Բացակա հայկական օրակարգը

Բացակա հայկական օրակարգը

Նոր Հայաստանի հասարակական-քաղաքական օրակարգն այնքան դատարկ է, որ քնատ մանկան փոքր-ինչ երկարող հորանջն անգամ կարող է ներհայաստանյան բանավեճի եւ քննարկումների թեմա դառնալ:

Մինչդեռ հեղափոխական փոփոխությունները պետք է ամբողջացնեին նորացող հասարակության եւ պետության օրակարգը՝ մատնանշելով հասարակական, քաղաքական, օրենսդրական, կրթական, տնտեսական նոր ուղղությունները: Քաղաքական գաղափարները եւ առաջարկները, հասարակական արժեքներն ու սկզբունքներն օրինաչափորեն պետք է մրցակցեին, բախվեին, հրահրեին բանավեճ եւ հայկական օրակարգում տեղ գտնելու համար անդուլ եւ անդադար պայքար մղեին, որի ընթացքում կզատորոշվեին բանավեճի ազդեցիկ կողմերը, կքննարկվեին քաղաքական բարեփոխումների գաղափարները, ուղիները, արդյունքները: Հայկական հեղափոխությունը դուռ էր բացել իրական փոփոխությունների, այլ ոչ թե «քաղաքական կամքի» խոստումների համար: 

Հետհեղափոխական Հայաստանում իրադարձությունների զարգացման կորագիծը վկայում է, որ հասարակական-քաղաքական կյանքում ամեն անհեթեթություն կարող է օրակարգային դառնալ այն պարզ պատճառով, որ ո՛չ հանրությունը, ո՛չ կուսակցությունները, ո՛չ իշխանությունը ոչինչ չունեն առաջարկելու: Նման ապաքաղաքական, ապագաղափարական, ապահասարակական իրավիճակում մայրաքաղաքի աղբամանները դառնում են օրակարգային թեմա եւ քաղաքական պայքարի վայր: Նմանօրինակ իրավիճակը ոչ միայն անհեռանկար է, այլեւ՝ վտանգավոր, մանավանդ որ նոր իշխանությունը, Հայաստանի զարգացման մասին իր բացակա տեսլականով, անվերջ հրահրում է «սեւերի եւ սպիտակների» բախումներ, քանի որ նվազող հանրային աջակցության պայմաններում դա միակ դաշտն է, որտեղ նա կարող է համախմբել հեղափոխությունից օտարացող հանրությանը, նոր իշխանության իրական եւ վիրտուալ աջակիցներին՝ նրանց բոլորին համախմբելով իրական եւ կեղծ թշնամիների դեմ պայքարում:

Մինչդեռ հասարակական, ազգային միասնությունը պահպանելը եւ այն իրացնելը, նպատակաուղղելը իմաստություն, լայն աշխարհայացք եւ հզոր տեսլական է պահանջում: Թշնամու կերպարի շուրջ հանրությանը համախմբելն ավելի դյուրին է, քան ազգային միասնականությամբ ազգային, պետական խնդիրներ լուծելը, մանավանդ որ չես էլ գիտակցում այդ նպատակներն ու խնդիրները: 

Ժողովրդավարական պետություններում հակառակորդի կերպարը ձեւավորվում-ամբողջանում է ընտրությունների ժամանակ, ավտորիտար երկրներում՝ թշնամու վերաճած հակառակորդի կերպարը հանրությանը համախմբելու միջոց է, որը հնարավորություն է տալիս ուշադրությունը շեղել իրական խնդիրներից՝ այն ուղղորդելով անկարեւոր եւ անվտանգ խնդիրներին, հնարավորություն է տալիս խուսափել օրակարգ առաջարկելուց, քննարկելուց եւ այն իրականացնելուց:

Ավտորիտարիզմի եւ ժողովրդավարության ճեղքում տարուբերվող Հայաստանի կիսաթեք կեցվածքը թելադրում է պետության շարժունակության դիրքերը՝ ազգային միասնականությունից մինչեւ ներհասարակական ատելություն, «սիրո եւ համերաշխության» կարգախոսներից մինչեւ քննադատության հանդեպ մարտնչող անհանդուրժողականություն:

Նմանօրինակ իրավիճակը շփոթեցնում է նախեւառաջ հեղափոխական հանրության մի մասին, որը ժամանակ առ ժամանակ կորցնում է իր կողմնորոշիչները կամ հարմարվում է իշխանության առաջարկած կեղծ օրակարգային խառնաշփոթի հետ:   Հայաստանում նախեւառաջ իշխանությունն է սահմանում օրակարգն ըստ իր պատկերացումների կամ պատկերացումների բացակայության, ըստ իր քաղաքական բառապաշարի եւ աշխարհընկալման: Այս առումով քաղաքական օրակարգի բացակայության պատասխանատվությունը նախեւառաջ նոր իշխանությունն է կրում՝ Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, որը սահմանել է ներհայաստանյան բանավեճի մակերեսայնությունը, խնդիրների պարզունակությունը՝ այդ բանավեճին շարունակ ավելացնելով անհանդուրժողականության եւ ատելության չափաբաժիններ: Ատելությամբ ապրող հանրությունը եւ քննադատություն չհանդուրժող իշխանությունը ինքնաքայքայվում են՝ այդ ճանապարհին քայքայելով նաեւ պետականությունը:

Հայաստանում քաղաքական, օրենսդրական օրակարգի փաստացի բացակայությամբ է գործում նորահավաք Ազգային ժողովը: Մինչդեռ հետհեղափոխական խորհրդարանը պետք է լիներ քաղաքական փոփոխությունների ջահակիրը, քաղաքական բանավեճերի եւ գաղափարների անմրցելի հրապարակը, քաղաքական մտքի հավաքատեղին: Այնպես, ինչպես ղարաբաղյան Շարժման արդյունքում ձեւավորված Գերագույն խորհուրդն էր: Հայկական թավշյա հեղափոխության արդյունքում ձեւավորված խորհրդարանը պետք է պառլամենտարիզմի բացառիկ օրինակ լիներ, քաղաքականապես ավելի կայացած, քան Գերագույն խորհուրդն էր, քանի որ այն 21-րդ դարի խորհրդարանն էր եւ չէր կրում խորհրդային ժամանակների բեռը:

Մինչդեռ այս խորհրդարանը, ձեւավորվելով Փաշինյանի եւ «Քաղաքացիական պայմանագրի» պատկերացումների եւ ձգտումների համաձայն, ոչ միայն հուսահատության է մատնել հայաստանցի լրագրողներին քչախոսությամբ եւ թեմաների բացակայությամբ, այլեւ պարապուրդի է մատնել սեփական  օրենսդրական գործունեությունը: Ազգային ժողովն աստիճանաբար դառնում է հեղափոխության օտար ազգականը, որ Փաշինյանին հետաքրքրում է այնքանով, որ չխախտվի հպատակության ոսկե օրենքը, որ ՀՀ Ազգային ժողովում գործում էր Քոչարյանի եւ Սարգսյանի կառավարման ընթացքում:  Նաեւ այդ պատճառով է, որ Ազգային ժողովի մարտի 5-ի նիստում օրակարգային 3 հարց էր դրված ընդամենը:

ԱԺ-ի գործունեության՝ անգամ խրախուսելի մասը՝  կառավարության անդամներին «Իմ քայլը» խմբակցության նիստերին հաշվետվության կանչելու մեխանիզմը հրապարակային չէ, այդ հանդիպումներն անցնում են փակ համակարգով: Հայաստանի խորհրդարանն աստիճանաբար ի ցույց է դնելու իր բացակայությունը ներհայաստանյան կյանքից: 

Այսօրինակ իրավիճակը պայմանավորված էր նաեւ թավշյա հեղափոխության բովանդակությամբ, որի նպատակը թեպետ համազգային կարեւորություն ուներ՝ կոռումպացված եւ ավտորիտար իշխանության հեռացումը, որի բնույթը ոչ բռնի էր, բայց եւ որը չէր բերում հասարակական-քաղաքական արժեքներ եւ սկզբունքներ: Եվ բնական է, որ նոր խորհրդարանը պետք է ձեւավորվեր հեղափոխության այդ ջրափոսում եւ լիներ նույնպիսին՝ առանց գաղափարների եւ արժեքների: 
Իրավիճակն ավելի է բարդանում այն պատճառով, որ ներհայաստանյան կյանքում բացակայում է ոչ միայն քաղաքական, այլեւ հասարակական օրակարգը, այդ իսկ պատճառով հանրությունն ապրում է արհեստածին օրակարգերով, ապակողմնորոշող առաջնահերթություններով, պարզունակ քաղաքական միջավայրում եւ պատեպատ է զարնվում անհեռանկար լուծումների սարդոստայնում: Ներհայաստանյան օրակարգն առայժմ թելադրում է նախ իշխանությունը՝ քաղաքական ցածրաճաշակության եւ խնդիրների պարզունակությամբ, ապա՝ նախկին իշխանությունները, որոնք թեպետ ռեւանշի հույս ունեն, բայց հնարավորություն չունեն:

Քաղաքական օրակարգի բացակայության պայմաններում հեղափոխության մասին հիշողությունները գուցե կարելի է վերակենդանացնել ապրիլի 23-ը «Քաղաքացու օր» անվանակոչելով, սակայն դրանով Հայաստանի անուղեգիծ, անծրագիր, անգաղափար իշխանությունը չի կարող առաջարկել ապրիլի 25-ի քաղաքական օրակարգը: Նաեւ այդ պատճառով է, որ ապրիլի 26-ին Նոր Հայաստանի՝ արդեն հնացող իշխանությանը փոխարինելու խնդիրն աստիճանաբար դառնալու է օրակարգային: