Մի օր էս շենքը եղբայրական գերեզման է դառնալու

Մի օր էս շենքը եղբայրական գերեզման է դառնալու

Լենուղի գյուղի 4-րդ կարգի վթարային շենքում ապրողները զարմացել են, որ Արմավիրի մարզպետն իրեն ու աշխատակազմին պարգեւատրել է: «Էդ փողը ծախսելու տեղ չունեի՞ն»,- ասացին լենուղցիները՝ պատրաստվելով լքել տները: Ավերակների կույտ հիշեցնող շենքում 22 ընտանիք ապրում է 60 տարուց ավելի:

Այլեւս չդիմանալով կյանքի համար սպառնալիք դարձած շենքի պայմաններին՝ բնակիչները պատրաստվում են տեղափոխվել դպրոց եւ ապրել այնտեղ: 
«Սիրո եւ համերաշխության մասին են խոսում, բայց աչք են փակում գիշերները վախի մեջ լուսացնող 22 ընտանիքների բնակարանային խնդրին: Այդ ընտանիքներից յուրաքանչյուրում մինչեւ 4-5 երեխա է ապրում, որոնց հիգիենան ապահովելու նվազագույն պայման անգամ չունենք: Մարզպետը ճիշտ կաներ՝ այդ գումարի վրա մի փոքր էլ ավելացներ ու տար մի ընտանիքի եւ դուրս բերեր էս ավերակներից: Հա՛մ իր վարկանիշը կբարձրանար, հա՛մ մի ընտանիք գլխին տանիք կունենար: Թե չէ՝ եկել-չի եկել՝ պարգեւատրվում է. ինչի՞ համար, ո՞ր աշխատանքի համար»,- ասաց շենքի բնակիչներից Թամարա Խաչատրյանը:

Մարիամ Կարապետյանի կարծիքով էլ՝ մարզպետը կարող էր տեղեկացված չլինել իրենց խնդրին: Այդ մասին իր աշխատակազմը պետք է զեկուցեր: Այն աշխատակազմը, որը ձեւավորվել է նախկին մարզպետ Աշոտ Ղահրամանյանի պաշտոնավարման տարիներին:

«Բայց չէ, այդ աշխատակազմը շատ նրբանկատորեն թաքցրել է խնդիրը, ինչ ա թե՝ էդ փողն իր գրպանը հոսի: Ես չեմ հասկանում՝ մարզպետն ի՞նչ է մտածել, որ ինքնապարգեւատրվել, չաշխատողներին էլ պարգեւատրել է: Նրանց պարգեւատրողները մենք՝ բնակիչներս պետք է լինենք: Բարոյական չէ, երբ «քթիդ տակ» 30-35 երեխա գրեթե առանց տանիք է, իսկ դու Նոր տարվա ճոխ նվեր ես անում աշխատողներիդ»,- ասաց տիկին Մարիամը:

Խոնավությունից ու ցնցումներից քայքայված շենքի պատերին ամեն օր նոր ճեղք է գոյանում: Տների հատակները ճոճվում են, առաստաղի գաջ ու ծեփը՝ թափվում, պատուհաններն ու պատերը՝ իրարից հեռանում: «Մի օր էս շենքը մեզ տակով է անելու ու դառնա եղբայրական գերեզման»,- ասաց Մարիամ Կարապետյանը: