Բաքուն՝ Փաշինյան-Ալիև Դավոսյան հանդիպման մասին

Բաքուն՝ Փաշինյան-Ալիև Դավոսյան հանդիպման մասին

Ադրբեջանական մեդիան քննարկում է Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանի եւ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի՝ հունվարի 22-ին դավոսյան համաշխարհային տնտեսական ֆորումի ժամանակ տեղի ունեցած մեկուկես ժամանոց հանդիպումը, որը Նիկոլ Փաշինյանի կողմից որակվել էր որպես «ոչ պաշտոնական»։

«Մինվալ» լրատվական կայքի վերլուծականի համաձայն, դավոսյան ֆորումի ժամանակ Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւը, ըստ էության, դրել է «Լավրովյան պլանի» վերջակետը, «ՌԻԱ նովոստի» լրատվական գործակալության հետ զրույցում, անդրադառնալով Բաքվի՝ ՀԱՊԿ-ում որեւէ կարգավիճակով ներկայացվածության հարցին՝ բավականին սառը տոնայնությամբ, միայն նշելով, որ հարցն ընդամենը դեռեւս քննարկվում է։

Բաքվի համար, այսպես կոչված՝ «Լավրովյան պլանը» երբեք էլ ընդունելի չի եղել, եւ պատահական չէ, որ այդ պլանի գաղտնիությունն ինֆորմացիոն «արտահոսքի» ձեւով առաջին անգամ խախտել են հենց ադրբեջանական լրատվամիջոցները։ Սակայն կարեւորն ադրբեջանական մամուլի քննարկումներում ոչ այնքան «Լավրովյան պլանի» հուղարկավորման մասին դրվագն է,  որքան այն, որ ինչպես Մնացականյան-Մամեդյարով չորս ժամանոց հանդիպումները չեն կարող լինել «ճանաչողական», այնպես էլ երկու երկրի ղեկավարների մեկուկես ժամանոց բարձր մակարդակի հանդիպումները՝ «ոչ պաշտոնական»։

Բացի այդ, ըստ ադրբեջանական կողմի, այն, որ հանդիպում են նախարարներ Մնացականյանն ու Մամեդյարովը կամ վարչապետ Փաշինյանն ու նախագահ Ալիեւը, արդեն իսկ հայկական կողմի համար դիվանագիտական պարտություն է, քանի որ Հայաստանի վարչապետ Նիկոլ Փաշինյանը քանիցս հայտարարել է՝ դեռ «թավշյա հեղափոխության» օրերից, որ ինքն իրավասու չէ բանակցել Լեռնային Ղարաբաղի անունից, սակայն, ինչպես երեւում է, բանակցությունների ձեւաչափում որեւէ փոփոխություն չկա ե՛ւ արտաքին քաղաքական գերատեսչությունների ղեկավարների, ե՛ւ պետությունների առաջին դեմքերի մակարդակով։ 

Ուշագրավ է ադրբեջանական կայքի հոդվածի այն ձեւակերպումը, որ դեկտեմբերին Հայաստանում տեղի ունեցած արտահերթ պառլամենտական ընտրություններից հետո Փաշինյանն այլեւս նույնիսկ տեսականորեն չունի հնարավորություն՝ ղարաբաղյան բանակցությունները ընդմիջելու հանուն ներքաղաքական խնդիրների կարգավորման, քանի որ ընտրություններում տարել է բացարձակ հաղթանակ։ Եվ, հետեւաբար, «արդեն ժամանակն է լրջորեն բանակցություններին անցնելու՝ հաշվի առնելով նաեւ ուժերի ոչ այնքան բարենպաստ դասավորվածությունը։

Եվ, ինչն  ամենից կարեւորն է, պետք է կատարել ստանձնած պարտավորությունները եւ ձեռք բերված պայմանավորվածությունները»։ Հրապարակումն ամփոփվում է բավականին հետաքրքիր կերպով, որտեղ նշվում է, որ գուցեեւ կա գայթակղություն Փաշինյանի համար, որ նրանից ու նրա թիմից է կախված պատերազմի եւ խաղաղության հավանականությունը տարածաշրջանում, սակայն իրականում այդ պայմաններում նույնիսկ նա խուսանավելու լայն հնարավորություններ չունի, քանի որ դա չի կարող նշանակել ո՛չ հնարավոր ագրեսիայի ձեռքբերումների իրավական ձեւակերպում եւ ո՛չ էլ «օկուպացիայի շարունակում ռուսական «խաղաղարարների» հովանու ներքո»։