Առանձի՞ն ապրել, թե՞ ծնողների հետ․ սերունդների բախում

Առանձի՞ն ապրել, թե՞ ծնողների հետ․ սերունդների բախում

Տարիներ առաջ բազմասերունդ ընտանիքի մոդելն ամենատարածվածն էր հայկական իրականությունում: Այսօր երիտասարդ զույգը ձգտում է առանձնանալ ծնողներից եւ ինքնուրույն դնել նորաստեղծ ընտանիքի հիմքը: Ինչո՞ւ են երիտասարդները ձգտում առանձին ապրել, ի՞նչ խնդիրներ կան բազմասերունդ ընտանիքներում․ խոսում են մասնագետները:

Մեծահասակների հանդեպ սերը չի պակասում

«Պետք է երիտասարդները կարողանան ինքնուրույն հաղթահարել թե՛ ֆինանսական, թե՛ սոցիալական, թե՛ միջանձնային խնդիրներն ու ճգնաժամերը, քանի որ զույգի միջեւ ընթացող ցանկացած ճգնաժամ աճի է բերում»,- ընդգծում է կլինիկական հոգեբան Եվա Օհանյանը:
Վստահ է` ընտանիքում առողջ հարաբերություններ կերտողն ավագն է: Որոշ սխալներ է մատնանշում. «Հայ մայրերը շատ են կապված իրենց տղա երեխաներին: Տղա երեխան հաճախ կուռք է դառնում: Մայրը պետք է ընդունի, որ իր տղայի կյանքում ուրիշ կին կարող է լինել:

Երբ մայրը դա գիտակցում է եւ կառավարում է իր ենթագիտակցական խանդը, կոնֆլիկտները պակասում են»: Հիշում է` երբ աշխատում էր «Կանանց իրավունքների կենտրոն»-ում, շատ է առնչվել նմանատիպ խնդիրների. «Շատ էին դեպքերը, երբ հենց սկեսուրն էր դառնում բաժանության պատճառ: Երբ տղան ինքնուրույնություն չի ունենում եւ չի կարողանում ինքնուրույն որոշումներ կայացնել, հաճախ մեծերը շարունակում են իշխել ու կառավարել նրան»: 

Խոսելով կոնֆլիկտային ընտանիքներից` նկատում է, որ շատ հաճախ այն սկեսուրները, որոնք վատ հարաբերությունների մեջ են իրենց հարսների հետ, իրենք էլ են հարս եղած ժամանակ ունեցել ընտանիքի այդ մոդելը.  սկեսուրը պետք է իշխի, ճնշի, վիրավորի, պետք է լինեն կոնֆլիկտներ: Եթե նրանք կարողանան դուրս գալ հարաբերությունների այդ սխալ մոդելից, գուցե այդ դեպքում մենք հասնենք իդեալական բազմասերունդ ընտանիքի: Մյուս կողմից էլ համարում է, որ ժամանակակից հասարակությունում բազմասերունդ ընտանիքն այդքան էլ հարմար չէ. «Երիտասարդները ձգտում են անկախության, մտածելակերպն էլ է տարբեր ժամանակակից եւ ավագ սերունդների միջեւ: Արդյունքում կոնֆլիկտային իրավիճակներ կարող են առաջանալ ցանկացած կենցաղային հարցի շուրջ, երբ միեւնույն բանը երիտասարդի համար կարեւոր է լինում, իսկ մեծահասակի համար` անընդունելի»:

Վստահ է` երիտասարդներն ուզում են իրենց կյանքի դժվարություններն ինքնուրույն հաղթահարել` թե՛ իրենց միջանձնային կոնֆլիկտները, թե՛ երեխաների դաստիարակության խնդիրները: «Առանձին ապրելով` մեծահասակների հանդեպ երիտասարդների սերը չի պակասում, դա ամենեւին չի նշանակում, որ սկեսուրին, սկեսրայրին չեն սիրում: Դա փորձ է՝ սեփական սխալների վրա կառուցելու սեփական ընտանիքը»,- նկատում է հոգեբանը` հավելելով նաեւ, որ եթե կինը հարս է գնում մի ընտանիք, որը նման է իր հայրական ընտանիքին, իրեն ավելի հեշտ է ադապտացվել, քանի որ ինքն այդ ընտանիքի մոդելը ներքուստ ունի: Եթե ինքը, օրինակ, տեսել է մանկությունում, որ իր մայրն իր տատիկից թույլտվություն է վերցնում իր յուրաքանչյուր քայլի համար, ինքն էլ նույնը կբերի իր հարս եկած ընտանիք: 

Խորհուրդ է տալիս

Առաջին․ երեխայի ծնունդից սկսած` ծնողը պետք է գիտակցի, որ նա իր սեփականությունը չէ, այլ առանձին, ինքնուրույն էակ է, ով ազատ է իր ընտրության մեջ: Երկրորդ․ առողջ սահմաններ պահելը շատ կարեւոր է: Երրորդ․ կարեւոր է ճկունություն, ներքին հասունություն ունենալ՝ կոնֆլիկտներից խուսափելու համար: Երբ հարս ու սկեսուր ներքուստ կայացած են, ինքնահաստատման դրսեւորումներ չկան, կոնֆլիկտներ էլ չեն առաջանա, քանի որ հաճախ կոնֆլիկտներ առաջանում են, երբ հարսը կամ սկեսուրը սկսում են մեկը մյուսի հաշվին ինքնահաստատվել, իսկ երբ մարդիկ ձերբազատված են նման բարդույթներից, հարաբերություններն ավելի հարթ ու հասուն են: 

Երեխան՝ բազմասերունդ ընտանիքում

Օհանյանի խոսքով` երեխաների համար դրական գործոն է տատիկ-պապիկների հետ շփումը: Քանի որ նրանք արդեն փորձառու են, եւ այն սխալները, որոնք արել են իրենց երեխաների հետ, թոռների դեպքում չեն անում: Երեխաների համար նրանք հեքիաթային կերպարներ են: Սա ամենադրական բանն է բազմասերունդ ընտանիքներում: 
Հոգեբան Նելլի Դանիելյանն ընդգծում է. «Աշխատող ծնողի համար տանը տատիկի եւ պապիկի առկայությունը շատ կարեւոր է: Նրանք կարող են երեխային տանել մանկապարտեզ, դպրոց, տարբեր խմբակներ: Նրանք զբաղվում են երեխաներով, հեքիաթներ կարդում, խաղում են, զբոսնում: Բազմասերունդ ընտանիքում ճիշտ դաստիարակության արդյունքում երեխաները մեծ սիրով եւ հարգանքով են վերաբերվում մեծահասակներին»: Միաժամանակ նշում է, որ մեծահասակների եւ ծնողների դաստիարակությունը տարբեր է, ինչը հաճախ բերում է բազմաթիվ տարաձայնությունների, իսկ արդյունքում տուժում են երեխաները: 

Դանիելյանը կարեւորում է ընտանիքում առողջ մթնոլորտի պահպանումը` անհրաժեշտ համարելով, որ յուրաքանչյուրն ունենա որոշակի սահմաններ, մեկը մյուսի գործերին չխառնվի, եւ ամեն  մեկն ունենա իր գործառույթը. «Ծնողները պետք է զբաղվեն դաստիարակությամբ, իսկ տատիկն ու պապիկը տանեն դպրոց, զբոսանքի եւ այլն»:

     Տանը` մեկ տեր եվ տիրուհի

Նելլի Դանիելյանը համոզված է` մեծահասակների առկայությունն ազդում է երիտասարդների առողջ հարաբերությունների եւ ապրելակերպի վրա, ինչպես ասում են, տանը պետք է լինի մեկ տեր եւ տիրուհի: Այս մոդելն է թույլ տալիս ընտանիքի բոլոր անդամներին լինել պատասխանատու: Ասում է` բոլոր հարցերը երիտասարդները պետք է երկուսով լուծեն, եւ սա է դարձնում զույգին առավել միասնական:
Խոսելով դժվարությունների մասին` նկատում է` տղամարդու համար խնդիր է ծնողների հետ ապրելը, քանի որ նա ցանկանում է կայանալ որպես տղամարդ, իր ստեղծած ընտանիքում, բայց բազմասերունդ ընտանիքում դա հնարավոր չէ, քանի որ հայրն իր կայացած տեղը չի զիջի որդուն, եւ նույնը վերաբերում է նաեւ կանանց:

«Վստահ կարող եմ ասել, որ բազմասերունդ ընտանիքը չի նպաստում, որպեսզի երիտասարդները զարգանան եւ կայանան: Ընդհակառակը, այսպիսի ընտանիքներում կոնֆլիկտներն անխուսափելի են»,- ասում է` հորդորելով  չխուսափել կոնֆլիկտներից, այլ լուծել բոլոր հարցերը կոնստրուկտիվ ձեւով, այսինքն` կառուցողական, միմյանց լսելով, արտահայտվելով եւ կոմպրոմիսի գալով: Մեծահասակները պետք է երիտասարդներին կայանալու հնարավորություն տան, բայց սա, իհարկե, չի վերաբերում հիվանդ կամ հաշմանդամ մեծահասակներին, ովքեր ունեն երիտասարդների կարիքը: Համոզված է` մեր սերնդի մտածելակերպը եւ աշխարհայացքը փոփոխվում են, եւ նրանք ճիշտ եւ առողջ են համարում առանձին ապրելը:
 «Մեծահասակները ծանր են տանում երիտասարդների առանձնանալը: Դա մեր էթնիկական առանձնահատկությունն է, որը գալիս է սերնդից սերունդ»,- պարզաբանում է Դանիելյանը:

Անահիտ ԳԵՎՈՐԳՅԱՆ