Անավարտ զրույցներ

Անավարտ զրույցներ

Նվիրվում է Վազգեն Սարգսյանի ծննդյան 60-րդ տարեդարձին

Սկիզբը՝ նախորդ համարներում

1996 թվի ամռանը իշխանության վերեւներում հնարավոր է ինչ-որ բան արդեն ճաք էր տվել, որը զանգվածների համար դեռեւս տեսանելի չէր: Համախմբվածության պակասն ավելի ցայտուն էր դառնում: Այդպես էլ նախընտրական ուղղագիծ աշխատանք չտարվեց: Լեւոն Տեր-Պետրոսյանի շտաբը կա՛մ ի սկզբանե հույսը դրել էր հաղթանակի «հեշտ» տարբերակի վրա, կա՛մ կտրված էր իրականությունից: Համենայնդեպս, չէր զգացվում, որ իշխանական կուսակցությունն իր բոլոր հնարավորություններն ի սպաս է դնում ընտրություններում հաղթելու գործին: Ընտրություններին մնացել էր մի քանի շաբաթ, իսկ ՀՀՇ-ական շտաբներում դեռ խուսափում էին նոր մարդկանց ներգրավելուց: Չընդլայնելով շրջանակը՝ գուցե ոմանք մտադիր էին դրական արդյունքի դեպքում իրենց վերցնել հաղթանակի դափնիները:

Կամ ո՞վ գիտե, գուցե նուրբ սաբոտա՞ժ էր գնում սեփական թիմի կողմից: Համենայնդեպս, ինչ-որ սպասողական տրամադրության մեջ էին:

Ընտրությունից մի կարճ ժամանակ առաջ Լեւոն Տեր-Պետրոսյանը եկել էր Ազգային ժողով: Նա միջանցքում ծխում էր՝ շրջապատված յուրային պատգամավորներով: Չեմ կարող ասել՝ բնության մեջ գոյություն ունի՞, արդյոք, իրական կանխազգացում, թե՞ դա մարդու երեւակայության արդյունք է, բայց այդ օրն ինձ թվաց, թե նախագահի համար ինչ-որ առումով մեկ է՝ կընտրվի՞, թե՞ ոչ: Տպավորություն էր, որ նա խորապես գիտակցում է իր անձի կարեւորությունն ու կարծես գոհության զգացում ունի իր արդեն իրականացրած պատմական առաքելությունից: Վերջիվերջո, ոչ ոք չէր կարող ժխտել, որ նա է անկախ Հայաստանի հիմնադիր-ղեկավարը, նորօրյա ազատամարտում հաղթանակած պետության նախագահը: Նրանից ճառագում էր իր վաստակն ու արժեքն իմացող մարդու ինքնավստահություն: Իր կեցվածքով նա կարծես հասկացնում էր շրջապատին, որ գալիք հաղթանակն ավելի շատ թիմակիցներին է հարկավոր, քան իրեն, որովհետեւ ինքը, եթե չընտրվի էլ, միեւնույն է, մի օր նորից ժողովրդի խնդրանքով կգա ասպարեզ: Ի դեպ, հետագայում նման մի միտք նա բացեիբաց արտահայտեց:

Զգացվում էր, որ նա քաղաքականության մեջ իրեն համարում էր գալիքի «ապահովագրված» ճամփորդ, որն իր կողքին այլեւս չէր տեսնում զինակիցներից շատերին: Ընդ որում, այդ օրերին լուրեր էին պտտվում, որ ընտրվելու դեպքում նա կազատվի իր շրջապատի շատ պաշտոնյաներից: Իսկապես էլ, հանրության մեջ տարաբնույթ, այդ թվում եւ կադրային փոփոխությունների պահանջ կար: Մարդիկ հոգնել էին նույն դեմքերից ու կամայականություններից: Կառավարման երկրորդ շրջանն առանց արմատական փոփոխությունների, հազիվ թե հաջողություն բերեր: Ուստի թվում էր, թե նա յուրայինների մի մասից կամ բոլորից ազատվելու ցանկություն ունի: Բայց հե՞շտ կլիներ, արդյոք, ազատվել նրանցից: Իսկ գուցե այդ փուլում հեռանա՞լն էր ճիշտ: Ասես երկընտրանքի առաջ էր կանգնած՝ կա՛մ ընտրվել՝ չօգտվելով որոշ յուրայինների ծառայություններից, հետագայում նրանցից ազատվելու նպատակով, կա՛մ ընդհանրապես չընտրվել, արդեն վարկաբեկված թիմն իրենից թոթափելու եւ հետագայում մաքուր ձեռքերով ու նոր թիմով քաղաքականություն վերադառնալու հույսով:

Վերջինս ծայրահեղություն էր թվում, բայց ոչ՝ անհավանական: Մանավանդ ժամանակը ցույց տվեց, որ նա մտավախություն ուներ Ղարաբաղի հարցի հայանպաստ լուծման հարցում: Այդպես էր դա, թե ոչ, բոլոր դեպքերում, նրա մոտ նկատելի էր ե՛ւ անբավարարություն յուրայիններից, ե՛ւ փախուստի ձգտում սեփական  «բնից»: Իսկ դա չէր կարող չզգացվել եւ էականորեն չազդել թիմակիցների տրամադրության վրա, չսառեցնել նրանց ոգեւորությունը, չթուլացնել ու չմղել նրանց պասիվության, նեղացածության: Առավել եւս, եթե բացահայտվեր փախուստի միջոցով «դադար» վերցնելու եւ Ղարաբաղի կնճռոտ հարցից ու յուրայիններից ձերբազատվելու նրա մտադրությունը: Եթե ճիշտ էր իմ կանխազգացումը, ապա ժամանակավորապես հեռանալու ձգտումը հավասարազոր էր իր թիմակիցների նկատմամբ դավադրության, կարեւորագույն խնդիրներն այլոց ձեռքերով լուծելու կամ չլուծելու, պատասխանատվությունն ուրիշների վրա գցելու խարդավանքի: Այդուհանդերձ, ընտրությունների շեմին նախագահամետ ուժերը, կարծես հանկարծակիի եկած, գուցե առաջնորդի փախուստը կանխելու կամ պարզապես ինքնապաշտպանության բնազդով «ձեռք ու ոտք» ընկան: Ուշացած ջանքեր. գնացքն արդեն գնացել էր: 

Նախագահական ընտրություններում գլխավոր ֆավորիտը դարձավ Վազգեն Մանուկյանը՝ նախկին վարչապետն ու պաշտպանության նախկին նախարարը, ով քիչ ծառայություններ չուներ նորանկախ երկրում: «Ղարաբաղ» կոմիտեի նախկին անդամը, ՀՀՇ-ից պոկված ԱԺՄ կուսակցության լիդերը, փորձառու լինելով հանդերձ, այդուհանդերձ, մեծ թիմ չուներ: Չնայած դրան, համընդհանուր դժգոհությունների հասցեատեր Լեւոն Տեր-Պետրոսյանի նկատմամբ ձնագնդի պես մեծացած հիասթափությունն ու ատելությունը 1996 թ․ սեպտեմբերին այնքան մեծ էին, որ մարդիկ միմյանց հորդորում էին՝ ով լինի՝ լինի, միայն ո՛չ Լեւոնը: Բուն ընտրության ընթացքում ժողովուրդն ազատորեն կարողացավ իր կամքն արտահայտել: Մինչեւ տեղամասերի փակվելը չեղան մարդկանց կամքի վրա բռնանալու մասսայական դեպքեր:

Դեռեւս ընտրության էր գնում 88-ի ազատամտությամբ տոգորված սերունդը: Ավելին, եթե այն օրերին որեւէ մեկին ընտրակաշառք առաջարկեին, ընտրողի զայրույթը կշարժվեր՝ ի տարբերություն հետագա ընտրությունների, երբ շատերն իրենց բերանով էին կաշառք ուզում, որովհետեւ այդպես էին սովորեցրել իշխանությունները: Ով այդ օրերին շփվել է հասարակ ժողովրդի հետ, չէր կարող գլխի չընկնել, որ հաղթողը լինելու է ընդդիմադիր թեկնածուն: Դա պարզ դարձավ ձայների հաշվման առաջին իսկ րոպեներից: Իհարկե, մինչ այդ էլ հանձնաժողովի ՀՀՇ-ական անդամները փորձեցին դրությունը փրկել: Վեդու տեղամասերից մեկում 500 քվեաթերթ էին լցրել Լեւոնի օգտին, բայց պարզվել էր, որ մրցակիցը, միեւնույն է, ավելի շատ ձայն է հավաքել: Պարկեշտությունը պահանջում էր սառնասրտորեն ընդունել պարտությունը եւ շնորհավորել հաղթողին: Այսօր էլ մնում եմ նույն կարծիքին, որ եթե Լեւոն Տեր-Պետրոսյանը գնար այդ ճանապարհով, տարիներ հետո նա մեծ շանս էր ունենալու շուքով ու փառքով ետ վերադառնալու, մանավանդ, որ երիտասարդ էր, գրագետ ու փորձառու: Ասում են՝ ով գեղեցիկ է հեռանում, այդ պահից սկսվում է նրա վերադարձի ժամանակը: Ի՞նչը խանգարեց Լեւոնին՝ գեղեցիկ հեռանալ․ դրա պատասխանն ամենալավը ինքը գիտի, գուցե՝ եւս մի քանիսը, այդ թվում եւ դու: Փաստը մնում է փաստ, որ նա չէր կարող չիմանալ ընտրությունների իրական արդյունքների մասին: Բայց տեղի ունեցավ խայտառակ բան: Ժողովրդի կամքն ու իրական փաստերը մնացին փակի տակ, ընտրության արդյունքները ներկայացվեցին գլխիվայր շրջված: Կենտրոնական ընտրական հանձնաժողովը հայտարարեց, որ ձայների առավելությամբ հաղթել է Լեւոնը: Սուտը շատ էր բացահայտ:

Կարող եմ շրջանցել այս թեման, գիտեմ, այն քեզ ցավ է պատճառում: Բայց մի օր պիտի խոսենք, չէ՞, այդ մասին: Ուստի բեր մեկ անգամ խոսենք ու փակենք այս թեման: Այն օրը, երբ ցուցարարները մոտեցան ԱԺ շենքին, վերջին պատգամավորներից մեկը ես էի, որ դուրս եկա շենքից Դեմիրճյան փողոցի դռնով: Այնտեղ քաղաքացիական հագուստով տասնյակ մարդիկ էին կուտակված: Կասկած չունեմ, որ նրանք հատուկ հանձնարարություն էին կատարելու՝ խառնվելով ցուցարարներին, նրանց գործողությունները պիտի ուղղորդեին ցանկալի սցենարով: Այսինքն, պետք է արվեր այնպես, որ զոհեր չլինեին, բայց տպավորություն ստեղծվեր, որ փողոցի խուժանն է դրության տերը, որն ուզում է բռնի ճանապարհով իշխանությունը գրավել, իսկ նրանց ոչ մի դեպքում չի կարելի իշխանություն վստահել: Մի բան, որ ինքդ հրապարակավ հայտարարեցիր. «Այսքանից հետո, եթե 100 տոկոս ձայն էլ հավաքած լինեին…»: Ես քեզ հետ չեմ վիճի այն հարցում, որ երբեք չի կարելի թույլ տալ ամբոխին՝ գալ իշխանության: Որ դրանից լավ բան չի կարելի սպասել, դա քաղաքագիտական ճշմարտություն է: Բայց դա վերաբերում է ագրեսիվ փոքրամասնությանը: Մնացյալ դեպքերում հարցերի հարցը մնում է այն, թե ինչպես է ձեւավորվել այդ ամբոխը:

Չէ՞ որ մինչեւ ամբոխ դառնալը մարդկային այդ զանգվածը ժողովուրդ է եղել: Իսկ ժողովրդին միշտ էլ կարելի է սադրանքներով վերածել ամբոխի: Ուստի թույլ տուր չհամաձայնել քեզ հետ եւ ասել, որ 1996 թվի սեպտեմբերին փողոց էր դուրս եկել հենց ժողովուրդը, որն ուզում էր առնվազն ճշտել ընտրության արդյունքները: Բնական մի իրավունք, որից օգտվել նրան թույլ չտրվեց: Ու եթե մենք նրան ամբոխ անվանենք, ուրեմն ստիպված ամբոխ պիտի անվանենք նաեւ 1988-ի փետրվարյան շարժման մասնակիցներին: Այդ մոտեցումն ինձ համար ընդունելի չէ: Իսկ Լեւոն Տեր-Պետրոսյանի կեղծ երդումը տեղի ունեցավ ԱԺ դահլիճում: Երբ ներս մտա, տեսա, որ իմ տեղն արդեն զինվորական էր նստած: Մի կերպ գտա ոտքի տեղ՝ սեղմվելով պատին: Իսկ այնտեղ՝ ամբիոնի մոտ, չընտրված «նախագահը» ձեռքը դրել էր ավետարանին ու արտասանում էր երդման տեքստը: Գուցե ես սնոտիապաշտ եմ, բայց մի քանի ամիս անց, երբ մահացավ նրա եղբայրը, ես չէի կարողանում ինձանից վանել միտքը, որ դա կարող էր չպատահել, եթե չլիներ այն օրվա կեղծ երդումը: Ինձ թվում է, որ հոգեբանական առումով դա որոշակիորեն արագացրեց հրաժարական տալու նրա ցանկությունը:

Շատ երկար եմ մտածել այդ օրերի մասին, Վազգե՛ն: Ի՞նչը ստիպեց քեզ գնալ այդ քայլին, քեզ վրա վերցնել ժողովրդի անեծքը: Վարկածները բազմաթիվ են: Առանձնապես չխորանալով դրանց մեջ՝ միայն ասեմ, որ շատ կուզեի այդ դրվագը չլիներ քո կյանքում: Շա՛տ կուզեի, որ այդ մի հատիկ նախադասությունն արտասանած չլինեիր: Որովհետեւ դրանով դու ազդարարեցիր իշխանության բռնագրավումը: Ինչպիսի «հիմնավոր» պատճառներ էլ եղած լինեն, ոչ մի բացատրություն համոզիչ չի կարող լինել: Դա մեր երկրի համար ոչ այլ ինչ էր, եթե ոչ քաղաքական աղետ: Այդ օրը դու հսկայական մի անդունդ գցեցիր քո եւ ժողովրդի միջեւ: Շատերի աչքին քո հերոսական կերպարը փոքրացավ ու կորավ քաղաքական մշուշի մեջ:

Հաջորդ խորհրդարանական հարցուպատասխանի ժամանակ կառավարությանը տված հարցս այն էր, թե ցուցարարների մեջ կայի՞ն, արդյոք, պետանվտանգության կամ ներքին գործերի նախարարության ծպտված աշխատակիցներ: Ես այդ հարցով ուզում էի հերքել, որ փողոցում կանգնածն ամբոխ է եղել, եւ ճշտել իմ տեղը: Ես անդունդի այս կողմում էի:

Իհարկե, կարելի է դարձդարձիկ մտքերով ու բառերով անվերջ ներկայացնել այն հիասթափությունը, որ ապրեց հասարակությունը քեզանից: Ես մյուսների մասին դեռ չեմ խոսում, որոնք նստած էին քո կողքին: Նրանք եւ կեղծիքով իշխանության բուրգի գագաթին կուչ եկածը այդ պահին ստվերված էին քեզանով: Կամա, թե ակամա, դու էիր օրվա պատասխանատուն: 1996-ի աշունից 1997-ի աշուն ընկած ժամանակահատվածը կարելի է քո կյանքում բնորոշել իբրեւ հետընթացի շրջան: Բայց… արի ու տես, որ ժողովուրդը նման է հսկա օվկիանոսի. այն փրփրում-փրփրում ու իր միջից, իր «հիշողությունից» դուրս է նետում ավելորդը՝ պահպանելով էականը: Ինքը զուլալվում է ու իր մեջ պահում այն ամենը, ինչ արժեքավոր է իր գոյության համար, ինչ բնորոշում է իր տեսակն ու հզորությունը, ինչն իր անբաժանելի մասնիկն է, առանց որի ինքն այլեւս ինքը չէ: Հանրային գիտակցության մեջ հաղթում են ողջախոհ իմաստնությունն ու նրանից բխող ներողամտությունը: Ապշելու բան. առաջ անցնելով ասեմ, որ ժողովուրդը ներեց քեզ: Լսո՞ւմ ես, ժողովուրդը քեզ ներեց, ինչպես ծնողն է, վերջին հաշվով, ներում իր զավակի անթույլատրելի արարքը: Իսկ համաժողովրդական ներումն ավելին է, քան իրավական համաներումը:

Ֆիրդուս ԶԱՔԱՐՅԱՆ
Շարունակելի