Նոր փորձություն՝ Փաշինյանի թիմի համար

Նոր փորձություն՝ Փաշինյանի թիմի համար

«Լուսավոր Հայաստանը» սահմանադրական փոփոխությունների նախագիծ է մշակել, որը նախատեսում է խորհրդարանական խմբակցությունների եւ հատկապես ընդդիմության դերի բարձրացում։ Նախագիծը դեռեւս փետրվարի կեսերին ուղարկվել է ԱԺ նախագահին, ԲՀ խմբակցությանը, որպեսզի նախ ներքին քննարկում ծավալվի, ապա պաշտոնապես դրվի շրջանառության մեջ։ Սակայն մեկ ամսից ավելի է՝ քննարկումն ուշանում է, Արարատ Միրզոյանը շաբաթներ առաջ Էդմոն Մարուքյանին փոխանցել է, որ արտասահմանյան այցերից հետո հանգիստ կքննարկեն։ Սակայն, մեր տեղեկություններով, «Իմ քայլում» ոգեւորված չեն այս նախագծով, չնայած որ փաթեթը մշակվել է դեռեւս «Ելք» դաշինքի ժամանակ, եւ Նիկոլ Փաշինյանը նույնպես կողմնակից է եղել խորհրդարանական խմբակցությունների եւ հատկապես ընդդիմության դերի բարձրացմանը, սակայն հիմա, ինչպես ասում են, իրավիճակ է փոխվել, եւ իշխանության շահերից չի բխում ընդդիմության ձեռքը որոշակի լծակներ տալը։ Բանն այն է, որ խորհրդարանում ամենափոքր խմբակցությունը՝ 18 պատգամավոր ունեցող ԼՀԿ-ն, առաջարկում է խմբակցությանն իրավունք տալ` Ազգային ժողովի արտահերթ նստաշրջան կամ նիստ գումարելու: 

Հիշեցնենք, որ գործող կարգավորումներով՝ արտահերթ նիստը գումարում է ԱԺ նախագահը` պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի ստորագրությամբ, կամ կառավարությունը: Խմբակցությանը տալ Սահմանադրական դատարան դիմելու հնարավորություն, այդ իրավունքն այժմ  պատկանում է պատգամավորների 3/5-ին, այսինքն միայն 26 պատգամավորի ստորագրությամբ է հնարավոր դիմել ՍԴ, ինչպես նաեւ հասարակական հետաքրքրություն ներկայացնող հրատապ թեմայով քննարկումներ հրավիրելու իրավունք: Գործող նորմերով, հերթական նստաշրջանի` նիստերի շաբաթվա ընթացքում գումարվող նիստերից մեկում պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդի պահանջով կարող են անցկացվել նման քննարկումներ, մինչդեռ առանձին խմբակցություններ զրկված են նման հնարավորությունից։ Նախագծի հեղինակներն այս փոփոխությունների անհրաժեշտությունը հիմնավորում են նրանով, որ 2015-ի սահմանադրական փոփոխություններից եւ ընդդիմության դերի բարձրացման, վերջինիս վերահսկողական ֆունկցիաներ տրամադրելու մասին հայտարարությունները գործնականում չեն համապատասխանում իրականությանը:

Առավել եւս՝ հիմա, երբ «Իմ քայլը» խմբակցությունը խորհրդարանում ունի 88 մանդատ եւ կարող է միայնակ ընդունել անգամ սահմանադրական օրենքներ։ ԼՀԿ-ն, սակայն, միայնակ չի կարող նախաձեռնել սահմանադրական փոփոխություններ, քանի որ համապատասխան նախաձեռնության իրավունք ունի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն մեկ քառորդը, կառավարությունը կամ ընտրական իրավունք ունեցող 150 հազար քաղաքացի: Փոփոխություններն ընդունում է Ազգային ժողովը` պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երկու երրորդով: Եթե Սահմանադրության փոփոխությունների նախագիծն ԱԺ-ն չի ընդունում, ապա պատգամավորների ընդհանուր թվի ձայների առնվազն երեք հինգերորդով ընդունված որոշմամբ այն կարող է դրվել հանրաքվեի: 

ԱԺ պետաիրավական հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Վլադիմիր Վարդանյանի կարծիքով, ԼՀԿ-ի առաջարկները «սկզբունքորեն» գոյության իրավունք ունեն, սակայն նա «ոտքի վրա» չի կարող ասել՝ ընդունելի՞ են դրանք իշխող ուժի համար, թե՞ ոչ․ «Այս պահի դրությամբ ես կարող եմ ասել, որ նման ինստիտուտ կարող է գոյություն ունենալ որոշակի պայմաններում, բայց միաժամանակ չեմ կարող հստակ պատասխան տալ՝ անհրաժե՞շտ է արդյոք տվյալ ինստիտուտը, հիմնավորվա՞ծ է, երրորդ՝ մենք այդ ինստիտուտը տալով՝ կարողանալո՞ւ ենք ապահովել Սահմանադրության, ԱԺ-ի բնականոն գործունեության միասնությունը, թե ոչ։ Սրանք առանձին հետազոտության կարիք ունեն»։ Սահմանադրական բարեփոխումները, Վարդանյանի պատկերացմամբ, այն «նուրբ» հարցն են, որ պահանջում են «հստակ չափված ու ձեւված» քննարկումներ․ «Այստեղ պետք է նաեւ հասարակության կոնսոլիդացիան, նախեւառաջ՝ խորհրդարանական լայն կոնսենսուս այս հարցում»։ Դիտարկմանը, որ ԼՀԿ-ի ներկայացրած փաթեթը մշակվել է «Ելք»-ում, հիմա ի՞նչը պետք է խոչընդոտի այն ընդունել, պատասխանեց․ «Որպես իրավաբան՝ ես միայն «տեսնում եմ» այն նախագծերը, երբ դրանք պաշտոնապես կդրվեն շրջանառության մեջ։ Հավատացնում եմ ձեզ, որ ընդամենը մեկ ստորակետի, մեկ գծիկի ավելացմամբ մենք ունենում ենք բոլորովին ուրիշ բան»։ Դուք կարո՞ղ եք փոխել այդ գծիկը կամ ստորակետը, սկզբունքորեն ընդունո՞ւմ եք, որ պետք է լիազորություններ տալ ընդդիմությանը։ «Ես դրա համար եմ ասում, քանի չկա տեքստը, չեմ կարող կարծիք հայտնել, բայց կրկնում եմ՝ նման ինստիտուտ կարող է գոյություն ունենալ, ինչքանով է դա համահունչ սահմանադրական այլ կարգավորումներին, ինչքանով այն կխոչընդոտի կամ կնպաստի խորհրդարանական գործունեությանը, սրա մասին կարելի կլինի դատել, երբ մենք տեսնենք ձեւակերպումները»։ Ի դեպ, Վարդանյանը վստահեցրեց, որ ինքը չի տեսել նախագիծը, իրեն որեւէ մեկն այն չի փոխանցել, նույնիսկ կատակեց․ «Ես գիշերում եմ ԱԺ-ում եւ պատրաստ եմ քննարկել, ուսումնասիրել ցանկացած առաջարկ»։ 
ԱԺ ԲՀԿ-ական փոխնախագահ Վահե Էնֆիաջյանի կարծիքով, առաջարկները պետք է փորձագիտական ուսումնասիրության առարկա դառնան․ «Ուսումնասիրենք նաեւ միջազգային փորձը, որ տեսնենք՝ նման դրսեւորումների պարագայում ինչպիսի արտացոլանք ենք ստանում, երբ կանցնենք այս քննարկումների փուլը, կներկայացնենք նաեւ մեր դիրքորոշումը»։