Երկուսի հետ էլ հարաբերությունները գտնվում են չափազանց վատ վիճակում

Երկուսի հետ էլ հարաբերությունները գտնվում են չափազանց վատ վիճակում

Հայաստանում ԱՄՆ դեսպանատունը, մայիսի 11-ին իր պաշտոնական էջում կիսվելով USAID Armenia-ի գրառմամբ, անդրադարձել է Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցին՝ նշելով, որ պատրաստ են աջակցել բարեփոխումներին։ «Երեւանում ԱՄՆ դեսպանատունն ուրախությամբ արձանագրում է, որ, ըստ Freedom House-ի անցումային ժողովրդավարության երկրների զեկույցի, Հայաստանը գրանցել է ժողովրդավարության բարելավման ամենաբարձր երկամյա ցուցանիշը, որպիսին այս զեկույցի պատմության ընթացքում դեռեւս ոչ մի երկիր չէր գրանցել։ USAID Armenia-ի հետ մեկտեղ մենք պատրաստ ենք աջակցել այն բարեփոխումներին, որոնք անհրաժեշտ են Հայաստանը ժողովրդավարության եւ օրենքի գերակայության ճանապարհով առաջ տանելու համար»,- նշված է դեսպանատան հայտարարության մեջ։

Միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը մեզ հետ զրույցում ասաց, որ Freedom House-ի զեկույցում նաեւ քննադատություն կա Հայաստանի իշխանությունների հասցեին, այն միակողմանի փաստաթուղթ չէ, իսկ ԱՄՆ-ի՝ աջակցություն տրամադրելու պատրաստակամության վերաբերյալ նշեց, որ նման հայտարարություններ միշտ են եղել, սակայն այլ հարց է, թե ինչ գործողություններ են եղել։ «Այն, որ դեսպանատունը պատրաստ է աջակցել Հայաստանում բարեփոխումների հարցում, դրա մասին բազմիցս խոսվել է, բազմիցս եղել են հայտարարություններ տարբեր ոլորտներում, ամերիկյան տարբեր պաշտոնյաների կողմից, բայց այլ հարց է, թե պրակտիկ առումով դա ինչ տեսք է ունեցել։ Կա նաեւ վարչապետի հայտարարությունն այն մասին, որ հեղափոխությունից հետո ԱՄՆ-ն Հայաստանին զրո աջակցություն է ցուցաբերել։ Ինչ վերաբերում է Freedom House-ին, ապա այն հասարակական կազմակերպություն է եւ գնահատականներ է տալիս աշխարհի բոլոր երկրներին, բոլոր երկրներում մատնանշում է առկա խնդիրներն ու պրոբլեմները։ Այս զեկույցում Հայաստանի վերաբերյալ բազմաթիվ խնդիրներ ու պրոբլեմներ նշվել են, եւ հետաքրքրական է, որ այս ՀԿ-ի եզրակացությամբ կիսվել է USAID-ն, բայց նորից եմ ասում, որ սա միակողմանի փաստաթուղթ չէ, այնտեղ լուրջ քննադատություն առկա է, եւ հետաքրքիր է նաեւ, որ Freedom House-ի թիրախում հայտնված երկրների շարքում է նաեւ ԱՄՆ-ն։ ԱՄՆ վարչակազմը եւս Freedom House-ի թիրախում է, եւ բնական է, որ բոլոր տեղերում բոլոր ուղղություններով կան օբյեկտիվ եւ սուբյեկտիվ գնահատականներ, որոնք նաեւ այստեղի ինֆորմացիայի հիման վրա են ձեւավորվել»,- ասաց Սարգսյանը։

Այդ դեպքում ինչո՞ւ է դեսպանատունը կիսվել դրական եզրակացությամբ եւ իր աջակցությունը հայտնել «բարեփոխումներին», սա կապ ունի՞ Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ վատթարացող հարաբերությունների հետ՝ հարցրինք Սարգսյանին։ «Այնպես չէ, որ հայ-ամերիկյան հարաբերություններն իրենց լավագույն օրերն են ապրում, հայ-ամերիկյան հարաբերությունները գտնվում են պատմականորեն ամենացածր մակարդակի վրա վերջին 2-3 տարիների ընթացքում։ Թրամփի վարչակազմի հետ Հայաստանի իշխանությունները երբեւէ որեւէ բարձր մակարդակի շփում չեն ունեցել՝ բացառությամբ Թրամփի խորհրդական Բոլթոնի, որն իր նախաձեռնությամբ եւ իր օրակարգով ժամանել էր տարածաշրջան։ Այնպես չէ, որ հայ-ամերիկյան հարաբերությունները լավանում են հայ-ռուսական հարաբերությունների հաշվին, 2 հարաբերություններն էլ գտնվում են չափազանց վատ վիճակում։ Միացյալ Նահանգները մշտապես հայտարարել է իր այդ պատրաստակամության մասին՝ Հայաստանին օգնել այս կամ այն ոլորտում՝ ոչ միայն դեսպանատան մակարդակով, այլեւ բոլոր մակարդակներով, բայց հարցն այն է, թե պրակտիկ առումով եղե՞լ են օգնություններ եւ աջակցություններ։ Ամենապրակտիկ օգնությունը, որ Հայաստանն ԱՄՆ-ից ստացել է, չհաշված 1988-ի երկրաշարժն ու 90-ականների հումանիտար օգնությունները, եղել է, հավանաբար, «Հազարամյակների մարտահրավերներ» ծրագիրը, որը լուրջ աջակցություն է եղել Հայաստանի համար»,- ասաց Սարգսյանը։