Ստյոպա Սաֆարյանը՝ Հանրային խորհրդի նախագա՞հ
Իշխանության ներսում, մեղմ ասած, տպավորված չեն Հանրային խորհրդի նախագահ Վազգեն Մանուկյանով, նրա բռնած «հակահեղափոխական» դիրքով ու հայտարարություններով։ Երեկ էլ նա հերթական ոչ իշխանահաճո հարցազրույցն է տվել՝ դեմ արտահայտվելով Նիկոլ Փաշինյանի նախաձեռնած վեթթինգին ու անցումային արդարադատությանը։ Մանուկյանը երբեք էլ տոգորված չի եղել Փաշինյանով ու նրա իրականացրած հեղափոխությամբ, նրան ավելի շատ Սերժ Սարգսյանն էր դուր գալիս, ում օրոք հարմարավետ տեղավորվել էր «ընդդիմադիրի» իրեն հատկացված ամպլուայում և վայելում էր Հանրային խորհրդի նախագահի անշառ պաշտոնը։ Նա ամեն առավոտ գրեթե վարչապետական կեցվածքով նստում էր այդ պաշտոնի հիմնական «քյարը» հանդիսացող Nissan Altima մակնիշի «պադավատը» ու մեկնում «էրեբունի պլազայում» տեղակայված գրասենյակ՝ այնտեղից Սերժ Սարգսյանին «հանրային նշանակության խորհուրդներ տալու»։ Նիկոլ Փաշինյանին, ասում են, չեն գոհացնում Մանուկյանի՝ «հեղափոխության գծից շեղվող» խորհուրդները, և խոսակցություններ կան, որ արդեն մտմտում են նրան փոխելու, ավելի «սվոյ» մեկին այս ընտրովի պաշտոնում «նշանակելու» շուրջ։ Ամենահարմար թեկնածուն, այս դեպքում, Հանրային խորհրդի անդամ Ստյոպա Սաֆարյանն է, որն այս օրերին ակտիվ լծված է Փաշինյանին ու նրա իշխանությանը գովերգելու, ամեն հարցում նրան պաշտպանելու սուրբ գործին։
«Իհարկե, պարտադիր չի, որ ամեն քայլում համակարծիք լինի վարչապետի տեսակետի հետ Հանրային խորհրդի անդամի տեսակետը, ոչ թե միայն նախագահինը, բայց չգիտեմ ինչպես կաշխատեն իրար հետ, եթե տարբեր կերպ են պատկերացնում բարեփոխումները։ Նիկոլ Փաշինյանը պատկերացնում է վեթթինգ և անցումային արդարադատություն, Վազգեն Մանուկյանը չի պատկերացնում»,- Hraparak.am-ի հետ զրույցում ասաց Ստյոպա Սաֆարյանը։
- Խոսակցություն կա, որ ուզում են փոխել Հանրային խորհրդի նախագահին, և ամենահարմար թեկնածուն հենց Դուք եք, քանզի Ձեր պատկերացումները կարծես համահունչ են իշխանության տեսակետների հետ։
- Էդ տեղեկությունները դնենք մի կողմ։ Իսկ թե որքանով մենք նույն կերպ կպատկերացնենք ռեֆորմները, սա կարևոր հարց է, բայց, այնուամենայնիվ, կառավարության և վարչապետի որոշելիք հարցն է։ Ի դեպ, երեկ Վազգեն Մանուկյանն ինքն էլ հայտարարեց, որ քանի դեռ չկա Հանրային խորհրդի վերջնական տեսակետ, Հանրային խորհրդի անդամներից բոլորի արտահայտած կարծիքները համարվում են անհատական կարծիքներ։ Այնպես որ, ինքը երեկ անհատական կարծիք է ասել։
- Այսինքն՝ Դուք չեք բացառում, որ հնարավոր է Վազգեն Մանուկյանը գնա, և Դուք նրա տեղը զբաղեցնեք։
- Ես չգիտեմ՝ ինչո՞ւ պիտի ինքն իր տարբերվող կարծիքի համար գնա, բայց ես ուրիշ բան եմ ասում։ Իհարկե, եթե այն կառավարության խորհրդատվական մարմին է, չգիտեմ՝ սա ընդամենը մի հարց է, բայց եթե բոլոր հարցերում ինքը կառավարության հետ ունի շատ տարբերվող տեսակետներ, ապա էս կտրվածքով՝ ես չեմ ուզում բամբասանքներ մեկնաբանել։
- Բամբասանք չէ, տեղեկություն է, ու եթե վաղը Դուք դառնաք Հանրային խորհրդի նախագահ, դա կլինի բամբասա՞նք, թե՞ տեղեկություն։
- Դա կլինի տեղեկություն։ Բայց ես էլ պիտի դրան համաձայն լինեմ, էլի։
- Այսինքն՝ դեռ վստա՞հ չեք, որ եթե Ձեզ առաջարկ լինի, կհամաձայնեք։
- Ես ընդհանրապես դեռևս չեմ հասկանում՝ էդ կառույցն ինչի մասին է, փորձում եմ հասկանալ։ Գիտեմ, որ այն խորհրդատվական նշանակություն ունի, և էդ կտրվածքով․․․ մի խոսքով՝ չգիտեմ, դա իմ երազանքը չի, էլի, լինել էդ կառույցում։
- Իսկ եթե ոչ Հանրային խորհրդի նախագահի, որևէ այլ պաշտոն զբաղեցնելու երազանք կամ ակնկալիք ունե՞ք։
- Պարտադիր չէ, և եթե վարչապետը գտնի նման անհրաժեշտություն, ես կփորձեմ հասկանալ՝ ինչի մասին է խոսքը։
- Բայց երբ Ձեզ քննադատում էին, թե Դուք ակտիվացել, պրոիշխանական դիրք եք բռնել, անընդհատ գովերգում եք Փաշինյանին ու նոր իշխանություններին, պաշտոնի ակնկալիքո՞վ եք դա անում, Դուք էլ հերքում եք, թե՝ ոչ, որևէ պաշտոնի ակնկալիք չունեք։ Հիմա ինչ-որ բա՞ն է փոխվել։
- Ես էլի եմ կրկնում՝ ես էլի որ չունեմ։ Ես պաշտպանում եմ հեղափոխությունը, և ինձ համար դա երկար սպասված է եղել, բայց դա չի նշանակում, որ եթե քո կարիքը մարդիկ զգան, էսպես ասեմ, ես հաստատապես ո՛չ հաճոյանալու, ո՛չ էլ որևէ ակնկալիքով եմ անում։ Հավատացնում եմ Ձեզ, որ եթե Նիկոլ Փաշինյանն իմ անհրաժեշտությունը որևէ տեղ չտեսնի էլ, ես որևէ կերպ չեմ փոխելու իմ վերաբերմունքը։
- Այսինքն՝ այս պահին դեռ Ձեր կարիքը չե՞ն տեսնում իշխանությունները։
- Ճիշտ են անում, որ չեն տեսնում։ Ես ինչքան որ կարողանում եմ օգնել, օգնում եմ իմ ազատ ժամանակի, իմ աշխատանքային ժամանակից դուրս։ Ավելին եթե կուզենան օգնեմ, դա արդեն, իհարկե, քննարկման խնդիր է։ Բայց էնպես չէ, որ ես վառվում եմ ինչ-որ պաշտոն ունենալու մոլուցքով։ Ես կարգավիճակ ունեմ։ Իմ ազդեցությոնը երկրում երբևիցե պայմանավորված չի եղել իմ զբաղեցրած պաշտոնով։ Ես այն ունեցել եմ, ունենալու եմ, իշխանությունների խնդիրն է՝ ոնց են պատկերացնում իմ օգնությունը։
ՀԳ․ Թեմայի շուրջ զանգահարեցինք նաև Վազգեն Մանուկյանին։ Ասացինք՝ տեղեկություն կա, որ իշխանություններն ուզում են այս պաշտոնում իրեն այլ անձով փոխարինել, քանի որ իր տեսակետները չեն համընկնում իշխանության տեսակետների հետ, ի՞նչ կարող է ասել այս առնչությամբ։ «Ես առաջին անգամ Ձեզանից եմ լսում դա և որևէ կերպ մեկնաբանել չեմ կարող։ Ցտեսություն»,- ասաց Մանուկյանն ու անջատեց հեռախոսը՝ հնարավորություն չտալով հարցը շարունակել։
Կարծիքներ