Ադրբեջանը «Մեղրիի» տարբերա՞կն է առաջարկում

Ադրբեջանը «Մեղրիի» տարբերա՞կն է առաջարկում

Վաշինգտոնյան հանդիպումից հետո Ադրբեջանի արտգործնախարար Մամեդյարովի հայտարարության մեջ մի նրբերանգ կար, որ մեկնաբանների ուշադրությունից դուրս մնաց: Նա ասաց, որ «հիմնական բանակցությունները կարող են սկսվել ադրբեջանական տարածքներից հայկական ուժերը դուրս բերելուց հետո»:

Խոսքն, ինչպես հասկացվում է, նախկին ԼՂԻՄ-ի շուրջ տարածքների եւ ԼՂ վերջնական կարգավիճակի հարցով բանակցությունների մասին է: Մամեդյարովի այս հայտարարությունից հետո «Ատլաս» վերլուծական կենտրոնի տնօրեն Էլխան Շահինօղլուն գրեց, որ եթե քննարկվում է ինքնորոշման եւ Հայաստան-Լեռնային Ղարաբաղ անարգել հաղորդակցության ապահովման ծրագիր, ապա ադրբեջանական կողմը պետք է պնդի Նախիջեւանի «ապաշրջափակման» խնդիրը:

Այսինքն, Հայաստանն էլ պետք է երաշխավորի Ադրբեջան-Նախիջեւան միջանցքի անարգել գործառնությունը: Վերջին մեկուկես տասնամյակում ադրբեջանական կողմից նման վերլուծաբանական մոտեցում, կարծես, առաջին անգամ է դրվում շրջանառության: Նախկինում Բաքուն խոսում էր Հայաստան-Լեռնային Ղարաբաղ ցամաքային կապին համաձայնության մասին՝ Ադրբեջանի «տարածքային ամբողջականության շրջանակներում»:

Այս պահին նման պնդում չի արվում, ինչից կարելի է ենթադրել, որ Բաքվում առնվազն փորձագիտական մակարդակում քննարկվում է «Մեղրիի» տարբերակին վերադառնալու գաղափարը: Ավելին, ադրբեջանական փորձագիտական հանրության կողմից հրապարակ է բերվել մի բավական ինտրիգային վարկած:

Ըստ այդմ, չափազանց մեծ է հավանականությունը, որ ԱՄՆ- Թուրքիա տարակարծությունները գնալով խորանալու են: Դրան նպաստելու է նաեւ Եվրամիությունը, եւ Թուրքիան պարտադրված է լինելու գնալ Ռուսաստանի եւ Չինաստանի հետ նոր եվրասիական աշխարհաքաղաքական ալյանսի ձեւավորմանը:

Դրա համար, ինչպես մի շարք ադրբեջանցի վերլուծաբաններ են պնդում, հարկ կլինի լուծել Թուրքիայի եւ Ռուսաստանի միջեւ ցամաքային ուղիղ հաղորդակցության հարցը: Միացյալ Նահանգները եւ Եվրամիությունը թույլ չեն տա, որպեսզի Վրաստանի համաձայնի Բաքու-Կարս երկաթուղուն Ռուսաստանի միանալուն: Այդ իսկ նկատառմամբ, ըստ ադրբեջանցի վերլուծաբանների, ներկայումս Թուրքիան եւ Ռուսաստանը քննարկում են Մեղրիի երկաթուղին վերագործարկելու հավանականությունը:

Խնդիրը, սակայն, կարող է կարգավորվել միայն այն դեպքում, երբ «արաքսամերձ տարածքներն ազատագրվեն հայկական օկուպացիայից»: Ադրբեջանցի վերլուծաբան Ահմեդօղլուն նույնիսկ տեսակետ է հայտնել, որ այդ խնդիրը քննարկելու նպատակով Մոսկվան Երեւան է գործուղել «Ռուսական երկաթուղիներ»-ի տնօրենի տեղակալ Մաշարինին, սակայն Հայաստանի վարչապետ Փաշինյանը նրան չի ընդունել: 

Ըստ այդմ, ադրբեջանցի քաղվերլուծաբանը կարծում է, որ ,,Ռուսաստանը դեմ չի լինի, եթե Ադրբեջանը Լելե-Թեփեի ուղղությամբ ռազմական գործողություններ սկսի՝ Հայաստանի սահման դուրս գալու համար,,: Ստացվում է, որ Ադրբեջանը դիվանագիտական առաջարկություն է անում, որպեսզի վերադառնան «Մեղրիի»  տարբերակի՞ն: Եւ եթե դա տեղի չունենա, ապա Ռուսաստանի հետ համաձայնությամբ կարող է Արցախի հարավում ռազմական գործողություններ սկսել՝ բացելու Մեղրիի երկաթուղի՞ն:

Ընդսմին, ադրբեջանական մամուլն ակնարկում է, որ աշխարհաքաղաքական այդ նախագիծը Բաքուն եւ Մոսկվան կարող են ներկայացնել նաեւ Իրանին՝ հաշվի առնելով, որ խոսքը վերջինիս հյուսիսային սահմանի մոտ ենթադրվող «ճեղքման» մասին է: Անոնսավորված է Պուտին-Ռուհանի-Ալիեւ հանդիպում, որի օրակարգում է նաեւ երեք երկրների երկաթուղային կոմունիկացիաների միավորման հարցը: