Շինծու գործ ա՝ 37 թվականի մեթոդներով

Շինծու գործ ա՝ 37 թվականի մեթոդներով

Օրերս այցելել էինք Երեւանին մերձակա Արգավանդ համայնք, որը մտնում է Արմավիրի մարզի մեջ, սակայն մտադիր են այն կցել Երեւանին։ Մեղմ ասած, չտպավորվեցինք Արգավանդով․ գյուղն աղբի մեջ կորած էր, ճանապարհները քարուքանդ էին, մի նորմալ ճանապարհ չկար, ասես գյուղը ռմբակոծության ենթարկված լիներ։ Շինություններն էլ իրար հակասող․ որը տեղի բնակիչներինն է, նորմալ տեսք ունի, որը համայնքինն է՝ ավերակ է, բացի գյուղապետի նստավայրից, որը բարեկարգ է, եւ մի մանկապարտեզից, որը վաղուց է կառուցվել՝ նախորդ գյուղապետի օրոք։ Իսկ նոր գյուղապետը՝ Գագիկ Օրդուխանյանը, որն այնքան էլ նոր չէ՝ ութ տարի պաշտոնավարում է, հասցրել է ծառայել նախկին իշխանություններին, հիմա էլ նորերի հետ է փորձում լեզու գտնել, ըստ Արգավանդի բնակիչների՝ մատը մատին չի խփում։ Ասում են՝ կարող է գոնե տեղացի գործարարների հետ լեզու գտնել, որ իրենց տարածքների աղբը հավաքեն, մաքուր պահեն իրենց տների, օբյեկտի շրջակայքը։

Բայց մենք շրջեցինք Արգավանդում եւ ամեն քարի ու ցանկապատի տակ կուտակված աղբ տեսանք։ Նույն անմխիթար, աղտոտ վիճակն է նաեւ գերեզմանի տարածքում, որտեղ հողհատկացումներ են արվում հենց ձորի բերանին, սողանքի գոտում։ Ծաղիկներն ու պսակներն էլ հետո նետում են ձորից ցած, որտեղով Հրազդան գետն է հոսում։ Արդյունքում գետն էլ իր հերթին է աղբի մեջ կորած։ Գումարած՝ շրջակայքից կոյուղու տհաճ հոտ է փչում, եւ պարզվեց, որ կոյուղու խնդիր էլ ունեն։

Գյուղապետ Գագիկ Օրդուխանյանը մեզ հետ զրույցում այս բոլոր խնդիրների մեղքը բարդեց կա՛մ գյուղի բնակիչների վրա՝ հասկացնելով, թե մենք «փնթի» ազգ ենք, չենք սիրում մեր շրջակայքը մաքուր պահել, կա՛մ պետական ու մասնավոր կառույցների վրա՝ «Վեոլիա ջուր», մարզպետարան, կառավարություն եւ այլն։

«Ուրեմն իմ մոտ շաբաթը երկու անգամ աղբահանություն է կատարվում՝ ռեգուլյար եւ պարտաճանաչ։ Էտի՝ մեկ։ Բնակիչներն էսօր, դաժե 100 դրամ եմ իջեցրել աղբահանության գումարը, բայց մարդիկ ափսում են էդ 100 դրամները մուծեն ամսական, երբ որ ես անցած տարի՝ 2019 թվականին, աղբահանության գումարը հավաքել եմ «գձե տը» 20 տոկոս։ Ես հիմա՝ էս տարի, ցուցակը տվել եմ մեքենային՝ ով գումարը չի մուծում, դրա աղբը չտանեք»,- ասաց նա։ Ապա անդրադարձավ ճանապարհների վիճակին՝ հիշեցնելով, որ մինչեւ նախանցած տարի փոսալցումն ու ճանապարհների բարեկարգումն ինքն էր անում՝ գյուղապետարանը։

«Բայց հեղափոխությունից հետո կառավարությունը որոշել է մարզպետարանի ճանշին վարչության վրա դնել, մենք էլ բազմիցս դրանց դիմել ենք, ասել ենք, որ արդեն փոսեր են առաջացել, եկեք էդ փոսերը լցրեք»,- ասաց Օրդուխանյանը։ Բայց դա կենտրոնական ճանապարհների մասին է, որոնք միջհամայնքային են, իսկ գյուղամիջի ճանապարհները համայնքը պետք է սարքի, այսինքն՝ գյուղապետը։ «Գյուղի միջի ճանապարհները, գիտեք, էդ ինչ ահռելի գումարների հետ է կապված, ես հենց հիմա սուբվենցիոն ծրագրերի հետ եմ կապված, մի 5-6 մլն ես եմ դնելու, մնացածը պետությունը պիտի դնի․․․ հերթով, գիտեք, դա մի օրվա բան չի, էլի»,- ասաց նա։

Հիշեցրինք, որ ինքն էլ մի օրվա գյուղապետ չէ, 8 տարի է՝ համայնքապետ է, ինքն էլ ասաց՝ ամեն տարի էլ դրանք արել է՝ շեբենապատում, ուղղում, հարթեցում, հիմա էլ երկու-երեք փողոց կա, որ ասֆալտապատել է։ Նկատեցինք, որ կիսաքանդ վիճակում է նաեւ գյուղապետարանին կից մշակույթի տան շենքը։ Այստեղ էլ պարզվեց՝ կառավարությունն է խաբել։ «Բա կուլտուրայի տան շենքը, ընգեր ջան, նախագծով, ամեն ինչով արդեն հաստատված, պետությունը պետք է փող հատկացներ, որ դա վերանորոգվեր։ Սպասում եմ, թե պետությունը երբ ա էդ փողը տալիս։ Արդեն մրցույթն անցել ա, նախագիծը կազմված ա։ Ու էս արդեն 2 տարի ա։ Անցած իշխանության օրոք հաստատվել էր, որ պետք ա մեզ փող տային վերանորոգման համար՝ մոտ 100 մլն դրամից ավել էր, հիմա հլը սպասում եմ։ Ես էն օրը մեր մարզպետին էլ էդ մասին ասացի»,-ասաց Արգավանդի գյուղապետը։

Ինչ վերաբերում է Հրազդան գետը չմաքրելուն, Օրդուխանյանը մեզ ուղղորդեց դեպի «Վեոլիա ջուր»՝ հիշեցնելով, որ ամբողջ Երեւան քաղաքի կոյուղին լցվում է Հրազդան գետը, ինքն էլ երկու տարի է՝ բողոքում է, բայց չեն կարողանում այս հարցին լուծում տալ, «որովհետեւ «Վեոլիա ջուրը» երկու ոտքը դրել ա մի մաշիկ՝ չի անում, բայց դա իր իրավասության ներքո ա»։ Հիշեցրինք, որ գոնե գետի շրջակայքում բնակիչների թափած աղբի մաքրումը կարող է համայնքապետարանը կազմակերպել, Օրդուխանյանն այստեղ էլ մեղքը բարդեց մեր ազգի «ոչ ճիշտ վարվելու» վրա։
Գերեզմանների համար այլ համայնքների բնակիչներին հողատարածքների վաճառքի մասով էլ ասաց․ «Ոչ, ոչ, էտի, եթե կարում են ապացուցեն․․․ 3 անգամ ընդդիմադիր ուժերը գրեցին, 3 անգամ էլ դատախազությունով, միլիցայությունով եկան, քննությունը կատարեցին, ասի՝ բերեք մեկին, որ ասի՝ ինձնից փող են ուզել, եւ չկարացին ապացուցեն, ու էդ գործը կարճվավ»։
Իսկ իր գյուղի՞ բնակիչներն են այդ գերեզմանոցում թաղվում, թե՞ դրսից էլ են հանգուցյալ բերում, գյուղապետն ասաց․ «Որը որ ես եմ վերցրել՝ էդ գերեզմանոցը գյուղի, համայնքի համարա, էն հինը ես չեմ կարա ասեմ՝ ով ա թաղված, ով չի թաղված, իմ վախտով չի եղել։ Հին գերեզմանոցը, կեսը, բնական ա, քաղաքացի ա եղել, որովհետեւ հին գյուղապետը ծախել ա, բայց էս գերեզմանոցը, որ ես վերցրել եմ գետի ափին, բոլորն Արգավանդ համայնքի բնակիչներ են։ Եվ թող մեկնումեկը կանգնի ասի, որ ինձ մի կոպեկ փող են տվել։ Տենց բան չի կարա լինի, որովհետեւ ես չեմ վերցրել»։ Մի երկու հարց էլ քաղաքական դաշտից տվեցինք։

- Իսկ ինչպիսի՞ն են Ձեր հարաբերությունները նոր իշխանությունների հետ։

- Շատ ընտիր։

- Բայց, կարծեմ, քրեական գործ կա հարուցված Ձեր դեմ, Դուք որեւէ գործով անցնո՞ւմ եք հիմա։

- Անցնում եմ, բայց ոչ մի փաստ չունեն իմ դեմ, սաղ Քննչական կոմիտեի սարքած բաներն ա, որ ես ապացուցում եմ, որ իմ վրա կեղծ, շինծու գործ ա՝ 37 թվականի մեթոդներով։

- Ի՞նչ գործ է։

- Որոշում եմ կայացրել, հողի կարգավիճակը փոխել եմ, ես շինթույլտվություն չեմ տվել, մարդիկ էն հին գյուղապետի թույլտվությամբ՝ 11 տարվա, մտել են Կադաստր, փողերը տվել են Կադաստրին, գրանցել են, ե՞ս տուտ պրիչյոմ։

- Հիմա Ձեզ ինչո՞ւմ են մեղադրում։

- Ոչ մի բանում ինձ չեն կարա մեղադրեն։

- Կանչո՞ւմ են հարցաքննության, եւ ի՞նչ կարգավիճակ ունեք։

- Իհարկե, էս ա՝ արդեն վերջանում ա։ Դե, մեղադրյալ են ինձ սարքել, չէ՞։

- Իսկ որքա՞ն գումարի չարաշահման մասին է խոսքը։

- 60 միլիոնի։