Ձկնորսի ու ձկնորսությունն արգելողի միջեւ կարելի է բալանսը գտնել

Ձկնորսի ու ձկնորսությունն արգելողի միջեւ կարելի է բալանսը գտնել

Գեղարքունիքի մարզի մի խումբ բնակիչներ փակել էին Երեւան-Սեւան մայրուղին․ պատճառը, ասում են, կառավարության որոշումն է։ Ակցիա իրականացնող գյուղացիներից մեկը նշեց․ «Շրջակա միջավայրի նախարարությունը որոշել է Սեւանում միջոցառում կազմակերպել՝ արդյունագործական ձկնորսություն անելու համար։ Որոշվել է, որ ապրիլից մինչեւ սեպտեմբեր թույլատրելի է որսալ 250 կգ ձուկ, որը յուրաքանչյուր օրվա համար անում է 1.5 կգ, այսինքն՝ թվով 3-4 ձուկ»։

Գյուղացիները նաեւ ասացին, որ ձուկն իրենց եկամտի գրեթե միակ աղբյուրն է։ «Այս ձուկը մեր եկամտի աղբյուրն է, սրա համար ենք մնացել այստեղ` արտագաղթելու փոխարեն։ Ստացվում է, որ երկրում ոչինչ չի փոխվել։ Մենք ձեզ ընտրեցինք` ճանապարհ փակելով, մենք չենք ընտրել Նիկոլին, որ ինքը մեր հացը կտրի, սա մեր ցամաք հացի աղբյուրն է, սրանով ոչ ոք չի հարստանում։ Մեր մարզպետին, ում պաշտոն են տվել հիմա, եկել, մեծ-մեծ խոսում է, պաշտոնի համար պատրաստ է այսքանիս կոտորել։ Եթե մեր հացը կտրեցին, բոլորս դառնալու ենք հանցագործ, եթե երեխաս պետք է սոված մնա, իմ ապրելը մի կոպեկ չարժե»,- ասաց ձկնորսը։

Սեւան ազգային պարկի նախկին տնօրեն Վահե Գուլանյանը «Հրապարակի» հետ զրույցում նշեց, որ պետք է այս հարցը բալանսի բերել․ «Աշխատանքով ապացուցել եմ, որ այս հարցում կարող է լինել բալանս իշխանության եւ ժողովրդի մեջ, ձկան պաշարները կարող են ավելանալ, մարդիկ կարող են որսալ, եւ օրենքն էլ հարաբերականորեն կարող է չխախտվել»։ Դիտարկմանը, թե նույն հարցով նաեւ իր պաշտոնավարման ժամանակ են ակցիաներ արել, նախկին պաշտոնյան պատասխանեց․

«Համենայնդեպս, բողոքական բնույթի ակցիաներ չէին։ Վերջին հաշվով, այսօր ձկան քանակները, որոնք հիմա են որսվում, մեր կատարած աշխատանքի արդյունքն են։ Հնարավոր է հավասարակշռել՝ թույլատրել որսալ որոշակի քանակի ձուկ, տարեկան 2 անգամ ձվադրման շրջանում թույլ չտան որսը, այլ թույլատրել որսալ խոշոր չափերի ձուկ․ դա ստացվել է ձկնորսի հետ ամենօրյա աշխատանքի արդյունքում։ Պատկան մարմիններն ինչքան էլ որ փորձեն ուժ գործադրել, միեւնույն է՝ որեւէ պատկան մարմին չի կարող ուժ կիրառել ժողովրդի նկատմամբ։ Որպեսզի այդ բալանսն ապահովվի, պետք է ձկնորսի հետ երկխոսություն լինի, այդ երկխոսությունն է միայն, որ կարող է բերել ապօրինի երեւույթների կրճատման․ թե՛ ծառերի հատման, թե՛ ապօրինի ձկնագողության ժամանակ պետք է մարզի ժողովրդի հետ երկխոսություն լինի պատկան մարմինների կողմից։ Մենք պետք է հասկանանք՝ ինչքան մարդ վառելիք չունի, ինչքան մարդ տաքանալու խնդիր ունի․ աղքատ խավի մասին է խոսքը։ Հասկանալ դա՝ հնարավո՞ր է սանիտարական հատումների եւ այլ օրինական մեթոդների միջոցով փակել այդ խնդիրը։ Ասեմ, որ մենք Սեւանից իսպառ վերացրել էինք փայտագողությունը։ Երկրորդը․ հասկանանք, թե ինչի կարիք ունի ձկնորսը։ Ազգային պարկի գործառույթների մեջ է մտնում նաեւ բալանսի ապահովումը։ Պետք է չքավորությունը հաղթահարվի, որովհետեւ այն ուղիղ համեմատական է բնապահպանական խախտումներին»։

Գուլանյանի կարծիքով, հնարավոր է՝ բողոքի ակցիաները որոշ քաղաքական ուժերի ազդեցությամբ լինեն․ «Որ այս հատվածում պատկան մարմինները բացթողումներ են արել, դա փաստ է։  Այստեղ պետք է հասկանալ՝ ինչի համար ըմբոստացավ ժողովուրդը, եթե ինքը հանգիստ որսում էր: Այնպես չէ, որ պատկան մարմնի ասածը ձկնորսի համար բան էր, իրենք միշտ էլ ասել են՝ մի բռնեք, բայց բռնել են։ Կառավարությունը մեղավոր չէ այս հարցում, ոչ էլ ժողովուրդը, այդ երկուսի միջակայքում գտնվող կառույցներից թե որն է թերացել, դրա մասին ես չեմ խոսի»։