Արցախում պայքարը թեժանում է

Արցախում պայքարը թեժանում է

Արցախի նախագահական ընտրություններին ընդառաջ «Սասնա ծռեր» կուսակցությունն ու Սամվել Բաբայանը պլանավորում են ֆորսմաժորային իրավիճակ ստեղծել, քանի որ միայն այդ դեպքում է հնարավոր հասնել հաջողության։ Մի կողմից՝ Սամվել Բաբայանի առջեւ սահմանադրական արգելք կա, եւ նա չունի մշտական բնակության համապատասխան փաստաթուղթ, մյուս կողմից՝ «ծռերն» Արցախում չունեն լայն աջակցություն, որքան էլ որ այդ մասին բարձրաձայնում են։ Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ Ժիրայր Սեֆիլյանն ու Սամվել Բաբայանը, չնայած դիրքորոշումների խիստ տարբերությանը, սկսել են հաճախ հանդիպել, քննարկել գաղտնի համագործակցության հեռանկարը։

Ըստ տեղեկությունների՝ պլանն այսպիսին է․ ինչ-որ պահից «Սասնա ծռերն» Արցախի իշխանություններին կմեղադրեն իրենց առաջարկը՝ Արցախը մարզի կարգավիճակով Հայաստանին միացնելու գործընթացը խոչընդոտելու եւ ազգադավ դիրքորոշման հարցում՝ փորձելով ոտքի հանել արցախցիներին։ Սամվել Բաբայանն էլ զուգահեռ փորձում է Ռուսաստանի «դաբրոն» ստանալ եւ դրա համար հայտարարում է, որ Արցախի հարցի լուծմանը պետք է ռուսաստանյան մանդատ տալ։ Սակայն դիրքորոշումների այս տարբերությունն առայժմ խանգարում է, որ նրանք հրապարակային համագործակցություն ծավալեն։ Գուցե անգամ չկարողանան գալ ընդհանուր հայտարարի, սակայն մեզ վստահեցրին, որ երկուսի միակ նպատակը ֆորսմաժորով իշխանությունը վերցնելն է, որին կողմերը լծվել են ողջ ուժով։

Մեր աղբյուրների փոխանցմամբ՝ ՊՆ հրամանատարի խորհրդական, Սերժ Սարգսյանի բարեկամ, գեներալ-մայոր Վարդան Ավետիսյանի օրերս արած հայտարարությունն էլ պատահական չէր։ Ավետիսյանը Սամվել Բաբայանի հետ ջերմ հարաբերություններ ունի, օրերս նա հայտարարեց, թե ապրիլյան պատերազմի ժամանակ Արցախի նախագահն  ու պաշտպանության նախարարը հետախուզության կողմից զգուշացվել են հակառակորդի քայլերի մասին, սակայն վերջիններս «էական» նշանակություն չեն տվել այդ զգուշացմանը, ինչին բավականին կոշտ արձագանքեց ՊԲ հրամանատար Լեւոն Մնացականյանը։ Արցախում կարծում են, որ սա վտանգավոր խաղ է, եւ կարող են դրանից օգտվել արտաքին խաղացողները։