Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

 Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին

Սկիզբը նախորդ համարներում

1997 թիվն ինչ-որ առումով մեռյալ սեզոն էր: Իշխանությունը նման էր իր բույնը քաշված վիրավոր ու օրըստօրե արյունաքամվող առյուծի, որը ոչ մի կերպ չէր կարողանում շնչառությունը տեղը բերել:  Ժողովուրդը որսորդի պես սպասման վիճակում էր: Բոլորն էլ հասկանում էին, որ գնդակը կպել է թիրախին, որ զոհն ինչ-որ պահի ու ինչ-որ տեղ վար կընկնի: Իր լեգիտիմությունն առողջացնելու նպատակով, Լեւոն Տեր-Պետրոսյանը վարչապետ բերեց Անգլիայում ՀՀ դեսպան Արմեն Սարգսյանին, իսկ ամիսներ անց՝ ԼՂՀ նախագահ Ռոբերտ Քոչարյանին: Բայց այդ կադրային փոփոխությունները չէին կարող նրան վերադարձնել երբեմնի ինքնավստահությունն ու հանգստությունը: Նրան թվում էր, որ ոչ միայն ժողովրդի, այլեւ  յուրայինների լռության ներքո թաքնված է իրեն ուղղված  խղճահարություն կամ արհամարհանք: Լեւոն Տեր-Պետրոսյանը հասկանում էր, որ այդպես շարունակելը ճիշտ չէ:

Իհարկե, նա կարող էր էլի մի քանի տարի «մաշեցնել»: Բայց երբեւէ ժողովրդական ծփացող զանգվածների սերն ու ջերմությունը վայելած առաջնորդը չէր կարող բավականանալ փշրանքներով:  Վերջապես նրա հոգում հաղթեց արժանապատվության զգացումը: Նա որոշեց հեռանալ՝ հոգու մեջ անթեղելով երբեւէ վերադառնալու հույսը: Ու թեեւ հրաժեշտի խոսքում հայցեց ներողամտություն արածի ու չարածի համար, մարդիկ նրանից ակնկալում էին հասցեական ներողություն նախագահական ընտրություններում թույլ տված կեղծիքի համար: Բայց նա չկարողացավ հաղթահարել իր այդ «ցավը», փորձեց այն մատնել լռության: Նա հեռանալու պատրվակ դարձրեց արցախյան հարցում իր դիրքորոշումը՝ հոկտեմբերին հրապարակելով «Պատերա՞զմ, թե՞ խաղաղություն. լրջանալու պահը» հոդվածը: Եթե անգամ նրանում կային քննարկման արժանի մտքեր, չէին կարող չարժանանալ ժխտողական վերաբերմունքի, քանի որ դրանց հեղինակը կորցրել էր իր երբեմնի հեղինակությունը: Սթափ ու առողջ քննարկում կարող էր հարուցել միայն իր ժողովրդի կողմից սիրված ղեկավարի խոսքը: Լեւոն Տեր-Պետրոսյանը շատ-շատ հեռու էր այդ կերպարից: Եթե անգամ նրա մղումներն ազնիվ էին, սխալ էր ընտրված ասելիքի պահը:

Հնարավոր է, որ սխալվում եմ, բայց ներքին համոզմունք ունեմ, որ եթե նա ընտրված լիներ ոչ թե կեղծիքով, այլ օրինականորեն, հազիվ թե հրաժարական տար՝ այդպես մերկապարանոց հայտարարելով, որ Արցախի գալիքը տեսնում է Ադրբեջանի կազմում: Այն ժամանակ խորհրդարանական խմբերի ու խմբակցությունների հետ նա սկսեց առանձնազրույցներ ունենալ: «Սոցիալական պետություն» խմբակցության կազմում ես եւս առիթ ունեցա հանդիպել եւ ուղղակի հարցով ճշտել նրա դիրքորոշումը: Այո, ոչ մի թյուրիմացություն՝ մարդը խնդրի լուծումը տեսնում էր այդպես: Բայց նա չէր կարող չիմանալ, որ «Ղարաբաղ», «Միացում» վանկարկելով իշխանության գալն ու գլխավոր նպատակից շեղվելը չեն ներվի սեփական ժողովրդի կողմից: Դա խթանեց, որ Արցախի ճակատագրով մտահոգված բոլոր ուժերը համախմբվեն: Ո՞վ գիտե, գուցե նրա նպատակներից մեկն էլ հենց նման համախմբվածությանը նպաստե՞լն էր, որը կարող էր բխել կուլիսային պայմանավորվածություններից: Վերջին հաշվով, պե՛տք է փորձարկվեր նաեւ խնդրի լուծման արմատական տարբերակը, որը պնդում էին պայքարի իր ընկերները, որոնց հետ, թեեւ, արդեն առկա էին քաղաքական տարաձայնություններ: Գուցեեւ իրո՛ք նա չէր հավատում Արցախի անկախության հնարավորությանը եւ վստահ էր, որ ձեռնարկվող քայլերը կավարտվեն ձախողմամբ, ուստիեւ ընտրեց հեռանալու հենց ա՛յդ ուղին:

Ինչեւէ, 1998 թվի փետրվարի 3-ին նա հրաժարական տվեց, նրան հետեւեցին նաեւ ԱԺ ՀՀՇ-ական ղեկավարները, գործադիրում աշխատող գործընկերները: Նրանք հեռացան պահի անհրաժեշտության գիտակցմամբ, սակայն, ափսո՛ս՝ ուշացած: Բոլորովին այլ կլիներ երկրի զարգացման հեռանկարը, եթե նրանք դա անեին 1996 թվի սեպտեմբերին: Ժողովուրդը ցնծությամբ ընդունեց այդ լուրը: Լարվածությունը թուլացավ: Իհարկե, նրանց մեջ կային նաեւ բարեխիղճ մարդիկ ու փորձառու մասնագետներ, որոնք եւս իրենց թիմակիցների պատճառով կրեցին քաղաքական պատասխանատվության բեռը: Այդպես ժամանակին, Կոմկուսին մերժելիս, ՀՀՇ-ն փորձության էր ենթարկել շատ ու շատ կոմունիստների: Այդ վիճակն ինձ քաջածանոթ էր. նման պարագայում ո՛չ բացատրել է լինում, ո՛չ էլ՝ արդարանալ: Դա այն դեպքն է, երբ թացն ու չորը միասին են այրվում: 
ԱԺ-ում ձեւավորվեց նոր խորհրդարանական մեծամասնություն, որը սպասարկելու էր Արցախի անկախությանը հետամուտ քաղաքական նոր կուրսը:  Նախագահի ապագա թեկնածուն քո առաջարկով լինելու էր Հայաստանի վարչապետ Ռոբերտ Քոչարյանը: Յուրային պատգամավորների հետ երկուսով եկաք հանդիպման: Ես մտածում էի, որ ծագումով արցախցին պետության ղեկի մոտ անմնացորդ կնվիրվի արցախյան խնդրի լուծմանը: Կասկածի տեղիք չի տա՝ ի տարբերություն նախորդ նախագահի:

Խոսակցությունը, որ նա Հայաստանի 10-ամյա գրանցում չունի, իմ աչքին թվում էր արհեստածին, որովհետեւ դրանով իմաստազրկվում էր մեր ազգային ազատագրական պայքարը: Կռիվ ենք տալիս Արցախի անկախության համար ու նրա բնակչին ասում՝ դու չունես նույն իրավունքները, ինչ երեւանցին, արարատցին կամ գյումրեցին: Ազգը տրոհելը էլ ո՞նց է լինում: Չգիտեմ ինչու, այդ օրը աչքս կպավ Քոչարյանի կոշիկներին. դրանք բավականին մաշված էին ու ճմրթված: Ինձ թվաց, որ հագուկապով, ապրելակերպով, հավանաբար՝ նաեւ ունեցվածքով համեստ այդ մարդն ավելի մոտ կլիներ ժողովրդին, կհասկանար նրա դարդուցավը, ավելի սկզբունքային կլիներ երկրում կարգուկանոն հաստատելու հարցում: Եվ ամենակարեւորը՝ գնահատական կտար նախորդ ռեժիմի ժամանակ դրսեւորված երեւույթներին: Այս հիմնավորումներով ես նրան տեսնում էի երկրի ղեկավարի պոստին: Ասում են՝ որքան մեծ է բերկրանքը հավատալիս, այնքան խորն է ցավը հիասթափվելիս: Մի քանի տարի անց Քոչարյանի նկատմամբ տածած ակնածանքիցս բան չմնաց: Բայց մարդկանց ճանաչելու համար ժամանակ է պետք: Այդ ժամանակը դեռ չէր եկել, ու ես ոգեւորությամբ նախագահական ընտրություններին Վեդի եւ հարակից բնակավայրերում ղեկավարեցի Ռոբերտ Քոչարյանի նախընտրական շտաբը:

Ընկերներով ներդրեցինք մեր ողջ էներգիան, օգտագործեցինք բոլոր կապերն ու ծանոթությունները: Երկու փուլով անցած ընտրություններում բացառիկ ջանքերի գնով կարողացանք շահել ընտրողների մեծամասնության աջակցությունը: Ես իմ համակարգած տարածքում կարող եմ ասել, որ ընտրություններն անցան օրինականության սահմաններում: Թե դրանք ինչպիսին էին այլ տարածքներում, հարկ չեմ համարում կասկածանքների հիման վրա դատողություններ անել: Ինչեւէ, այդ ընտրություններում՝ հանձին Ռոբերտ Քոչարյանի, մենք պաշտպանում էինք Արցախի դատը, այն կուրսը, որը հակամետ էր պարտվողականությանը: Օգնելով նրան դառնալ նախագահ՝ դրանով դու նպաստեցիր Արցախի թիկունքի ամրապնդմանը: Մեր ընկալումն այդպիսին էր: 

Մեկ տարի էր մնացել Ազգային ժողովի ընտրություններին, եւ դու պատրաստվում էիր այդ կարեւոր իրադարձությանը: Ձեւավորվող քաղաքական նոր թիմը պետք է ունենար նոր կառույց: Դու հարմար գտար ուժեղացնել Հանրապետական կուսակցությունն ու դրանով գնալ ընտրությունների: Աշոտ Նավասարդյանի կուսակցությունը խորհրդարանում ուներ հինգ պատգամավոր: Նրանց համեստ  պահվածքը շատ օրինակելի էր: Նրանք կարողացել էին իրենց հանդեպ ձեւավորել թե՛ հարգանք եւ թե՛ համակրանք: Աշոտը յուրահատուկ էր իր կրակոտ ու ըմբոստ բնավորությամբ: Նա իր դիրքորոշումը պաշտպանել գիտեր, պայքարող էր: Չեմ կարող ասել, թե զարգացումներն ինչ առանձնահատկություններ կունենային, եթե նրա կյանքն անժամանակ չընդհատվեր: Համենայնդեպս, նրանից հետո ՀՀԿ հին կորիզն աստիճանաբար տարրալուծվեց «ընդհանուր կաթսայում»՝ տարիների հետ կորցնելով երբեմնի սկզբունքայնությունը: 1999 թվին տեղի ունեցավ Հանրապետական կուսակցության վերակազմավորում, որի մեջ ընդգրկվեցին ոչ միայն հին հանրապետականները, այլեւ «Երկրապահ կամավորականների միության» քաղաքական թեւն ու այլ անհատներ: Հունվարին հրավիրված համագումարն ընտրեց 25 հոգուց բաղկացած ղեկավար մարմին: Այդ խորհրդի մեջ քո առաջարկությամբ ընդգրկվեցի նաեւ ես: Դու դարձար կուսակցության առաջնորդ:

1999թ. գարնանը մեր ժողովրդի կյանքում տեղի ունեցավ կարեւոր մի իրադարձություն: Քո առաջնորդությամբ ընդլայնված ու հզորացած ՀՀԿ-ն դաշինք կնքեց Կարեն Դեմիրճյանի ղեկավարած ՀԺԿ-ի հետ: Ամենուր ժողովուրդը ողջունեց այդ քայլը: Ձեւավորված «Միասնություն» դաշինքը ժողովրդի մեջ նորից հույս արթնացրեց: Դա ոչ այլ ինչ էր, եթե ոչ համաժողովրդական համաձայնություն: Իրար էին միանում ողջախոհությունն ու զգացմունքայնությունը, միտքն ու ուժը, ավագությունն ու երիտասարդությունը: Դա քայլ էր, որով քաղաքական դաշինքը ձեռք էր բերում հասարակական լայն զանգվածների համակրանքը: Նախընտրական հանդիպումները ժողովրդի հետ վերածվեցին սիրո խոստովանության:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ

Շարունակելի