանգիստը Հայաստանում կազմակերպելու ծրագիր: Սփյուռքի ներկայացուցիչների խնդրանքով Կարեն Դեմիրճյանը հասավ նրան, որ մեր հայրենակիցների տուրիստական ուղեւորության ժամկետը Հայաստանում երկարացվեց մինչեւ 14, ապա՝ 30 օր: Կարեն Դեմիրճյանի մասին կարելի է խոսել շատ երկար, բայց նրան հիշելու առիթը ունի եւ գործնական նշանակություն: Նա վառ անհատականություն էր: Չգերագնահատելով նրան որպես պետական, քաղաքական գործիչ՝ չի կարելի չնկատել, որ համեմատության մեջ նրա կերպարը մնում է չգերազանցված: Նրան բնորոշ էին բարձր պատասխանատվությունը, պետական ունեցվածքի նկատմամբ հոգատարությունը, երկրի հարստությունը ժողովրդի բարեկեցությանը ծառայեցնելու ձգտումը, բարությունն ու չափավորությունը: Նա մշտապես հաշվի էր առնում հասարակական կարծիքը: Իր որդուն՝ Ստեփան Դեմիրճյանին, գործարաններից մեկում գլխավոր ինժեներ նշանակելու հարցը, շահարկումներից խուսափելու համար, նախապես ու բծախնդրորեն համաձայնեցնում էր կրեմլյան քաղբյուրոյի անդամների հետ (24.12.1986):

Կարեն Դեմիրճյանը թողել է փորձի ու գիտելիքների հարուստ ժառանգություն, երկիրը ծանր վիճակից հանելուն ուղղված ծրագիր, որը, սակայն, հավուր պատշաճի չի օգտագործվել ո՛չ նախկինում, ո՛չ այսօր: Պետության ու նրա կառավարման դեմիրճյանական մոդելը ենթադրում է մասնավորի կողքին պետական սեփականության շրջանակի ընդլայնում, բոլոր ոլորտներում պետության կարգավորիչ դերի մեծացում, սոցիալական խնդիրների արմատական լուծում: Հենց այսպիսի մոտեցումներ ուներ նա ոչ հեռավոր 1999 թվին:

Այն օրերին տնտեսական ծանր կացությունն առաջադրել էր իր խնդիրները: Կկարողանայի՞նք մեր ջանքերը համախմբել երկու ուղղություններում միաժամանակ՝ Արցախի անկախության ապահովման եւ որպես դրա գրավական՝ Հայաստանի տնտեսական հզորացման: Գաղափարը որքան էլ հրապուրիչ, պահանջում էր կոնկրետ իրականացնողներ: Տնտեսության վերելքի կազմակերպման հարցում Կարեն Դեմիրճյանը չուներ մրցակից եւ կրկին ասպարեզ եկավ որպես անհրաժեշտություն: Նրան հավատում էին, ինչպես ոչ ոքի: Դա համախմբումի մեր աստեղային ժամն էր, երբ համընդհանուր հուսահատությունը փոխվեց համազգային ոգեւորության: Համատարած խեղճության մեջ հայտնված, հույսի փոքրիկ հենարան փնտրող մարդիկ պատրաստ էին հերոսացումների ու նոր սխրանքների: Բայց, ինչպես հաճախ է եղել մեր պատմության մեջ, ամենակարեւոր պահին հայի ձեռքով կասեցվեցին հայի երթն ու վերելքը:

Պատմությունը սիրում է կրկնվել: Արցախյան վերջին պատերազմը հյուծեց մեր տնտեսությունը, մարդկանց հոգիներում ծնեց ընկճախտ: Հայաստանին սպառնում է սողացող վտանգ՝ դանդաղ հայաթափում, եթե հենց այսօր չձեռնարկվեն անհրաժեշտ միջոցներ: Ո՞վ է այսօրվա Դեմիրճյանը: Ցավոք, այդպիսին չկա: Կլինե՞ն մարդիկ, որոնք կյանքի կկոչեն նրա ծրագիրը, թե՞ դա կարող էր անել միայն ինքը՝ մեծ հայն ու հայրենասերը: 

«Միասնություն» դաշինքը խարսխված էր փոխադարձ հարգանքի ու վստահության վրա եւ բխում էր երկրի ու ժողովրդի հանդեպ պատասխանատվության զգացումից: Այն անկրկնելի էր: Սակայն ամեն վիճակ ու բարդ խնդիր ունեն լուծման իրենց տարբերակները: Որքան էլ անհավանական է, այսօր եւս հնարավոր է հակադիր թվացող ուժերի փոխզիջումային համախմբում, եթե նրանց մղումների աղբյուրն իսկապես հայրենիքի ու ժողովրդի նկատմամբ սերն է եւ ոչ թե նյութական շահն ու պաշտոնը: Ամեն ոք պետք է սկսի ինքն իրենից: Պարզապես պետք է կանգնեցնել ատելության ավերիչ հոսքն ու լինել անկեղծ սեփական անձի եւ հոգնած ու դյուրահավատ ժողովրդի հանդեպ: 

Ինչեւէ: Տարեդարձները միայն շնորհավորելու համար չեն: Դրանք առիթ են՝ շեշտելու մարդկանց արժանիքներն ու առաքինությունները, այս պարագայում՝ եւս մեկ անգամ մեծարելու այն մարդուն, ով քաջություն ունեցավ ինչպես արժանապատվորեն հեռանալու, այնպես էլ պատրաստակամորեն վերադառնալու, երբ երկիրն ու ժողովուրդն իր կարիքը զգացին: Հերոսները գալիս են ժամանակի հետ ու նրա հետ էլ հեռանում: Սակայն լինում են բացառություններ, երբ նրանցից ոմանք իրենց գործերով ու ապրած կյանքով դրոշմվում են ժամանակի լուսավոր ճակատին: Այդպիսիները չեն ենթարկվում ներկա-բացակայի ընդունված կանոնին: Նրանք մեկ անգամ են գրվում ներկա ու դառնում ժամանակների կապող օղակն ու մշտահմա, պահանջված ուղեկիցը:
Այդպիսին է Կարեն Սերոբի Դեմիրճյանը՝ խրոխտ հասակով, փառահեղ ժպիտով, համաժողովրդական սիրով օծված հայոց վերջին թագավորը: 

Ֆիրդուս Զաքարյան