Ամենաթողություն Տարոնիկ համայնքում

Ամենաթողություն Տարոնիկ համայնքում

Արմավիրի մարզի Տարոնիկ համայնքի բնակիչները գյուղապետ Արմեն Խլղաթյանին մեղադրում են կոռուպցիոն սխեմաներում ներգրավված լինելու մեջ: Հունան Բաղդասարյանը պատմում է, որ 2016 թվականի հունիսին համայնքի ղեկավարն իր հիվանդ երեխայի անունով սոցօգնություն է ձեւակերպել եւ փողի մի մասը գրպանել: «Ես հետո եմ իմացել, որ երեխայիս օգնելու համար բյուջեից 100 հազար դրամ ա հանել: Էդ փողից 50 հազարը տվել ա ֆուտբոլի դաշտի համար ջրհոր փորողին, մյուս 50-ը՝ յուրացրել: Ստորագրությունս էլ կեղծել ա, իբր ես էդ 100 հազար դրամը ստացել եմ: Հայտարարում եմ՝ ոչ մի լումա, որպես սոցօգնություն, չեմ ստացել»:

Համայնքապետ Խլղաթյանն իր զեղծարարությունների մեջ այնքան անփույթ է եղել, որ խախտել է դեպքերի ու տարեթվերի հաջորդականությունը: Հունան Բաղդասարյանի ներկայացմամբ՝ իր անունով գումարը դուրս է գրել 2016 թվականի հունիսին, բայց ջրհոր փորողին է տվել 2015-ի ապրիլին: «Հետն էլ նենց ա ներկայացնում, թե ջրհոր քանդողին 100 հազար ա տվել: Սուտ ա ասում. նրանց խոսակցությանը ես ներկա եմ եղել: Ականջովս եմ լսել, որ էդ մարդը 50 հազար ա ուզել»:
Սոցօգնության թեման Տարոնիկում ամենածեծվածներից է: Բնակիչները գիտեն, թե ում անունով ինչքան գումար է հանվում, եւ ինչքան են ստանում: Գիտեն նաեւ, որ թաղման ծախսերի համար Խլղաթյանը գումար է դուրս գրում, բայց նույնիսկ ծաղկեպսակ չի գնում: «Սրբություն էլ չունի. պսակներն էլ ա ուտում»,- ասաց Սեւակ Առաքելյանը: Ըստ նրա՝ գյուղապետը յուրացրել է նաեւ զոհված զինվորներից մեկի անունով դուրս գրած մի կլորիկ գումար: «Ապրիլյան պատերազմի մասնակից էր. Խլղաթյանը, որպես օգնություն, բյուջեից 300 հազար դրամ հանեց, բայց փողը զոհվածի ընտանիքին չհասավ»: 

Ոմանց էլ համայնքապետն աշխատեցրել, բայց չի վարձատրել: Փոխարենը սոցվճար է ձեւակերպել եւ գումարի մի մասը յուրացրել: «Իմ հիվանդ տղային շինարարության վրա աշխատացրեց ու ձեւակերպեց որպես օգնություն: Էդ գումարը «Հայփոստից» ես եմ ստացել ու բերել-տվել եմ իրեն: Ինձ 41 հազար դրամ տվեց, մնացածը մնաց իր սեղանին»,- ասաց Ազատուհի Եփրեմյանը: 
Իսկ թե ինչ գումարի տակ է ստորագրել, տիկինը չի հիշում: «Մենակ էն գիտեմ, որ իմ փողը վերցրեցի, մնացածը թողեցի իր սեղանին: Հետո եմ հասկացել, որ հիվանդ երեխայիս արդար վաստակը ստացել եմ օգնության անվան տակ: Ինձ չեմ ներում, որ ժամանակին չհասկացա»:
Գյուղացիների փոխանցմամբ՝ Արմեն Խլղաթյանն իր պաշտոնը ծառայեցնում է ծանոթ-բարեկամների բարեկեցությանը: Ըստ համայնքի բնակիչների՝ 2016-19 թվականներին գյուղապետը զիջել է իր մերձավորների ու ընկերների հողի եւ գույքահարկերը: «Բարեկամը «Լեքսուս» ա քշում, բայց էնքան չքավոր ա, որ դրա գույքահարկը զիջում ա: Ավագանու մեծամասնությունն էլ քվեարկում ա, որովհետեւ իր մարդիկ են, ոնց ասում ա, տենց անում են»:

Պատմեցին նաեւ գյուղապետարանի ուռճացած հաստիքացուցակի մասին։ «Չնայած հեղափոխությունից հետո ցուցակը մաքրել ա, բայց տարիներ շարունակ էդ մարդկանց անուններով գումարներ ա յուրացրել՝ մեր գումարները»,- ասաց Գրիգոր Գրիգորյանը:

Տարոնիկցիները խնդրում էին, որ մարզպետարանն ու իրավապահ մարմինները խոշորացույցի տակ առնեն Արմեն Խլղաթյանի գործունեությունը: «Գյուղը կործանել ա, մի մանկապարտեզ ունեինք, էն էլ շատ համարեց, փակեց: Ո՛չ ջուր ունենք, ո՛չ ճանապարհ, ո՛չ մշակույթի տուն ու մշակութային կյանք, բայց արի ու տես, որ 2016-19 թթ. մշակութային միջոցառումների համար 2 մլն 300 հազար դրամ ա ծախսել»,- ասացին:

Հիշեցնենք, որ Արմեն Խլղաթյանի անունը կապվում է 2015 թվականին Էջմիածնի «Մուսալեռ» ռեստորանում տեղի ունեցած սպանության հետ:

ՀԳ․ Մենք ամեն ինչ արեցինք, որ Տարոնիկի համայնքապետի մեկնաբանությունը եւս ընդգրկեինք հոդվածում, սակայն նրա բջջային համարին պատասխանած կինն ասաց, թե Խլղաթյանի տեղակալն է, եւ այլ հեռախոսահամար տրամադրեց։ Զանգահարեցինք, սակայն ինչ-որ տղամարդ ասաց, որ ինքը Խլղաթյանը չէ։ Փորձեցինք համոզել, որ լավ կլինի արձագանքի, որ նյութը միակողմանի չլինի՝ ապարդյուն։