Իշխանությունների և անասունների տարբերության մասին

Իշխանությունների  և անասունների տարբերության մասին

Երեկ Նիկոլ Փաշինյանի ընտանիքին պատկանող «Հայկական ժամանակ» թերթը խմբագրական էր հրապարակել համանման վերնագրով, մի տարբերությամբ, որ «իշխանություններ» բառի փոխարեն գրել էր «մարդկանց»: Եվ քանի որ հոդվածը ստորագրություն չուներ, մտածեցի, որ դա Նիկոլ Փաշինյանի եւ Աննա Հակոբյանի հերթական համատեղ գլուխգործոցն է: Ճիշտ է, ասում են` ՀԺ-ն հատուկ աշխատող ունի նման բաներ գրելու համար, բայց, ամեն դեպքում, թերթի ուղղությունը որոշողը, մեր կարծիքով, հիշյալ ընտանիքի գլխավորներն են, ուստի չի կարելի անուշադրության մատնել նման արտառոց վերնագրերով նյութերը:
Մինչ խնդրո առարկա հոդվածի բուն բովանդակությանն անցնելը, կցանկանայի երկու խոսք ասել նույն թերթի նույն օրվա համարում զետեղված փոքրիկ տեղեկատվության մասին, որից իմանում ենք, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանը, Աննա Հակոբյանին առաջ տված, մի 16 հոգու էլ հետեւը գցած, հուլիսի 4-9-ը պտույտների է մեկնելու Հնդկաչինի կողմերը` Վիետնամ եւ Սինգապուր:

Ակամա մտածեցի, որ նման հետաքրքիր ուղեւորության նախօրյակին իշխանությունները պարզապես չեն կարող վատ տրամադրություն ունենալ: Ամենայն հավանականությամբ, արդեն իրենց տվել են «շոփինգի»` նոր կոշիկ, նոր կոստյում, նոր փողկապ, նոր` ասիական երկրներին պատշաճող օծանելիք, գիշերազգեստներ, լողազգեստներ եւ այլն, եւ այլն: Էլ չենք խոսում այն մասին, որ վիետնամական եւ սինգապուրյան խոհանոցների հետ ծանոթության հեռանկարն էլ իր հերթին է բարձրացրել մեր իշխանությունների առանց այն էլ բարձր տրամադրությունը:
Եվ ահա, Նիկոլ Փաշինյանի նկարով այս լուրի հարեւանությամբ կարդում ենք «Մարդկանց եւ անասունների տարբերության մասին» վերնագրով խմբագրականը, որտեղ «նախկինները» մեղադրվում են «սառնարանային քարոզչություն» անելու մեջ, որով, իբր, նրանք հանրությանը համոզում են, թե ցանկացած իշխանության թիվ մեկ խնդիրը մարդկանց սառնարանները լցնելն է:

Չհամաձայնելով «նախկինների» այն պնդումներին, որ Փաշինյանի վարած տնտեսական քաղաքականության արդյունքում ՀՀ քաղաքացիների սառնարաններում շուտով մկներն իրենց կախելու են, իշխանական ՀԺ-ի խմբագրականի հեղինակը գրում է. «Համաձայնվեք, որ մարդն անասունից տարբերվում է հենց նրանով, որ մարդու համար սեփական կերակրատաշտից (մսուրից, լափամանից) բացի այլ արժեքներ էլ կան, եւ եթե մեկը հայտարարում է, թե ժողովրդի համար ամենակարեւորն ուտելիքն է, դրանով նա անուղղակիորեն ժողովրդին անասունների հետ է համեմատում»:
Լավ, մի՞թե կարելի է բարձր տրամադրության մեջ նման բաներ գրել: Նախ` սույն «մարդակենտրոն» հոդվածի հեղինակին հիշեցնեմ, որ մարդու «կերակրատաշտը» չի կարող մսուրքը կամ լափամանը լինել: Սա խիստ վիրավորական ձեւակերպում է: Մյուս կողմից էլ, այդ հեղինակը վիրավորում է կենդանիներին՝ սուտ լուրեր տարածելով այն մասին, որ «անասունի» համար լափամանից բացի այլ «արժեքներ» չկան: Ըստ երեւույթին, նա անասուններ տեսել է միայն գազանանոցում, այլապես կիմանար, որ այդ նույն անասունները, թեկուզ ռեֆլեքսներով, բայց սրբորեն պահպանում են իրենց տեսակին հատուկ շատ ու շատ «արժեքներ», որոնց մասին մարդն անգամ գաղափար չունի:


Ի՞նչ մեղքս թաքցնեմ, ես այս օրերին չեմ լսել, որ «նախկիններից» մեկնումեկն ասեր, թե մարդ արարածի համար ամենակարեւորն իր «կերակրատաշտն է»: Փոխարենը եղել են դեպքեր, երբ «նորերը» պնդել են, որ հայ մարդը, «լոդր» է, աշխատել չի սիրում, սպառողական հոգեբանություն ունի, նա չի կարող աղքատ չլինել, քանի դեռ աղքատությունն իր գլխում չի հաղթահարել: Ես կառաջարկեի` անհասցե «նախկինների» բոստանը քար նետելուց առաջ հանել «ներկաների» աչքի փուշը, որ նրանց խանգարում է տեսնել այն լրջագույն խնդիրները, որոնք իսկապես կարող են կործանել իրենց: Այդ խնդիրներից մեկն էլ, անշուշտ, մարդկանց սառնարանի պարունակությունն է:

Հաստատ այնպես չէ, որ մարդիկ հեղափոխություն են անում «լավ կյանքից զզված»: Լավ կյանքը ենթադրում է բարեկեցություն, ինչի համար պայքարում է յուրաքանչյուր մարդ, որ իրեն պատասխանատու է զգում սեփական ընտանիքի եւ հարազատների առջեւ: ՀԺ հոդվածից, մինչդեռ, կարելի է ենթադրել, որ մենք, ի դեմս նախորդ տարեվերջյան ինքնապարգեւատրվածների եւ աշխատավարձերը շռայլորեն ինքնաբարձրացրածների, գործ ունենք, շատ ներողություն, կատարյալ «անասունների» հետ, որոնք այդկերպ լուծել են իրենց կերակրատաշտի հարցը միայն` որեւէ արժեք չդավանելով, չհետապնդելով եւ չստեղծելով:

Դուք սա՞ եք ասել ձեր հրապարակումով:
ՀԺ-ի խմբագրականում երկար պեղումներից հետո հայտնաբերեցինք մի միտք, որի հետ չհամաձայնել ուղղակի չկարողացանք: Ահա, գրել են. «Իշխանությունները պարտավոր են ամեն ինչ անել, որպեսզի հասարակության յուրաքանչյուր անդամ հնարավորություն ունենա ոչ միայն արժանապատիվ աշխատանքով «լիքը պահել» իր սառնարանը, այլեւ իրեն լիարժեք մարդ զգա»:

Ինչպես ասում են` բռնելու տեղ չեն թողել, բայցեւայնպես, տպավորություն է ստեղծվում, որ այս հրաշալի միտքը ՀՀ նոր իշխանությունների հետ որեւէ աղերս չունի, քանի որ նրանք որեւէ քայլ չեն արել իրենց այդ «սուրբ» պարտականության կատարման ուղղությամբ: Փոխարենը մեր երկրում ապրիլյան իշխանափոխությունից հետո ժողովուրդն է ամեն ինչ արել, որպեսզի նոր իշխանության յուրաքանչյուր ներկայացուցիչ հնարավորություն ունենա ոչ միայն ձեռքն ընկած պաշտոնով «լիքը պահել» իր սառնարանը, այլեւ փակել սառնարանի, լվացքի մեքենայի, հեռուստացույցի վարկերը, տներ առնել, ճոխ ավտոներ քշել ու դեռ ժողովրդին համոզել, որ այդ ամենի փողն իրենց քեռին է տվել:
Առաջ շարժվելով ՀԺ-ի տրամաբանությամբ` կարելի է նույնիսկ մտածել, որ այժմ գտնվում ենք մի հանգրվանում, երբ իշխանությունն է պարտավոր ապացուցել, որ տարբերվում է անասունից, եւ իր համար իշխանությունը զուտ կերակրատաշտ (մսուրք, լափաման) չէ, եւ կան այլ արժեքներ, որոնցից մեկն էլ ժողովրդի բարեկեցության մասին հոգ տանելն է: Չմոռանանք, որ, ի շարս այլ բաների, նաեւ կեցությունն է որոշում գիտակցությունը, իսկ կեցության մի կարեւոր բաղադրիչն էլ «սառնարանի պարունակությունն» է: Մարդուն չես ստիպի երջանիկ ապրել առանց հացի: Եվ դա է պատճառը, որ ժամանակի մեծերն ամեն ինչ հավասարակշռել են հայտնի խոսքով` «ոչ միայն հացիվ, այլեւ բանիվ»:
ՀԳ. Հորդոր իշխանությանը: Աշխատեք չկրկնել նորանկախ Հայաստանի առաջին իշխանությունների սխալները: Այդ նրանք էին դժգոհ ժողովրդին ամեն ինչի, այդ թվում եւ անասունի հետ համեմատում: