Գաղտնալսելու գործը ծաղկում է

Գաղտնալսելու գործը ծաղկում է

Սերժ Սարգսյանի «բռնապետական» ռեժիմից ազատվելուց հետո Հայաստանի թավշյա իշխանությունների մոտ «դեմոկրատիան» լրիվ նոր երանգներով է դրսեւորվում։ Օրինակ, եթե Սերժ Սարգսյանի օրոք ոստիկանությունը մեկի տուն խուզարկության մտնելուց առաջ նախ ծանուցում էր ուղարկում, հետո նոր «ներխուժում», ապա Նիկոլ Փաշինյանի «թավշյա» ոստիկանությունը կարող է առանց ծանուցման՝ միայն «ժողովրդի պահանջով» մտնել ցանկացած մեկի տուն, տակնուվրա անել ամեն ինչ եւ դուրս գալ։ Եվ սրա հիմնական պատճառն այն է, որ իշխանությունն իրեն լեգիտիմ է համարում եւ իր թիկունքին զգալով ժողովրդի աջակցությունը՝ կարծում է, որ իր կամքն անբեկանելի է, ինքն ինչ ուզի, կանի, քանի որ ընտրություններում ստացել է հանրության քվեն։ Բայց միայն սա չէ Փաշինյանի «դեմոկրատական» եւ Սերժի «բռնապետական» Հայաստանների տարբերությունը։
Մեզ պատմեցին, որ այսօր ոստիկանությունն ու ԱԱԾ-ն ազատ գաղտնալսում են ում ասես եւ ում ուզենան՝ առանց դատարանի թույլտվության, առանց «թուղթ-թամասի»։

Ասացին նաեւ, որ հատկապես գաղտնալսման տակ են Ռոբերտ Քոչարյանի աջակիցներն ու բոլոր նրանք, ովքեր ընդդիմանում են ներկայիս իշխանություններին, քննադատում են կամ որեւէ կերպ կապված են «նախկինների» հետ։ Դրա համար էլ բոլոր այն ռեստորաններում, որտեղ կարող են լինել Քոչարյանի մերձավորները, թիմակիցները, ըստ հավաստի տեղեկությունների, գաղտնալսող սարքեր են տեղադրված։ Եվ եթե նախկինում իրավապահները գրավոր որոշումով էին ներկայանում այդ հաստատություններ ու հարցնում էին ռեստորանատերերին՝ կարո՞ղ են տեղադրել գաղտնալսող սարք իրենց տարածքում, թե ոչ, հիմա իրավիճակ է փոխվել․ գալիս են ու  որտեղ իրենց պետք է, տեղադրում են՝ առանց ռեստորանատիրոջ թույլտվությունը հարցնելու։

Ապահով չեն նաեւ տարատեսակ մեսինջերները, որոնց գաղտնալսելու ձեւը նույնպես գտել են, ու վերջին օրենքի փոփոխությունից հետո, երբ ոստիկանությանը եւս գաղտնալսելու հնարավորություն տվեցին։ Ասացին, որ ոստիկանները, բառի բուն իմաստով, ամբողջ օրը նստած, իրենց «դուր չեկած» մարդկանց են գաղտնալսում։ Հիշեցնենք, որ մենք ժամանակին գրել էինք, որ հեղափոխությունից հետո իշխանությունները ռեստորանային հատուկ սպասք են ներմուծել Հայաստան, որոնց մեջ գաղտնալսող սարքեր են թաքնված։ Այդ սպասքն օգտագործվելու է այն ռեստորաններում, որտեղ իրենց թիրախում գտնվող անձինք հաճախ են լինում։ Այդպիսով գործող իշխանությունները նպատակ ունեն մշտական վերահսկողության տակ պահել ընդդիմացող շրջանակներին։