Փախուստ բուն խնդրից

Փախուստ բուն խնդրից

Հայաստանյան բարձրաշխարհիկ դասի ներկայացուցիչները հաճախ են սիրում օգտագործել «մենք ունենք ցածրորակ հասարակություն», «մենք ունենք չկրթված հասարակություն» ձեւակերպումները։

Այն, որ մեր հասարակությունն ունի կրթվելու մեծ անհրաժեշտություն, ինչպես նաեւ այն, որ մեր հասարակության շատ որակներ չեն համապատասխանում ժամանակակից առաջադեմ աշխարհի չափանիշներին, իրոք այդպես է։ Բայց խնդիրն այն է, որ հասարակությունները երբեք իրենք իրենցով չեն կրթվում։ Ահա այստեղ է, որ էլիտայի կամ բարձրաշխարհիկ հասարակության ներկայացուցիչներն իրենց քայլերով, իրենց արժեհամակարգով պետք է լայն զանգվածների ու լայն հանրության համար արժեքներ ու նորմեր ձեւավորեն։ Եվ մեր մեծ խնդիրը հենց այստեղ է։
Արեւմտյան արժեքներ կրող նախագահ Ա. Սարգսյանը ՍԴ անդամի թեկնածու է առաջադրում մեկին, ով իրեն` նախագահին, ոչ լեգիտիմ է համարում։ Իր հերթին՝ ՍԴ անդամի թեկնածուն գոհունակությամբ ընդունում է առաջարկը մեկից, որին ինքը ոչ լեգիտիմ նախագահ է համարում։ Այս պատմությունից հետո ի՞նչ հետեւություն պետք է անի շարքային քաղաքացին, ի՞նչ արժեքներ պետք է իր համար նա սահմանի։ Ա՞յն, որ կարելի է շատ հեշտ հետ կանգնել սկզբունքներից, ոտքի վրա փոխել որոշումը, պատասխանատու չլինել հրապարակային արտահայտությունների համար։ Թե՞ առաջին իսկ ճնշման դեպքում տեղի տալ, միայն թե ապահովված լինի անձնական կոմֆորտը։

Սա ընդամենը մեկ օրինակ է, իսկ նման օրինակներ մենք տեսնում ենք ամեն օր, ամեն ոլորտում, որտեղ իրար հետեւից բաց են թողնում քաղաքացի եւ հասարակություն կրթելու հնարավորությունները։ Քաղաքացիական բարձր գիտակցության ու օրենքի/իրավունքի ինստիտուտների գերակայության մասին բազմաթիվ տարիներ խոսել սիրող հանրային դեմքերը, ակտիվիստները հանկարծ ճկունություն են սկսում ցուցաբերել, երբ հարցը վերաբերում է անձնական համակրություններին։ Երբ հնարավորություն է ստեղծվում պետական մեքենայի միջոցով կիրառել վրեժի ինստիտուտը, հանկարծ օրենքի ու իրավունքի ինստիտուտները սահուն սկսում են ստորադասվել։ Պարզվում է՝ օրենքի կիրառումը, այո, կախված է մեղադրյալի անձից կամ նրա նկատմամբ եղած հանրային որոշակի խմբի տրամադրություններից։ 

Հանկարծ պարզվում է, որ կարելի է նորից անորոշ ժամանակով հետաձգել հասարակություն ու քաղաքացի կրթելը, քանի որ կան ավելի կարեւոր բաներ, ինչպիսիք են անձնական վերաբերմունքը, անցյալի վիրավորանքների բուժումը, ոչինչ, որ դրան զոհ են գնում պետության կարեւոր ինստիտուտներ, երկրի տնտեսությունն ու անվտանգությունը, շարունակվում է կոմֆորմիստ պաշտոնյաների եւ իշխանություններին հնազանդ դատաիրավական համակարգի կարեւորումը։

Հանկարծ պարզ են դառնում շատ ակտիվ հանրային դեմքերի ակտիվության կամ պասիվության մոտիվները՝ խիստ նյութական։ Անասելի հեշտությամբ զիջվում են օրենքի ու իրավունքի գերակայության, դատաիրավական համակարգի անկախության ու իշխանությունների տարանջատման սկզբունքները։ Հատուկենտ ազնիվները կորում են համատարած հարմարվողականության մեջ։ Ի՞նչ կարեւոր է, թե ո՛ր իշխանությանը ու ո՛ւմ շահերին եք հարմարվում, եթե դրա դիմաց բոլորս վճարում ենք հերթական հանրային անազատությամբ։ Ո՞վ պետք է կրթի, ո՞վ պիտի օրինակ ծառայի ոմանց կողմից արհամարհված, հերթական անգամ օգտագործված ու լքված «անկիրթ հասարակությանը»։

Գեղամ ԹԵՐԶՅԱՆ