Սեւանում ՀՀԿ-ի ու ՔՊ-ի շահերը համընկել են

Սեւանում ՀՀԿ-ի ու ՔՊ-ի շահերը համընկել են

ՀՀ մարզերում ու համայնքներում տիրող նախընտրական իրավիճակն օր-օրի սրվում է՝ խոստանալով թեժ զարգացումներ։ Այս օրերին նախընտրական ինտրիգը մեծանում է հատկապես Գեղարքունիքի մարզում, մասնավորապես՝ Սեւան քաղաքում, որտեղ իշխանությունը եւ նրան սպասարկող քրեական ռեզերվը, կարելի է ասել, կիսվել են ու տարբեր թեկնածուների են աջակցում։ Հիշեցնենք, որ Սեւանում ընտրությունները նշանակված են դեկտեմբերի 5-ին։ 

Իշխանական թեկնածուն նախկին ՀՀԿ-ական, Սեւանի նախկին քաղաքապետ Գեւորգ Մալխասյանն է, որին քաղաքապետ դարձնելու համաձայնությունը տվել է փոխվարչապետ Սուրեն Պապիկյանը։ Չնայած նախկին ՀՀԿ-ականի նկատմամբ հեղափոխությունից հետո` 2019-ին, քրեական հետապնդում էր սկսվել: Ըստ լրատվամիջոցների՝ ԱԱԾ-ում հարուցվել էր քրգործ, համաձայն որի՝ Սեւանի քաղաքապետ աշխատելու տարիներին Մալխասյանը, չարաշահելով պաշտոնեական դիրքը, 2004 թվականին Սեւան քաղաքի Գագարին թաղամասի Բաղրամյան փողոցում գտնվող նախկին մանկապարտեզի շենքը շուկայական արժեքից անհամեմատ ցածր գնով օտարել է իր մտերիմ Յուրի Ավանեսյանին` պետությանը պատճառելով շուրջ 7 մլն դրամի վնաս։

Սակայն, ինչպես շատերի դեպքում, այս գործն էլ գրվեց սառույցին, ավելին՝ հիմա այդ «հանցագործ» քաղաքապետը դարձել է Փաշինյանի ու նրա թիմի հենարանը Սեւանում։ 90-ականներին նա եղել է Սեւանի ալրաղացի տնօրենը, որը եղել է Խաչատուր Սուքիասյանինը, եւ, ըստ լուրերի, Սուքիասյանը նույնպես շահագրգռված է, որ Մալխասյանը քաղաքապետ դառնա, ու նրա միջոցով նոր բիզնես պրոյեկտներ իրականացնի։ 

Սակայն ամենակուրիոզն այն է, որ եթե ՔՊ-ն վերջնական որոշում կայացնի եւ Մալխասյանին առաջադրի Սեւանի քաղաքապետի պաշտոնին, ապա ՀՀԿ-ին այլ բան չի մնա, քան աջակցել իշխանության թեկնածուին, քանի որ Մալխասյանի հարազատ մորաքրոջ որդին ՀՀԿ տարածքային կառույցի ղեկավարն է։ Ահա այն կետը, որտեղ ՔՊ-ի եւ ՀՀԿ-ի շահերը համընկնում են: Հիշեցնենք․ տարիներ առաջ Գեւորգ Մալխասյանն առաջադրվել էր, սակայն ՀՀԿ-ն չաջակցեց, քանի որ այն ժամանակ վարչապետ Հովիկ Արգամիչը կուսակցությանը «կողմնորոշեց» իր ընկեր Ուդոյի՝ Ռուդիկ Ղուկասյանի կողմը, եւ Մալխասյանը զրկվեց ՀՀԿ-ական իշխանության աջակցությունից։

Սեւանի քաղաքապետի մյուս թեկնածուն գործող համայնքապետ Սարգիս Մուրադյանն է, որը նախօրեին հայտարարեց «Սարգիս Մուրադյան» դաշինքով առաջադրվելու վերաբերյալ, ինչը խոսում է այն մասին, որ իշխող կուսակցության աջակցությունը չունի։ Մեր տեղեկություններով՝ «Մուրադյան դաշինքը» կազմված կլինի ռամկավարներից, հնարավոր է` Ռուբեն Վարդանյանի «Ապրելու երկիր» կուսակցությունից եւ այլ անհայտ ուժերից։ 37-ամյա Սարգիս Մուրադյանը մինչեւ քաղաքապետ ընտրվելը Սեւան ազգային պարկի տնօրենի տեղակալն էր, քաղաքում հարգված անձնավորություն։ Նա 2016-ին հաղթեց անպարտելի թվացող Ուդոյին, ում առաջադրել էր ՀՀԿ-ական մեծամասնությունը։ Հատկապես մեծ շրջապատ ունի նրա աները, որին քաղաքում Կղզու Հակոբ են ասում․ նա Սեւանի թերակղզում օբյեկտ ունի եւ շատերին է «հաց տվել»։

Մեր տեղեկություններով, Մուրադյանի հետ մտերիմ են մարզում հայտնի քրեական հեղինակություն Ալիկ եւ Արա Բանդուրյան եղբայրները, որոնք ՔՊ-ական պատգամավոր Հայկ Սարգսյանի «քիփերն» են։ Բացի այդ, Մուրադյանի թեկնածությունը տակից պաշտպանում է Գեղարքունիքի մարզպետ, այժմ տարածքային կառավարման եւ ենթակառուցվածքների նախարար Գնել Սանոսյանը։ Վերջինս էլ երաշխավորել է, որ Մուրադյանի ընտրվելու պարագայում իշխանության կողմից խոչընդոտներ չեն առաջանա` ինքը Նիկոլի «դաբրոն» կստանա։ Եթե Մուրադյանն ընտրվի, կարելի է ասել, Մեղրիի կրկնությունը կունենանք:

Այս պահի դրությամբ այլ թեկնածուների մասին դեռեւս ինֆորմացիա չկա։