Խաղաղության հակառակ կողմը

Խաղաղության հակառակ կողմը

Ղարաբաղյան հիմնախնդիրը դարձյալ հայտնվել է ՀՀ արտաքին քաղաքականության խութերում՝ արագություն հաղորդելով ատաքին քաղաքական զարգացումներին: Հունվարի 22-ին ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Դավոսում ընթացող Համաշխարհային տնտեսական ֆորումի ընթացքում, իր նախաձեռնությամբ հանդիպելով Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիեւի հետ, ֆեյսբուքյան իր էջում  «ավետել է». «Մտքեր փոխանակեցինք բանակցային գործընթացի ընթացիկ իրավիճակի եւ հետագա քննարկումների մասին:

Հանդիպումը տեւեց մոտ ժամուկես»: Հանդիպումից հետո ԶԼՄ-ներում տարածված լուսանկարում Փաշինյանն ընկճված տեսք ուներ՝ միանգամայն տարբեր «դուխով Հայաստանի» կեցվածքից: Դավոսյան հանդիպումն ավելի մտահոգիչ է դառնում, մանավանդ եթե նկատի ունենանք դրանից չորս օր առաջ՝ հունվարի 16-ին, Փարիզում ԵԱՀԿ Մինսկի խմբի համանախագահների նախաձեռնությամբ կայացած Հայաստանի եւ Ադրբեջանի արտգործնախարարների՝ ավելի քան չորս ժամ տեւած հանդիպումից հետո համանախագահների տարածած հայտարարությունը, ըստ որի՝ «Նախարարները քննարկել են հարցերի լայն շրջանակ՝ կապված Լեռնային Ղարաբաղի հակամարտության հետ, եւ համաձայնել, որ անհրաժեշտ է բնակչությանը խաղաղության նախապատրաստելուն ուղղված կոնկրետ միջոցառումներ ձեռնարկել»:

Խաղաղության թեման միջազգային կարգավորողների քաղաքական եզրաբանության մեջ հայտնվեց 1992թ. մարտի 24-ին, երբ Հելսինկիում ԵԱՀԽ նախարարների խորհրդի հատուկ նիստում որոշում ընդունվեց Մինսկի կոնֆերանս հրավիրելու մասին՝ հիմնախնդրի խաղաղ կարգավորման եւ Լեռնային Ղարաբաղի կարգավիճակի սահմանման համար: Այդ տարեթիվն էլ սկզբնավորեց ղարաբաղյան հիմնախնդրի միջազգայնացումը:

1994թ. մայիսի բիշքեկյան հրադադարի համաձայնագիրը թեպետ խաղաղության պայմանագիր չէր, սակայն ռազմական գործողությունների սառեցման հիմք էր դնում պատերազմից հյուծված երկու կողմերի համար:
Խաղաղության քաղաքական թեման հայ իրականության մեջ կտրուկ սրվեց 1997թ. նոյեմբերին Լեւոն Տեր-Պետրոսյանի «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն» աղմկահարույց հոդվածի հրապարակումից հետո: Մերժելով հիմնախնդրի կարգավորման տերպետրոսյանական տարբերակը՝ Հայաստանի հասարակությունը պատերազմը չէր, որ ընտրում էր, այլ մերժում էր պարտվողականությունը Ղարաբաղի խնդրում:

Խաղաղության թեման հետխորհրդային Հայաստանում ողջ սրությամբ ծառացել է այն ժամանակ, երբ խաղաղությունը նույնացվել է պարտվողականության, զիջումների, ազատագրված տարածքների վերադարձի հետ: Դա է նաեւ պատճառը, որ խաղաղության թեման հասարակական քննարկման ասպարեզ նետելու՝ «տարածքներ՝ խաղաղության դիմաց», «հասարակություններին խաղաղության նախապատրաստման» ձեւակերպումների, առաջարկների, պահանջների շրջանառումը հայ իրականության մեջ լուրջ տագնապների տեղիք է տալիս:

Խաղաղության թեման Նոր Հայաստանի հասարակական օրակարգ նետվեց ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանի տիկնոջ՝ Աննա Հակոբյանի ջանքերով, երբ հեղափոխությունից հետո՝ 2018թ. հուլիսին, Մոսկվայում իր նախաձեռնած «Կանայք հանուն խաղաղության» արշավի շրջանակներում նա հայտարարեց. «Իրականում ես կարծում եմ, որ կարեւոր չէ, թե ինչպես է ծագել այս կոնֆլիկտը:

Կարեւորը այն մարդկային կյանքերն են, երիտասարդ կյանքերը, որոնցով վճարվում է այդ կոնֆլիկտի դիմաց»: Եթե «Հայկական ժամանակի» երկարամյա գլխ. խմբագիր Աննա Հակոբյանը ղարաբաղյան հակամարտության ծագման պատճառը համարում է անկարեւոր, ապա Մինսկի խմբի համանախագահներն էլ բնավ պարտավոր չեն հասկանալ հակամարտության էությունը, ծագման պատճառները, ինչպես եւ պարտավոր չեն խնդրի լուծումը փնտրել Ղարաբաղի ժողովրդի ֆիզիկական անվտանգության եւ ինքնորոշման միջազգային իրավունքին համապատասխան: Նույն հանդիպման ընթացքում,  անդրադառնալով ապրիլյան պատերազմին, Աննան նշել էր. որպես ՀԺ գլխ. խմբագիր, հետեւելով երկու կողմերում պատերազմող զինվորներին, տեսել էր, որ. «Այդ երեխաները ոչնչով չեն տարբերվում մեր զինվորներից, նրանց աչքերի արտահայտությունը նույնն էր՝ վախվորած եւ անհանգիստ»։ 

Աննա Հակոբյանը չի տեսել ադրբեջանցի այն զինվորների արյունամած աչքերը, որոնք գլխատել էին 19-ամյա Քյարամ Սլոյանին: Նա չի նայել հերոսաբար զոհված Արմենակ Ուրֆանյանի, Ռոբերտ Աբաջյանի եւ շուրջ 100 այլ զոհված մարտիկների աչքերին, որոնք Ադրբեջանից ոչ թե խաղաղություն էին աղերսում, այլ պաշտպանում էին հայրենիքը «վախվորած եւ անհանգիստ» աչքերով ադրբեջանցիներից: 

Մոսկովյան այցից հետո, արդեն դեկտեմբերին Շվեյցարիա կատարած «պաշտոնական այցի» վրա պետբյուջից ծախսելով ավելի քան 6 մլն դրամ,  Հակոբյանը նոր ջանասիրությամբ շարունակեց ներկայացնել խաղաղության արշավի տարակուսելի ծրագիրը՝ վերահաստատելով, որ դրա նպատակը ղարաբաղյան հակամարտությունն է: Աննան կին է, մայր, որի միակ որդին ծառայում է հայոց բանակում: Նրա ապրումները կարելի է հասկանալ, ինչպես պատերազմող երկրների բոլոր մայրերինը, սակայն Աննա Հակոբյանը Մայր Թերեզան չէ, նա ՀՀ վարչապետի կինն է, որ վարչապետից ոչ պակաս պարբերականությամբ քաղաքական հանդիպումներ է ունենում՝ լրացնելով ամուսնու ծրագրերի հասարակական-քաղաքական հատվածը:

Հետհեղափոխական Հայաստանում Աննա Հակոբյանի այսեւայլ խաղաղասիրական հայտարարություններն ու նախաձեռնություններն աննկատ անցան: Նիկոլ Փաշինյանը վիշապին սպանող հերոսն էր հայկական հավաքական գիտակցության մեջ, նրա կինը հերոսի կին էր, իսկ հերոսներին չեն քննարկում, առավել եւս՝ չեն առարկում: Եվ սա էլ հենց ամենավտանգավորն է, մանավանդ 2018թ. երկու  ընտրություններում 70-80 տոկոս քվե ստացած Նիկոլ Փաշինյանը վստահ է, որ ստացել է ղարաբաղյան հակամարտությունն ըստ իր ընտանիքի պատկերացումների կարգավորելու մանդատ:

Եվ հենց դա է նրա վրա միջազգային կարգավորողների ենթադրվող ճնշումների պատճառը՝ բարձր լեգիտիմությամբ կարգավորել հիմնախնդիրը: Իրավիճակն ավելի վտանգավոր է դառնում Փաշինյանի՝ ղարաբաղյան հիմնախնդրի կարգավորման երբեմնի անընդունելի մոտեցումների, այժմ նաեւ՝ մոտեցումների բացակայության, ինչպես նաեւ նրա քաղաքական թիմի ապագաղափարականության պատճառով:

Չի բացառվում, որ մի օր Դավոսից, Մոսկվայից, Վաշինգտոնից վերադառնալուց հետո Նիկոլ Փաշինյանը հայտարարի, որ խաղաղություն է բերել հայ ժողովրդին… տարածքների դիմաց: Տերպետրոսյանական խաղաղության ծրագիրն այսպես կարող է գործողության մեջ դրվել, եթե Փաշինյանը չներկայացնի հայ-ադրբեջանական վերջին բանակցությունների հնարավոր բոլոր մանրամասները: «Խաղաղություն տարածքների դիմաց» մերժելի կարգախոսը Հայաստանում այն փորձաքարն է, որին միշտ գայթել է հայաստանյան իշխանությունը: 

Խաղաղության թեման այժմ վերստին հայտնվել է Նոր Հայաստանի ապաքաղաքական միջավայրում՝ սպառնալով ցրել հետհեղափոխական հասարակական հովվերգությունը՝ վերածվելով գործող ականի:

Խաղաղության հակառակ կողմը միշտ չէ, որ պատերազմն է, այն ավելի շուտ պարտվողականությունն է, ազատագրված տարածքների հանձնման ձգտումը:
Հայ ժողովուրդը ո՛չ ռազմատենչ է, ո՛չ էլ պացիֆիստ: Նա խաղաղության է ձգտում, ինչպես աշխարհի շատ ժողովուրդներ: Եվ մեզ խաղաղասիրության դասեր տալն ավելորդ է: Պատերազմը հայկական կողմը չի սկսել, եւ խաղաղության կոչը պետք է հասցեագրել միայն Ադրբեջանին:
Ղարաբաղի ազատագրման համար թափված արյունը փակել է պացիֆիզմով քողարկված պարտվողականության ճանապարհը: Խաղաղությունը չեն մուրում, այլ պարտադրում են: Ինչպես բոլոր ժամանակներում, այնպես էլ այսօր: