Դիմելաձևի մասին

Դիմելաձևի մասին

Մեզանում հարգանքի դրսեւորման արտահայտություն է համարվում բացակա մարդու մասին խոսելիս պարոն կամ տիկին ասելը: Արդյոք դա ճի՞շտ ձեւ է: Չնայած բարոնը, որից էլ Կիլիկիայում ծնվել է մեր պարոնը, եւ տիկինը, որ տիրոջ, թագավորի, նախարարի կին է նշանակել (ստուգաբանվում է՝ մեծ կին), իրենց ծագումնաբանությամբ իրոք տիտղոս կամ մեծարման միջոց են, բայց ներկայում որպես այդպիսին չեն ընկալվում: Այժմ պարոնը կամ տիկինը տիտղոս, կոչում կամ շնորհ, հատկանիշ, յուրահատկություն չեն, դրանք ոչ մտերիմ, ոչ ազգակցությամբ կապված մարդկանց որոշակի օտարության վկայությամբ դիմելու ձեւ են, իսկ դիմել հնարավոր է միայն ներկա մարդուն, այն էլ՝ ուղղակի, հենց իրեն:

Սակայն պարոնը կամ տիկինն ակտիվորեն գործում են նույնիսկ պաշտոնական գրություններում, օրինակ՝ պետական կառավարման բոլոր մարմիններին ուղարկվող գրություններում  բարձրաստիճան պաշտոնյաների բաժանում է արվում ըստ սեռի՝ նախարար պարոն Այնինչ Այսինչյանին, նախարար տիկին Այսինչ Այնինչյանին եւ այլն: Սեռի հատկանիշի ընդգծում է սա ըստ էության՝ ի լրումն պաշտոնի:

Ընդհանրապես անհատականացման միջոց են անունը, ազգանունը, զբաղեցրած պաշտոնը, կոչումը, գիտական աստիճանը եւ այլն: Բացակա մարդու մասին խոսելիս սրանք նշվում են՝ առանձնացնելու, պարզ դարձնելու համար, թե խոսքն ում մասին է: Իսկ բացակա մարդու մասին խոսելիս պարոն կամ տիկին ասելու մեջ արտահայտվող վերաբերմունքային տարրն անտեղի է, ինչ-որ տեղ՝ նույնիսկ անպարկեշտ: Այս կոշտ բառի շուրջ երկար մտածեցի ու թողի, քանի որ երեւի դեմ չենք, որ նշված դիմելաձեւը որոշակի հոգեբանական նրբերանգներ է պարունակում, ինչպես ասվեց՝ վերաբերմունքային տարրի առկայությամբ, եւ այդ վերաբերմունքային դրսեւորման պահանջն ազգային գիտակցության մեջ պաշտոնի, ոչ թե պաշտոնն զբաղեցնող անձի արժանիքներին համադրվող գնահատականի տպավորություն է թողնում: Այլապես մեր հարեւան հարգարժան Ղազարոսի մասին խոսելիս էլ պարոն կասեինք:

Նաեւ՝ պարոն նախագահն ասաց, պարոն նախագահը հանձնարարեց ասելով՝ ավելի շատ չեն հարգում այդ պաշտոնն զբաղեցնող մարդուն, քան նախագահն ասաց, նախագահը հանձնարարեց ասողները: Եթե որպես նախագահ է ասել կամ հանձնարարել, իհարկե: Իսկ եթե ասել է զուտ որպես անհատ, այդպես էլ ներկայացնենք՝  Այսինչ Այնինչյանն ասաց, իսկ անմիջականորեն իրեն դիմելիս՝ պարոն նախագահ կամ պարոն Այնինչյան:
Ազատագրվենք ամեն խոսքի մեջ անձնական վերաբերմունք դրսեւորելու ենթագիտակցական պահանջից. սրա մեջ վախի տարր կա:

Ընդ որում այս չգիտակցված վախի տարրը կա նաեւ անմիջականորեն դիմելիս: Եթե բարձրաստիճան ղեկավարին դիմելիս պարոն կամ տիկին ասելն անխուսափելի է, ինչպես նրանից տարածություն պահպանելու սոցիալական բնականությունը, ապա երբ ղեկավարն ինքն է պահանջում, որ իրեն պարոն-ով կամ տիկին-ով դիմեն, դրա մեջ վախը հարգանքի յուրահատուկ բաղադրիչ համարելու մոտեցում կա: Զարգացած սոցիալական հարաբերություններ ձեւավորած երկրներում փորձ է արվում հրաժարվել այս կարգի դիմելաձեւից, բայց մեզանում դժվարություններ կան նույնիսկ այն դեպքում, երբ օտարերկրացի ղեկավարն իր ենթականերից պահանջում է իրեն անունով դիմել, եւ պատահում է, որ հենց ենթականերն իրենք անհարմարության զգացողություն են ունենում եւ դժգոհում:


Ռուզան ՇԱՀՎԵՐԴՅԱՆ