Մրցույթով, թե առանց՝ կառավարությունն ընտրում է բացառապես սորոսական ՀԿ-ներին

Մրցույթով, թե առանց՝ կառավարությունն ընտրում է բացառապես սորոսական ՀԿ-ներին

Արցախում սեպտեմբերին տեղի ունեցած ՏԻՄ ընտրություններին դիտորդական առաքելություն իրականացնելու համար ՀՀ կառավարությունը, ինչպես հայտնի է, շուրջ 50 միլիոն դրամ՝ 100 հազար դոլար տրամադրեց Դանիել Իոաննիսյանի ղեկավարած «Իրազեկ քաղաքացիների միավորում» եւ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն» հասարակական կազմակերպություններին։ Սորոսական ՀԿ-ներին առանց մրցույթի դրամական միջոցներ հատկացնելու հարցը երկար քննարկման ու քննադատության առարկա էր։ Հանրության լայն շերտերին հուզում էին հատկապես հետեւյալ հարցերը՝ ի՞նչ ստվերային պարտավորությունների արդյունքում է կառավարությունը ֆինանսավորում Սորոսի ֆոնդի ուղիղ ազդեցության տակ գտնվող ՀԿ-ների դիտորդական առաքելությունն Արցախում։ Ինչո՞ւ բաց եւ թափանցիկ գործունեության կարգախոսով իշխանության եկած  կառավարությունը փակ ընտրության, մեկ անձից գնումների ճանապարհին է, որպես կանոն, նախապատվություն տալիս եւ, վերջապես՝ ի՞նչ մութ ծրագրեր ունի Արցախի հարցում, եւ ինչ առաքելություն ունեն սորոսական ընկերություններն Արցախում։

Բարձրացած աղմուկից հետո հայրենի կառավարությունը, պարզվում է, «լուրջ» հետեւություններ է արել եւ մարտի 31-ին կայանալիք համապետական ընտրություններին դիտորդական առաքելության համար դրամաշնորհային մրցույթի հաղթող է ճանաչել կրկին այս 2 ընկերություններին։ Միայն թե հայտնի չէ՝ ինչպես է կատարվել այդ ընտրությունը, եւ եղե՞լ է արդյոք այդ մրցույթը՝ երբ եւ ինչպես են ընտրվել նույն կազմակերպությունները։ Քանի որ ողջ կառավարությունը լծված է «այո»-ի քարոզարշավին, երեկ կառավարությունում չգտնվեց մի կենդանի շունչ՝ պատասխանելու մեր հարցերին։ Մեր որոնողական աշխատանքների արդյունքում այս «մրցույթի» մասին երկու պաշտոնական հաղորդագրություն հայտնաբերեցինք․ առաջինով իրազեկվում էր մրցույթի, հայտերի ընդունման եւ վերջնաժամկետի մասին, համաձայն որի, դիմումատուները պարտավոր էին մինչեւ փետրվարի 25-ը ներկայացնել հայտեր։ Երկրորդ հայտարարությունը կառավարության պաշտոնական կայքում տեղադրվել է մարտի 5-ին, որտեղ հայտնում են հաղթած ընկերությունների մասին, ու ոչ մի խոսք, թե քանի ընկերություն է մասնակցել, ինչպես է ընտրությունը կատարվել, ովքեր են որոշում կայացրել եւ այլն։

Դրամաշնորհային բյուջեն 160 միլիոն դրամ է, որից 80 միլիոնը հատկացվել է Դանիել Իոաննիսյանի ՀԿ-ին, մնացածը՝ «Թրանսփարենսի ինթերնեշնլ հակակոռուպցիոն կենտրոն»-ին։ Կենտրոնի ծրագրերի ղեկավար Վարուժան Հոկտանյանը մեզ հետ զրույցում ասաց, որ գումարի կոնկրետ չափն իրեն հայտնի չէ․ «Մոտ 60-70 միլիոն դրամ է, կարծեմ, այդ հարցերով զբաղվում է կենտրոնի գործադիր տնօրենը»։  

Ընտրությունների քարոզարշավը նոր է մեկնարկել, բայց Արցախից երեկ արդեն մեղադրանք հնչեց Դանիել Իոաննիսյանի հասցեին առ այն, որ նա ապատեղեկատվություն տարածելով՝ «ստվեր է նետում» Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա։ Արցախի հանրապետական կուսակցության նախագահ Արեւիկ Պետրոսյանը բաց նամակ էր հասցեագրել ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանին։ Նա որպես քաղաքական ուժի ղեկավար եւ Արցախի շարքային քաղաքացի՝ իր անհանգստությունն էր հայտնել Դանիել Իոաննիսյանի՝ լրատվության միջոցներով կատարած «անպատասխանատու» հայտարարությունների վերաբերյալ:
«Շահագրգռված լինելով Արցախում ժողովրդավարական ընտրությունների անցկացմամբ՝ անթույլատրելի ենք համարում հնարավոր ընտրակաշառքի եւ հետընտրական ցնցումների կանխավարկածի վերաբերյալ անհարկի հայտարարությունները, որոնք բացառապես հիմնված են բամբասանքների վրա: Ի՞նչ է նշանակում՝ «Արցախում շատ մեծ չափերի ընտրակաշառքներ են բաժանվում», կամ՝ ի՞նչ իրավունքով է նա հրապարակավ նախագահի որոշ թեկնածուների անունները փոխկապակցում, անգամ իր բնորոշմամբ՝ չճշտված դեպքերի հետ: Մենք դա համարում ենք անպատասխանատու մարդու վարքագիծ, որը փորձ է՝ ստվեր նետելու Արցախում ժողովրդավարական զարգացումների եւ ՀՀ կառավարության վստահության վրա, ինչպես նաեւ ցույց է տալիս նրա կողմնակալ վերաբերմունքը»,- ասված է հայտարարության մեջ։ Հեղինակը վարչապետից խնդրում է «միջոցներ ձեռնարկել, որպեսզի նման մարդիկ եւ կազմակերպությունները հարգեն իրենց դիտորդական առաքելության սկզբունքները: Արցախի հերոսական ժողովուրդն արժանի չէ նման վերաբերմունքի»։

Իոաննիսյանը, հիշեցնենք, իր հարցազրույցներից մեկում նախագահի թեկնածու Արայիկ Հարությունյանին էր մեղադրել դրամական խոստումներ տալու մեջ, երեկ նա մեզ ասաց՝ եթե շատ են ուզում, մեկ անգամ էլ կպնդեմ հայտարարությունս․ «Մենք Արցախից ունենք բազմաթիվ ահազանգեր, որ, այո, Արայիկ Հարությունյանի կողմնակիցները բարեգործություն են անում, ավելի ճիշտ՝ բարեգործություն են արել»։ Հիմա արե՞լ են, թե՞ անում են։ «Հիմա բարեգործություն են խոստանում, իսկ արել են առ հունվար»,- պարզաբանեց Իոաննիսյանը։ Նա տարակուսած է․ «Էդ որ վարչապետին ուղերձ են գրում, ինչ ա՝ վարչապե՞տը պիտի ինձ ասի, թե ես ինչ խոսեմ, ինչ՝ չէ։ Իրենք լո՞ւրջ են ըտենց մտածում, ուրեմն ընդհանրապես պատկերացում չունեն, թե ով ենք մենք ու... Իրենք կարող են հերքել, դա իրենց իրավունքն է, բայց կոչ անել, որպեսզի Դանիել Իոաննիսյանն այս կամ այն բանն ասի կամ չասի՞… Լուրջ՝ իրանք մտածում են, որ վարչապետը կարա՞ Դանիել Իոաննիսյանին ասի կամ կուզենա՞ ասի։ Կամ՝ որ ասի, Դանիել Իոաննիսյանը դա պիտի անի՞... շատ վատ են պատկերացնում մեր կարգավիճակն ու անկախությունը»։ Հպարտ հայտարարեց Իոաննիսյանը։ Գուցե համարում են, որ վարչապետի կողմից «ընտրյալ» ՀԿ եք, ու ինչ ուզենա, ձեզ կասի, այլապես այսքան ՀԿ-ների մեջ ինչո՞ւ հենց ձեզ տվեցին այդքան գումար։ «Վարչապետը մեզ չի ընտրել, չգիտեմ՝ ինչ է դա նշանակում։ Այո, մենք կառավարության ֆինանսավորում ունենք, կառավարությունից 80 միլիոն ենք ստացել, բայց սա բացարձակապես չի նշանակում, որ վարչապետը մեզ կարող է ասել՝ ինչ ասենք, ինչ չասենք»։

Իոաննիսյանը տեղեկացրեց, որ կառավարության՝ փետրվարին կայացրած որոշմամբ «Իրազեկ քաղաքացիների միավորմանը» հատկացված 80 միլիոնից 20-ը ընտրությունների հնարավոր երկրորդ փուլում դիտորդության համար է, սակայն եթե չլինի երկրորդ փուլ, ինչպես այդ գումարը, այնպես էլ տնտեսումները վերադարձնելու են պետբյուջե։ Դա չի նշանակում, որ վստահ են, թե երկրորդ փուլ է լինելու, այլ նրա համար է, որ, ըստ Իոաննիսյանի, տեխնիկական անհարմարություններից խուսափեն, եւ կառավարությունը նոր որոշում չկայացնի։

«Երկրորդ փուլի մասին որոշումը կայացվում է դրանից 8 օր առաջ, ենթադրենք՝ ապրիլի 6-ին ԿԸՀ-ն որոշում է կայացնում, որ ապրիլի 14-ին երկրորդ փուլ է լինում, այդ ո՞նց էին մեզ որեւիցե ֆինանսավորում տալու, 8 օրում հնարավոր չէ։ Այդ իսկ պատճառով մենք 2 բյուջե ենք ներկայացրել միանգամից, եթե չլինի երկրորդ փուլ, այդ գումարն ամբողջությամբ բյուջե է վերադարձվելու, պայմանագրում հստակ նշված է»։ Հիշեցնենք, որ սեպտեմբերին կայացած Արցախի ՏԻՄ ընտրություններին էլ նշված 2 ՀԿ-ն միասին մոտ 50 միլիոն դրամ ստացան, որից 33-ը՝ Իոաննիսյանի ղեկավարած ՀԿ-ն։ Առաջիկա ընտրություններին ՀԿ-ն երկարաժամկետ դիտորդություն չի իրականացնելու. «Մենք իրականացնում ենք մեդիամոնիթորինգ, դիտարկում ենք իրավապահ համակարգի եւ ԿԸՀ-ի գործունեությունը եւ, իհարկե, քվեարկության օրն ենք լինելու ընտրատեղամասերում՝ մոտ 150 դիտորդով։ Մենք նախատեսում ենք, որ դա լինելու է Արցախի պատմության մեջ ամենամեծ դիտորդական առաքելությունը, բացի դա՝ հանրային իրազեկում ենք անում, արցախցիներին բացատրում ենք, որ քվեարկությունը գաղտնի է, բաց քվեարկելը, ընտրակաշառքը հանցագործություն են»։