Այս քաոսային իրավիճակի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Այս քաոսային իրավիճակի մեղավորը Սերժ Սարգսյանն է

Ակնհայտ է, որ հայաստանյան կյանքում քաոսային իրավիճակ է. երկրում կազմաքանդվում են բոլոր ինստիտուտները: Հայաստանը վտանգված թե՛ ներսում, թե՛ դրսում: Երկրի ղեկը հանձնված է անփորձ ու մեծամիտ երիտասարդների, որոնք, նայելով Փաշինյանի՝տվյալ օրվա տրամադրությանը, կարող են ղեկը թեքել դեպի անդունդ:

Խոստացավ ու «տղամարդու» նման դրժեց իր խոստումը

Իսկ ինչպե՞ս ստացվեց, որ երկրի ղեկը հայտնվեց պատահական մարդկանց ձեռքում, ո՞վ այն վստահեց այս թիմին: Հասարակությո՞ւնը, որը 2018-ին դուրս էր եկել մերժելու Սերժին, թե՞ Սերժ Սարգսյանը: Իսկ ինչո՞ւ այն վստահեց հենց Նիկոլին եւ ո՛չ Կարեն Կարապետյանին: Չէ՞ որ Սարգսյանից հետո երկրի վարչապետը պետք է նա լիներ, այդպես էր խոստացել նախընտրական ՀՀԿ-ն, այդպես էր խոստացել Սերժ Սարգսյանը, ով նախաձեռնել էր սահմանադրական փոփոխությունների հանրաքվե. «Ես՝ Սերժ Սարգսյանս, այլեւս երբեք չեմ առաջադրվելու Հայաստանի Հանրապետության նախագահի պաշտոնի համար։ Եթե վերջնական քննարկումների արդյունքում իմ ցանկությանը չհամապատասխանող ուղի ընտրվի, նկատի ունեմ պառլամենտական կառավարման մոդելը, ապա ես չեմ հավակնի նաեւ վարչապետի պաշտոնին։ Մեկ մարդը Հայաստանում 2 անգամից ավելի իր կյանքում չպետք է հավակնի երկրի կառավարման ղեկին»: «Իմ կարծիքով՝ վախկոտ են համարվում այն մարդիկ, ովքեր ինչ-որ ազդեցությունների հետեւանքով հաճախ փոխում են իրենց որոշումները։ Ես որոշում փոխող չեմ եւ երբեք չեմ փոխել իմ որոշումը»։ Իսկ 2018-ին, երբ լրացավ Սարգսյանի նախագահության երկրորդ ժամկետը, ՀՀԿ-ն հայտարարեց, որ վարչապետի պաշտոնում առաջադրելու են Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Հայաստանում սկսվեցին ցույցեր՝ ընդդեմ Սերժ Սարգսյանի վարչապետության, իսկ Ծաղկաձորում տեղի ունեցած ՀՀԿ խորհրդի նիստում, հասարակությունից հեռու, ՀՀԿ-ն պաշտոնապես առաջադրեց Սերժ Սարգսյանի թեկնածությունը։ Ապրիլի 17-ին ԱԺ-ում Սարգսյանը «ուխտադրուժ» կերպով ընտրվեց վարչապետ:

Քաղաքական նարցիսիզմ

Այս հատկությունով օժտված են թե՛ Փաշինյանը, թե՛ Սարգսյանը: Սերժ Սարգսյանն իր խոստման խախտումն արդարացրեց, թե պետք է իր փորձը փոխանցի երիտասարդ սերնդին: Կարծես թե այդքան ժամանակ հնարավոր չէր դա անել: Կամ՝ «…Որպեսզի մենք ապրենք արդար Հայաստանում, որպեսզի մենք ապրենք օրենքի երկիր Հայաստանում»: Կարծես թե, եթե ինքն այլեւս երկրի ղեկավար չլիներ, երկիրը կմնար անտեր, կարծես թե ինքն անկրկնելի լավ ղեկավար էր, ավելին, քան կարող էր լինել Կարեն Կարապետյանը: Մենք տեսել ենք Սարգսյանի կերտած «օրենքի» երկիրը: Սարգսյանի նպատակն իշխանությունը չթողնելն էր: Դրա համար նա անցավ երկար ճանապարհ՝ վարչապետից՝ նախագահ, նախագահից՝ նախագահ, նախագահից՝ վարչապետ: Իշխանությունը երկարաձգելու համար նա ընտրությունից ընտրություն օգտագործում էր իր բոլոր կուսակիցներին, թիմակիցներին, տոկոսներ էր պարտադրում մարզպետներին, մարզպետները՝ համայնքապետերին, համայնքապետերը տարբեր լծակներով ճնշումներ էին գործադրում շարքային քաղաքացու վրա, բռնանում նրա կամքին, որ ապահովեն վերեւից պարտադրված տոկոսը: Հակառակ դեպքում՝ պաշտոնանկությունը պատրաստ էր, միգուցե նաեւ՝ քրեական գործով համեմված: Պետք էր ամեն գնով խփել «շեֆի» ուզած տոկոսը…

Պալատական սազանդարները՝ իշխանության գերեզմանափոր

Երկրի ղեկին նստած մարդը պետք է երբեմն-երբեմն «դերվիշի» շորեր հագնի ու դուրս գա մարդամեջ, որ իմանա, թե ինչ են մտածում իր մասին մարդիկ: Մինչդեռ գրեթե բոլոր ղեկավարները լսում են իրենց պալատական նազիր-վեզիրների, սազանդարների շողոքորթ գովաբանությունները, հավատում նրանց անվերջ ծափահարություններին, ովքեր հավաստիացնում են «թագավորին», որ ինքն ամենալավ ու սիրված թագավորն է: Նրանք խուսափում են ասել ճշմարտությունը, ղեկավարին ետ պահել սխալ քայլերից, չեն զգուշացնում, որ չկտրվի ժողովրդից, չեն ասում, թե որտեղից եւ երբ կարող է վտանգվել «թագավորի» իշխանությունը: Այդպիսի սազանդարներին հավատում էր նաեւ Սերժ Սարգսյանը: 

Սարի թաղի դեպքերը դաս չեղա՞ն

Սարի թաղի դեպքերը պետք է սթափեցնեին Սերժ Սարգսյանին. հասարակության մի մասը դուրս եկավ «Սասնա ծռերին» պաշտպանելու, չնայած ոմանք նրանց ահաբեկիչներ էին անվանում: Բայց եթե հասարակության մի հատված սատարել է «ահաբեկիչներին», ուրեմն դա վերջին հուսահատ քայլն է եղել: Իսկ ոստիկանությունը բիրտ ուժ կիրառեց շարքային քաղաքացիների վրա, ովքեր դուրս էին եկել՝ աջակցելու ՊՊԾ գունդը գրաված ապստամբներին:

«Հեղափոխության» ճակատագրական սխալը

Իսկ ինչ կլիներ, եթե Սերժ Սարգսյանը նորից չստանձներ երկրի առաջին դեմքի պաշտոնը: Երկիրը կշարունակեր ղեկավարել ՀՀԿ-ն՝ Կարեն Կարապետյանի գլխավորությամբ: Իսկ վերջինս բավականին բարձր վարկանիշ ուներ եւ իր հետ բերել էր պրոֆեսիոնալների թիմ, որոնց հետ կարող էր երկիրը տանել անցնցում եւ արդյունավետ կառավարման: Հայաստանն անվտանգ կլիներ թե՛ ներքին, թե՛ արտաքին քաղաքական տիրույթներում: Սակայն Սերժին բարեհաջող մերժելուց հետո հասարակությունն էյֆորիայի ազդեցության տակ իներցիայով մերժեց նաեւ Կարեն Կարապետյանին ու ՀՀԿ-ին՝ առանց լավ ու վատ անելու: Մինչդեռ այստեղ կանգ առնելու պահն էր, Սարգսյանի հրաժարականից հետո պետք էր վստահության քվե տալ Կարեն Կարապետյանին: Սակայն էյֆորիան հաղթեց առողջ բանականությանը, եւ հասարակությունը սխալվեց: Կյանքը ցույց տվեց, որ տեղի ունեցածը ընդամենը իշխանության կռիվ էր, աթոռակռիվ, պաշտոնակռիվ: Ժողովրդի կյանքում ոչինչ դեպի լավը չփոխվեց, «գողացվածն» այդպես էլ ժողովրդին չվերադարձավ: Իշխանության եկած պատահականությունները նվիրյալներ չէին եւ եկել էին մեծ ախորժակով՝ բյուջեն մսխելու ու թալանելու: Արդյունքում հասարակությունը մնաց խաբված, որպես իր գործած սխալի պատասխան…

Համոզվեցինք, որ վատից վատն էլ կա, հետո՞…

Սերժ Սարգսյանը հեշտությամբ երկրի ղեկը հանձնեց Նիկոլին: Նա ուներ հնարավորություն՝ կանխելու 2018-ի քայլերթը՝ Ռադիոտան դեպքերից հետո: Ինչո՞ւ նա սնուցեց այդ շարժումը, թույլ տվեց, որ իրեն մերժեն: Սրանք հարցեր են, որոնց պատասխանները դեռեւս չունենք: Միգուցե նա իշխանությունը հանձնեց Նիկոլին հենց այն պատճառով, որ հասարակությունը համոզվի, որ ինքն ամենավատ ղեկավարը չէ՞, որ վատից վատն էլ կա, որպեսզի ինքը նորից հնարավորություն ունենա իշխանության համար պայքարելու՝ թեկուզ իր փեսայի՝ Միքայել Մինասյանի միջոցով: Այդպես ավելի հեշտությամբ կմերժվի երկիրը կործանման տանող Նիկոլ Փաշինյանը: Ձախողված Փաշինյանից իշխանություն վերցնելն ավելի հեշտ կլինի, քան հաջողված Կարեն Կարապետյանից: Իսկ թե այդ ընթացքում երկիրն ինչ վտանգների առաջ կարող է հայտնվել, Սարգսյանին, հավանաբար, չէր մտահոգում: