Մի ձեռքով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ենք պայքարում, մյուս ձեռքով ի՞նչ ենք անում

Մի ձեռքով ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ի դեմ ենք պայքարում, մյուս ձեռքով ի՞նչ ենք անում

Օրերս ՁԻԱՀ-ի կանխարգելման հանրապետական կենտրոնը նշում էր հիմնադրման 30-ամյակը: Հյուրերը տորթ կտրեցին, կենտրոնին շնորհավորեցին, գնահատեցին անցած ճանապարհը, նշվեց վերջին տարիներին Հայաստանի առաջընթացը ՄԻԱՎ վարակի կանխարգելման և բուժման գործում, կարևորվեց, որ 2017 թվականից երկրում ներդրված է «բուժել բոլորին» ռազմավարությունը, համաձայն որի` ՄԻԱՎ վարակով բոլոր պացիենտներին առաջարկվում է հակառետրովիրուսային բուժում՝ անկախ իմունային համակարգի վիճակից և հիվանդության կլինիկական փուլից: Ներկայումս, ՁԻԱՀ-ի կենտրոնում մոտ 2100 ՄԻԱՎ վարակով պացիենտ ստանում է անվճար բուժում:

Առողջապահության կազմակերպիչ Գևորգ Գրիգորյանը հաստատում է, որ Հայաստանում այս ճանապարհին ունեցել ենք և դրական տեղաշարժ, և լավ արդյունքներ, և ըստ նրա՝ այդ արդյունքների հիմնական գրավականը որդեգրված պետական քաղաքականությունն է։ Բայց նրա համար անհասկանալի է․« Ի՞նչն է պատճառը, որ ՁԻԱՀ-ի դեմ պայքարի ձեռքբերումները դառնում են երկրորդական և երկրում`առանց դիսպանսերիզացիայի և առանց համապատասխան կանխարգելիչ մեթոդներ կիրառելու, ապաստան է տրամադրվում տրանսգենդեր մարմնավաճառների, որոնք, ըստ մամուլում տեղ գտած և չհերքված տեղեկությունների, ՁԻԱՀ վարակակիր են»։ 

Հիշեցնենք, որ ընդամենը մի ամիս առաջ սոցիալական ցանցերում տարածում գտավ ուշագրավ մի հայտարարություն, ըստ որի` Կուբայից Հայաստան է ժամանել 14 մարդ, որոնք տրանսգենդերներ են և ՁԻԱՀ վարակակիրներ: Հայաստանի միգրացիայի ծառայությունից էլ հաստատել էին, որ վերջին վեց ամսվա տվյալներով՝ Հայաստանի միգրացիոն ծառայություն ապաստանի հայց է ներկայացրել Կուբայի 19 քաղաքացի։

Գևորգ Գրիգորյանը այդ ընթացքում համառորեն սպասել է Առողջապահության նախարարության որևէ պաշտոնական պարզաբանման՝ հերքումով կամ հաստատումով, արդյոք այս մարդիկ տառապում են կամ չեն տառապում ՄԻԱՎ/ՁԻԱՀ-ով։

«Ըստ մամուլի տեղեկության՝ նրանք տրանսգենդեր մարմնավաճառներ են, հիմա չի բացառվում, չէ՞, որ մարմնավաճառությամբ այս երկրում զբաղվում են ու ինչ-որ մեկին ՄԻԱՎ-ով վարակում են, մեր քաղաքացիներն են, չէ՞ ,վարակվելու, մեր երկի՞րն է, չէ, ծախսի տակ ընկնելու ու մեր ցուցանիշները տուժելու։ Մենք մի կողմից այս ուղղությամբ ֆինանսավորում ենք ավելացնում, 2016-ին էլ ստացանք կոչում, որ առաջին տեղերից մեկում ենք մորից մանուկ փոխանցվող ՁԻԱՀ-ի կանխարգելման ցուցանիշով, մեծ ծրագրեր ենք անում․․․ ինչի՞ ենք անում, եթե պետք է տրանսգենդեր մարմնավաճառներ թողնենք մեր երկիր, որոնք, առավել ևս, սպիդով հիվանդ են։ Ես չեմ ասում դրա հումանիստական կողմի, այլ առողջապահական կողմի մասին»,-ասում է Գևորգ Գրիգորյանը։

Ի դեպ, երեկ փողոցում գիշերային ժամի հանդիպեցի, ինչպես ասում են, մի խիստ էկզոտիկ արտաքին ունեցող սեքս ծառայության աշխատակցի։