Փաշինյան-Ալիեւ հանդիպումը կայացավ, ի՞նչ կասեն համանախագահները
Մարտի 29-ին Ավստրիայի մայրաքաղաք Վիեննայի «Բրիսթոլ» հյուրանոցում տեղի ունեցավ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի առաջին պաշտոնական հանդիպումը։ Մինչ այդ՝ նախօրեին հանդիպել էին Հայաստանի եւ Ադրբեջանի ԱԳ նախարարներ Զոհրաբ Մնացականյանն ու Էլմար Մամեդյարովը։ Հանդիպումները ե՛ւ ԱԳ նախարարների, ե՛ւ պետությունների լիդերների մակարդակներով անցկացվել են ԵԱՀԿ ՄԽ համանախագահների հովանու ներքո՝ ղարաբաղյան կարգավորման օրակարգով։
Հանդիպումներին մասնակցել է նաեւ ԵԱՀԿ գործող նախագահի անձնական ներկայացուցիչ Անջեյ Կասպրշիկը։ Կարելի է ասել, որ սա երկար սպասված եւ նույնքան երկար էլ նախապատրաստված հանդիպում էր, եւ հենց այդ սպասողական վիճակն էլ, ամենայն հավանականությամբ, յուրահատուկ ինտրիգայնություն է հաղորդել վերջինիս, քանի որ, մեծ հաշվով, ինչ-որ ակնկալիքներ ունենալը հանդիպումից՝ կապված բանակցային գործընթացում հնարավոր առաջընթաց արձանագրվելու հետ, սխալ կլիներ։ Ե՛վ Երեւանը, ե՛ւ Բաքուն անդրդվելիորեն կանգնած են իրենց մոտեցումներում։ Իհարկե, միակ «նահանջը» Երեւանի համար այն էր, որ Փաշինյանի առաջարկը՝ կապված Ստեփանակերտին բանակցություններին ներգրավելու հետ, այդպես էլ իրականություն չդարձավ, սակայն դա հասկանալի էր դեռ շատ ավելի վաղ, գոնե այն պահից, երբ ԵՄ ղեկավարությունից հստակ ազդակներ հնչեցին, որ բանակցային ֆորմատի միակողմանի փոփոխություններն անթույլատրելի են, ինչն իրենց հայտնի հայտարարության մեջ ամրագրեցին նաեւ համանախագահները։
Հրապարակված կադրերից կարելի է մտածել, որ Վիեննայի հանդիպումը սովորական, կարելի է ասել՝ «շարքային» հանդիպում էր, որին երկու լիդերներն էլ բավականին ինքնավստահ էին, սակայն երկուսն էլ լարված էին։ Թե ինչ են խոսել վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը, ամենայն հավանականությամբ, կիմանանք ավելի ուշ, երբ համանախագահները հանդես գան հայտարարությամբ։ Առայժմ ունենք միայն վարչապետ Փաշինյանի կարճ մեկնաբանությունը՝ արված ՏԱՍՍ-ին, թե հանդիպումն անցավ նորմալ, եւ նախագահ Ալիեւի մեկնաբանությունը՝ կրկին ՏԱՍՍ-ին արված, թե պետք է սպասել մի փոքր, եւ համանախագահներն ամեն բան կներկայացնեն։ Իրենք՝ համանախագահները, կարծես թե հակված են հանդիպումը համարել հագեցած օրակարգով։ Ամեն դեպքում, «Այն, որ նորություն չկա, արդեն լավ նորություն է» հայտնի ասացվածքի տրամաբանությամբ՝ այն, որ հանդիպումները կլինեն շարունակական, արդեն լավ է, որովհետեւ, ի վերջո, ամենավատ բանակցությունն անհամեմատ ավելի նախընտրելի է, քան ուժային սցենարի զարգացումը։
Կարծիքներ