Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի «թամադա»

Արամ Սարգսյանը՝ Նիկոլ Փաշինյանի քարոզարշավի «թամադա»

Հեղափոխականները՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, երեկ Սյունիքում էին քարոզչություն անում՝ Մեղրիում, Ագարակում, Կապանում։ Ասում էին՝ «ոչ»-ի ճակատ պետք չէ ձեւավորել, որ Նիկոլ Փաշինյանը «բոքսի տանձիկ» չունենա, որ հարձակվի վրան, բայց ասողները սխալվում էին՝ Փաշինյանը միշտ ունի թիրախ։ Դա նախկիններն են՝ «ռոբասերժական» կլանը։

Բայց նախ ներկայացնենք պետական ռեսուրսի չարաշահման հարցը, որն նույն՝ «ռոբասերժական» մեթոդներով է արվում։ «Ոչ»-ի շտաբի լիազոր ներկայացուցիչ Ռուբեն Մելիքյանն արդեն արձանագրել է, որ Փաշինյանը քարոզարշավի համար պետական ռեսուրս է օգտագործում, օրինակ՝ Սյունիք է մեկնել պետական ուղղաթիռով։ Նախկինում էլ Սերժ Սարգսյանը, Կարեն Կարապետյանն ու Հովիկ Աբրահամյանն էին քարոզարշավների ժամանակ պետական ռեսուրսը չարաշահում, եւ այդ մասին աղաղակում էին Փաշինյանն ու թիմը։ Հիմա նույնն անում են իրենք։ Անունը դրել են արձակուրդ, բայց նախարարներով ու պատգամավորներով մեկնել են մարզ՝ քարոզչության։ Է՛լ Սուրեն Պապիկյան, Արայիկ Հարությունյան, Լիլիթ Մակունց ու Սասուն Միքայելյան, է՛լ Հակոբ Սիմիդյան ու Արթուր Մանուկյան։ Փաշինյանին ուղեկցում է նաեւ կինը՝ Աննա Հակոբյանը, որը վերադառնալով էկզոտիկ երկրներում շրջագայությունից, շնչակտուր նետվել է քարոզարշավի՝ ամուսնուն ուղեկցում է մարզեր, քանզի քաղտեխնոլոգներն ասել են, որ դրանից քարոզն ավելի ազդեցիկ է դառնում։ Թերեւս միայն պատգամավորներ Արմեն Խաչատրյանի եւ Տիգրան Կարապետյանի ներկայությունն էր երեկ տրամաբանական, քանզի նրանք հենց այս մարզից են ընտրվել։ Մասնակցում էր նաեւ Սյունիքի մարզպետ Հունան Պողոսյանը, որը, չգտնվելով արձակուրդում, ասում էր, թե չի մասնակցում քարոզարշավին, եկել է աշխատանքային հանդիպման։

Փաշինյանը, ինչպեսեւ սպասելի էր, քարոզարշավը սկսեց նախկիններին հայհոյելով, թե այս սահմանադրական փոփոխությունները ռոբասերժական կլանի վերջին մնացորդից ազատվելու համար են։ Ամբողջ քարոզարշավի ընթացքում Փաշինյանը հենց այս մանիպուլյացիոն հնարքն է կիրառում, թե ՍԴ-ն չի արտահայտում ժողովրդի կամքը, նախկինների մնացուկն է։ «Ինչպես ժողովուրդը նախագահի պաշտոնը վերցրեց Սերժ Սարգսյանից, նույն ձեւ էլ ամսի 5-ին պետք է Հրայր Թովմասյանի պաշտոնը վերցնի նրա ձեռքից»,- գոռգոռալով՝ հայտարարեց Նիկոլ Փաշինյանը Սյունիքում, ու հնչեցին ծափեր։

«Հեղափոխությունն իմաստ չի ունենա, եթե Սերժ Սարգսյանի կամակատար դատարանի փոխարեն ձեւավորվի Նիկոլ Փաշինյանի կամակատար դատարան։ Եվ եթե մենք հիմա իրենց կամակատար դատարանները փոխարինենք մեր կամակատար դատարաններով, մենք ձեզ կդավաճանենք, ժողովուրդ ջան, մենք մեր արժեքներին կդավաճանենք»,- դարձյալ մանիպուլացրեց Փաշինյանը։ Ժողովուրդը դժվար թե գիտակցի, որ Փաշինյանն արդեն իսկ ձեւավորել է իրեն հնազանդ, կամակատար դատարան, որ ՍԴ-ն այն վերջին օղակն է, որը չի ենթարկվում նրան, եւ այս հանրաքվեն նրա համար է, որ Փաշինյանն ունենա իր սեփական շահերին ծառայող դատարան՝ առաջին ատյանից մինչեւ ՍԴ։ Եվ իր այս նպատակը նա ժողովրդին ներկայացնում է՝ ամբողջությամբ շուռ տալով փաստերը, համոզելով, թե ինքը չի ուզում ունենալ կամակատար դատարան։

Բայց ամենատարօրինակն այս ֆարսի մեջ, թերեւս, Արամ Սարգսյանի ներկայությունն էր Նիկոլ Փաշինյանի կողքին։ Սյունիքում «այո» էր քարոզում ժամանակին հեղափոխությանը «ոչ» ասող, Էդմոն Մարուքյանի հետ «երրորդ ճանապարհը» նախընտրող Արամ Սարգսյանը՝ «Հանրապետություն» կուսակցության առաջնորդը՝ «Ելք» դաշինքի նախկին անդամը։
Արամ Սարգսյանը, որը հեղափոխությունից հետո հիմնականում լռում է՝ չպաշտպանելով իր վաղեմի գործընկերոջը՝ Էդմոն Մարուքյանին, ում Նիկոլ Փաշինյանի ու նրա թիմակիցներն ամենօրյա ռեժիմով «ասֆալտին են փռում», այսօր հանկարծ ակտիվացել եւ «այո» է քարոզում՝ հանուն Նիկոլի։ Արամ Սարգսյանի քաջարանյան ելույթից այնպիսի տպավորություն էր, ասես Փաշինյանը նրան որպես թամադա՝ օրվա միջոցառման հանդիսավար էր հրավիրել։ Նա մեծ ոգեւորությամբ ելույթ էր ունենում, հայհոյում նախկիններին, խոսում հեղափոխությունից, հեղափոխության արժեքներից, որ 2018-ի ապրիլին ժողովուրդը մերժեց նախկինների գործադիր ու օրենսդիր իշխանությանը, հիմա էլ պետք է մերժի նախկինների դատական իշխանությանը՝ ապրիլի 5-ի հանրաքվեով։ Եվ սա հայտարարում էր մի մարդ, որը 2017 թվականի խորհրդարանական ընտրություններին Սյունիքի մարզում ռեյտինգայինով առաջադրվելով՝ հազիվ 500 ձայն է հավաքել եւ հանրապետականների հետ երկար ճանապարհ է անցել։

Ի դեպ, Նիկոլ Փաշինյանը Քաջարանի ելույթում անդրադարձավ նաեւ ուղղաթիռով քարոզարշավի մեկնելու խոսակցություններին, որ տարածում են, իր բնորոշմամբ, «ոչիստները»։ Այս բառի՝ «ոչիստի» վրա ամենաշատն ուրախացավ ու ծափահարեց «Իմ քայլի» ամենազուսպ պատգամավորներից մեկը` Արմեն Խաչատրյանը, որը թվում էր՝ հեռու է քծնանքից ու «շեֆի» աչքը մտնելու «սերժական» սովորույթից։ Ուղղաթիռի մասով Փաշինյանը կրկին պատմեց հին հեքիաթը, թե այն պարտադիր թռիչքային ժամեր ունի, պետք է թռչի, թեկուզ դատարկ, որ չփչանա։ Ու ժողովուրդն էլ, երեւի, հավատաց։