Չի կարելի ժողովրդի աչքում վարկաբեկել պետությունը

Չի կարելի ժողովրդի աչքում վարկաբեկել պետությունը

Զրույց 1999-2003 թթ․ ՀՀ սոցապնախարար Ռազմիկ Մարտիրոսյանի հետ։


- Պարոն Մարտիրոսյան, կրկին ասպարեզ է իջել 1999-ի հոկտեմբերի 27-ի ոճրագործության թեման, Դուք այդ ժամանակ եղել եք Ազգային ժողովի դահլիճում։ 

- Այո՛, ես եղել եմ դահլիճում։ 20 տարի է, ինչ Հոկտեմբերի 27-ն ինձ համար փակ թեմա է։ Ես երբեւէ հրապարակավ չեմ խոսել եւ չեմ պատրաստվում խոսել այդ թեմայով։ Ես ցավ եւ վիրավորանք կապրեմ, եթե Հոկտեմբերի 27-ը մեր օրերում դառնա քաղաքական շահարկման թեմա։ Անկախ Հայաստանի պատմությունը բաժանվում է 2 մասի՝ մինչեւ Հոկտեմբերի 27-ը եւ Հոկտեմբերի 27-ից հետո։ Ես մտածում եմ նաեւ այն սերնդի մասին, որը ձեւավորվել է անկախությունից, Հոկտեմբերի 27-ից հետո։ Ի՞նչ է մտածում նա մեր մասին, երբ նրա մոտ ձեւավորվում է այն մտայնությունը, որ ավագները գողեր են, ավազակներ, անհայրենիք մարդիկ։ Եվ շատ դժվար կլինի այսօրվա սերնդի համար կողմնորոշվելն ու անձերին ճիշտ գնահատելը։ 

- Իսկ ի՞նչ եք առաջարկում՝ չմատուցվի՞ ճշմարտությունը նոր սերնդին, չիմանա՞ն իրականությունը։

- Այն երիտասարդներին, որոնց հետաքրքրում է այդ ժամանակաշրջանն ու այդ մարդիկ, կարող եմ խորհուրդ տալ, որ չբավարարվեն մեկ անձի հիշողություններով ու պատմություններով, իրադարձություններին ու անձանց նայեն տարբեր տեսանկյուններից, իրենք գտնեն ճշմարտությունը։ Չէ՞ որ ես ասելու եմ այն, ինչը ես եմ տեսել, եւ նույն փաստը կարելի է տարբեր կողմերից դիտարկել։ Կարծում եմ, որ կգա ժամանակը, երբ նոր սերունդը, ստանալով այդքան հակասական տեղեկություններ Վազգեն Սարգսյանի մասին, կուսումնասիրի եւ կճանաչի նրա կերպարը։ Չէ՞ որ Վազգենը՝ ինքը, բարդ երեւույթ էր, եւ նրան մեկ մասով դիտելն ամբողջական չի լինի։ Ժամանակը՝ ինքը, խառնափնթոր էր, հակասական։ Մի կողմից՝ սոցիալիզմից կապիտալիզմին անցման շրջանն էր, մյուս կողմից՝ պատերազմը, երկրաշարժը։ Եվ դրանք բարդագույն խնդիրներ էին դրել հասարակության առջեւ։ Այդ խնդիրները նաեւ իրենց դրոշմն էին դնում անձանց վարքի եւ գործունեության վրա։ 

- Հոկտեմբերի 27-ին անդրադարձել են Վազգեն Սարգսյանի մերձավոր շրջապատը ներկայացնող նախկին բարձրաստիճան պաշտոնյաները՝ Գագիկ Ջհանգիրյանը, Անդրանիկ Քոչարյանը, «Հանրապետություն» կուսակցությունից կան արձագանքներ, որ չպետք է Հոկտեմբերի 27-ի գործի բացահայտումը դարձնել շոու։ Իրավապահ մարմինները կարո՞ղ են հետամուտ լինել նման մասշտաբի գործի բացահայտմանը, երբ դեռ ամիսներ առաջ էր վարչապետ Փաշինյանը հայտարարում, որ նրանք աշխատում են օր ու գիշեր, գերծանրաբեռնված։

- Նորից անցյալից մի դրվագ հիշեմ… երբ ես, մի դատական գործից վրդովված, դիմեցի 1995թ․ Սահմանադրության հեղինակ Վլադիմիր Նազարյանին, ինքը ձեռքով թփթփացրեց ուսիս՝ ասելով՝ Ռազմիկ ջան, կա առնվազն երկու ճշմարտություն․ մեկն այն է, որ ես ու դու գիտենք, մյուսը, որ ապացուցվում է դատարանում։ Քանի որ այդ իրադարձություններին մասնակցել են բազմաթիվ մարդիկ, նրանցից ամեն մեկը դրանց նայում է իր պրիզմայով։ Որպես պետություն, սակայն, դու պարտավոր ես գնալ իրավական ճանապարհով։ Այսինքն՝ դրանք պետք է ապացուցելի լինեն դատարանում։ Սակայն դա նույնպես բավարար չէ։ Դատարանի որոշումներն էլ պետք է վստահություն առաջացնեն հասարակության մեջ, որպեսզի հասարակությունը չպառակտվի։ Եվ խոսքը տվյալ դեպքում մեր դատական համակարգի մասին է։ Ամենավստահելի դատական համակարգն էլ, որն ընդունում է այնպիսի գործերի քննություն, որոնք իրենց բնույթով քաղաքական են, ապա ինչ վճիռ էլ կայացնի,  գերխնդիրը մնում է հասարակության վստահությունն այդ վճռի նկատմամբ։ Ե՛վ Մարտի 1-ի գործը, ե՛ւ Հոկտեմբերի 27-ի գործը չեն ավարտվելու դատական ակտերով։

Հետեւաբար, պետք է ավելի սառնասրտորեն նայել այս խնդիրներին։ Որեւէ մեկի համար չկար կասկած, որ Մարտի 1-ը դառնալու էր քաղաքական խնդիր։ 
Միայն մենք չէ, որ ունեցել ենք նման խնդիրներ։ Շատ ազգեր, պետություններ են իրենց կայացման ընթացքում ունեցել ավելի բարդ խնդիրներ։ Սակայն իրենց հավաքական իմաստությամբ նրանք կարողացել են անթեղել այդ խնդիրները եւ գնալ առաջ։ Ես կարող եմ բերել Չինաստանի օրինակը․ Մաո Ցզե Դունին փոխարինեց Դեն Սյաոպինը, նրա շրջապատը պահանջում էր հաշվեհարդար տեսնել Մաոյից։ Ի՞նչ է նա պատասխանում, ասում է՝ անձնապես ես շատ եմ տուժել, խիստ պատահաբար ազատվել եմ գնդակահարությունից, բայց Մաոն պետություն է ներկայացրել, չի կարելի ժողովրդի աչքում վարկաբեկել պետությունը։ Այսօր Չինաստանը դառնում է գերտերություն՝ իր իմաստուն մտածողությամբ։ Այո՛, անցած 30 տարիների ընթացքում մեր երկրում եղել են բազմաթիվ հանցագործություններ, չարաշահումներ։

- Ըստ Ձեզ՝ ո՞ր կետից պետք է սկսել անցումային արդարադատության կիրառումը, երբ կան տարբեր պատկերացումներ։ Մեկն առաջարկում է սկսել 1996-ից, մյուսը՝ 1998-ից, երրորդը՝ 2008-ից։ Ինչպե՞ս անել, որ թե՛ դատական համակարգը, թե՛ տնտեսությունը ցնցում չապրեն, միաժամանակ հանրության՝ արդարության սպասելիքներն իրականանան։

- Տասնյակ հազարավոր մարդիկ են մասնակցել ընտրակեղծիքների, տնտեսական չարաշահումների։ Հիմա բոլորը պետք է նստե՞ն։ Այսօր հասարակության պահանջներից մեկը տնտեսական չարաշահումների հարցում արդարության հասնելն է։ Որեւէ իշխանություն չի կարող հասնել արդարության, լավագույն դեպքում նրանք կարող են ընտրողաբար առանձին դեպքեր քննել։ Բայց այդ ամենն ամբողջությամբ բացահայտելը որեւէ իշխանության հնարավորություններից դուրս է։