Ռուսական իմպերիալիզմն ու հայկական ուզվորությունը

Ռուսական իմպերիալիզմն ու հայկական ուզվորությունը

Ռուսաստանը որպես պետություն կազմավորվելուց հետո միմիայն նվաճումներով է զբաղվել։ Հիմա էլ որ աշխարհը նրան տաս, չի կշտանա։ Տարածքով մեծ է բոլոր մեծ տերություններից, ամեն մի քաղաքացու մեկ կոլխոզի տարածքի չափ վարել-ցանելու հողատարածք է բաժին ընկնում, բայց պոմիդորը գնում է Թուրքիայից։

Ո՞ւմ է պետք այդ հսկա պետությունը, երբ նրա հասարակ քաղաքացիներն ապրում են, ուղղակի իմաստով, հազար անգամ վատ, քան նրա զբաղեցրած տարածքից մի քանի տասնյակ հազար անգամ քիչ տարածք զբաղեցնող պետությունների քաղաքացիները (օրինակ՝ Սինգապուրի)։ Մի՞թե կարելի է մի մեծ աշխարհամաս զբաղեցնել մոլորակի վրա՝ միայն սամագոն թորելու համար։

Ռուսաստանը շատ է ձգտել աշխարհին երեւալ ազատարարի  դեմքով, նույնիսկ համաշխարհային սոցիալիստական հեղափոխություն է կազմակերպել, բայց ի՞նչ է աշխարհին տվել, բացի միջազգային խառնակչությունից, մահաբեր զենքերից, «Զապորոժեց»-ից ու քաղաքները ծխահարող բեռնատարներից, որոնց շահագործումն արգելված է աշխարհի 95 տոկոս երկրներում։

Մեկը չկա, ասի՝ եթե մեր երկրի դեմ որեւէ երկիր պատերազմական գործողություններ ձեռնարկի, ու մեզ մոտ տեղակայված ռուսական ռազմական բազաները, ըստ հայ-ռուսական պայմանագրի, չպետք է օգտագործվեն դրանց դիմակայելու համար, ապա с какого перепуга  մենք  Գյումրիում դրանց տեղ ենք տվել։

Մեր հողերի ու արյան հաշվին Թուրքիան ու Ռուսաստանը եղբայրացել են վաղուց, իսկ մենք՝ հավերժական ուզվորներս, Երկրորդ համաշխարհայինի օրերին ամենաշատ կյանք ու արյուն տալով за Россию, հույսեր էինք փայփայում, որ խորհրդային զորքերը կմտնեն Թուրքիա ու կազատագրեն Արեւմտյան Հայաստանի հողերը։

Այժմ մենք նրա համար, Թուրքիայի հետ ունեցած հարաբերություններում, մանրադրամի դեր ենք խաղում, ուրիշ ոչինչ։ Մեր պատմության ամոթալի էջերից մեկը Խրիմյան հայրիկի դիվանագիտական առաքելությունն էր դեպի Եվրոպա։ Մյուս՝ ոչ պակաս ամոթալի էջը Հայաստանի հետխորհրդային շրջանն է. փոխանակ մեր պետական գործիչներն ամեն ինչ անեին մեր երկիրը հզորացնելու համար,  թալանեցին, հայաթափեցին, Արցախի համար մեր ժողովրդի թափած արյունն անգամ ուրացան՝ Արցախի հարցը թողնելով Ռուսաստանի քմահաճույքին։

Ուզվորությունը  մեր արտաքին քաղաքականությունն է։ Ուզում ենք, որ աշխարհը Հայոց մեծ եղեռնը ճանաչի, Թուրքիան մեր հողերը ետ տա, Արցախի անկախությունը ճանաչի։ Ոչինչ չենք անում, միայն ուզում ենք։ 

Ինչո՞ւ մինչեւ հիմա մենք Արցախի Հանրապետության անկախությունը դե յուրե չենք ճանաչել կամ չենք միավորել մեզ։ Այդ հարցին կա մեկ հստակ պատասխան՝ պետական այրերին խանգարել է  իրենց գողոնն ու թալանածը կորցնելու վախը, քանզի նման դեպքերում կարող էին ցնցումներ տեղի ունենալ, եւ Ռուսաստանի հովանավորչությունը կորցնեին։

Ինչո՞ւ Լեւոն Տեր-Պետրոսյանը, իշխանության գալուց հետո, քաջ գիտակցելով Հայաստանում անկախ իրավական պետության ստեղծման անհրաժեշտությունը, նորանկախ Հայաստանում ավազակապետություն հաստատեց ու երկիրը հանձնեց Ռոբերտ Քոչարյանին։ Հայաստանի աղքատությունն ու քաղաքական թուլությունն ո՞ւմ են պետք։ Ո՞վ է Ռուսաստանի հենասյունը Հայաստանում։ Ամեն ինչ այնպես է արվել, որ Հայաստանն արտաքին աշխարհի հետ երկաթուղային կապ չունենա։ Նախկին նախագահների ձեռքով մեր առաջ փակվել են աշխարհի բոլոր դռները։

Լարսով անցնող` մեզ սնուցող պորտալարը կտրելը Պուտինի համար մի հեռախոսազանգի հարց է։ Ապրիլյան պատերազմի հետեւում կանգնած Սերժի կլանի նպատակները որո՞նք էին։ Անցյալ դարի 20-ականների սկզբին ռուսական ուժերը նույն՝ այսօրվա իրավիճակն էին ստեղծել Արցախի շուրջ, երբ Ռուսաստանի իշխանությունների անունից Թիֆլիսի կինտոն Արցախը տվեց Ադրբեջանին։

Իսկ մենք՝ հավերժական ուզվորներս, միլիարդներ ենք ծախսում Խոսրովի անտառներում քարայծեր բուծելու, երկնաքեր եկեղեցիներ կառուցելու, ձրիակեր ու թալանչի իշխանավորներ կերակրելու համար, երբ Արցախի սահմանը պահող մեր հարյուրավոր զինվորներ անզեն, սոված ու ծարավ զոհվում էին թշնամու գնդակներից։ 

Ուզվորների դիվանագիտությամբ մենք Արցախի Հանրապետության անկախության միջազգային ճանաչմանը չենք հասնի։ Հայ ազգն աշխարհի թատերաբեմը ոչ միայն  չպետք է լքի, այլեւ պետք է գլխավոր դերակատարներից մեկը դառնա։ Ժամանակն է մեր ազգային ու պետական բոլոր գործիչներին գաղափարական վեթթինգի ենթարկել։

Մեզ՝ ուզվորներիս, թվում է, թե Ռուսաստանը մի օր Արցախի Հանրապետության անկախությունը կճանաչի՝ մեր սիրուն աչքերի համար, ու կհրաժարվի Ադրբեջանից։ Այսօր մեզ համար չկա ավելի մեծ ազգային խնդիր, քան մեր սխալներն ու մեզ ներսից ու դրսից ճանաչելը։ Աշխարհին պետք է հիշեցնել, որ մենք մեր «ճշտով» պետք է Արցախն ստանանք։