Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի «կոստյումից»

Նիկոլ Փաշինյանը չի հրաժարվում Սերժ Սարգսյանի «կոստյումից»

ԱԺ պետաիրավական հարցերի հանձնաժողովում երեկ վերջապես քննարկվեց ««Կառավարության կառուցվածքի եւ գործունեության մասին» ՀՀ օրենքում փոփոխություններ եւ լրացումներ կատարելու մասին» օրենքների նախագծերի փաթեթը․ այն կքննարկվի նաեւ այսօր մեկնարկող հերթական քառօրյայի ընթացքում։ Ինչպեսեւ սպասվում էր, օրենսդրական փաթեթի քննարկումն անցավ բուռն մթնոլորտում։

Բանն այն է, որ չնայած կառավարությունը, ըստ ամենայնի, հանրային ճնշման ներքո փոշմանել է կառուցվածքային փոփոխություններով մի քանի հազար պետական աշխատողից ազատվելու կպչուն մտքից՝ համարելով, որ նրանք պարապ «շարիկ գլորողներ» են, այդուհանդերձ, չի հիմնավորում օպտիմալացման անհրաժեշտությունը, առավել եւս չունի հաշվարկ, թե, ինչպես ԲՀԿ-ական Գեւորգ Պետրոսյանը կասեր, այդ «հաճույքն» ինչ արժե, որքան են տնտեսվելու բյուջեի միջոցները։ Իսկ որ ամենակարեւորն է՝ Նիկոլ Փաշինյանը, դրժելով ամիսներ առաջ տված խոստումը, չի պատրաստվում հրաժարվել Սերժ Սարգսյանի համար կարված «կոստյումից»։ Հիշեցնենք, որ ընդդիմադիր պատգամավորի կարգավիճակում նա բազմիցս է հայտարարել, որ Սահմանադրությունն ու դրանից բխող օրենքները կարվել են նրա «հագով»։

Օրենսդրական փաթեթը ներկայացնում էր արդարադատության նախարար Արտակ Զեյնալյանը՝ երբեմնի հակահեղափոխական։ Ի դեպ, երեկ նա հարկ համարեց մի քանի անգամ շեշտել, որ ինքն իրեն այս կառավարության թիմի անդամ է համարում եւ կիսում է քաղաքական պատասխանատվությունը։ Սակայն նա մի քանի անգամ խուսանավեց Գեւորգ Պետրոսյանի հարցից, թե օպտիմալացման արդյունքում որքան գումար է տնտեսվելու։ Արտակ Զեյնալյանը մոտավոր թվեր ներկայացրեց նաեւ կրճատվելիք աշխատողների մասին՝ հայտնելով, որ առաջին փուլում դրանց թիվը կհասնի մի քանի տասնյակի, երկրորդում՝ մի քանի հարյուրի։ Քննարկումից հետո մեր հարցին, թե որքան է խնայելու բյուջեն այս փոփոխությամբ, նախարարը պատասխանեց, որ հիմա չի կարող այդ հարցի պատասխանը տալ։ Հիշեցնենք, որ նախագծով առաջարկվում է գործող 17 նախարարությունները կրճատել՝ դարձնելով 12, որոշ մասը կմիավորվի, սփյուռքի նախարարությունն էլ կդառնա վարչապետի վերահսկողության ներքո գործող գլխավոր հանձնակատարի ինստիտուտ։

«Նախարարություններ են միացվում՝ կրթության, գիտության, սպորտի, մշակույթի, ինձ ո՞վ կբացատրի՝ այսօրվա կրթության նախարարն ի՞նչ կապ ունի սպորտի հետ։ Լավ, որ միացնում ենք, հեչ նշանակություն չունի՞ ղեկավարների համապատասխանությունը ոլորտին»,- պատգամավորը կասկածի տակ դրեց, որ մի մարդ կարող է արդյունավետ կառավարել սպորտի, գիտության, մշակույթի, կրթության ոլորտները միաժամանակ։

«Այդ դեպքում եկեք 3 նախարարություն թողնենք, մեկը՝ ծախսերի, մյուսը՝ ձեռքբերումների, մյուսն էլ՝ դուխով առաջ գնալու»,- ասաց ԲՀԿ-ականը՝ նախապես խնդրելով հարցը չանձնավորել։ «Իմ քայլից» հարցի հարակից զեկուցող Վահագն Հովակիմյանը, սակայն, անձնավորված «աբառոտկա ֆռռաց»՝ ակնարկելով, թե հենց նախկինում էր կառավարության կազմը ձեւավորվում անձնավորված, որպեսզի նույն սպորտի ոլորտը տրվի կոնկրետ անձի։ Ակնարկը, բնականաբար, Գեւորգ Պետրոսյանի կուսակցապետ Գագիկ Ծառուկյանի մասին էր։

Արտակ Զեյնալյանը բացատրեց, որ նախարարական պաշտոնները քաղաքական են, տեղակալներ կան, որոնք պատասխանատու են ոլորտի համար, «դուխով առաջ գնալու» նախարարության մասին էլ նշեց, որ երկիրն ունի շատ ավելի բարձր մակարդակի կառույց՝ ԱԺ-ն, ոչ թե ընդամենը նախարարության մակարդակ։

ԼՀԿ խմբակցության ղեկավար Էդմոն Մարուքյանը Վահագն Հովակիմյանից հետաքրքրվեց, թե վարչապետն ուժային երկու կառույցները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը նախարարություն դարձնելու իր խոստումն ինչո՞ւ չի կատարել։

«Վարչապետի թեկնածու Փաշինյանը հայտարարեց, որ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը պետք է դառնան նախարարություններ։ Ուզում եմ իմանալ՝ ո՞րն է պատճառը, որ վարչապետի խոստումը չեք կատարում՝ որպես իշխող ուժի վարչության անդամ, ի՞նչ է փոխվել խոստումից հետո, գուցե որեւէ ճնշման ներքո՞ է, որ այդ խոստումը չի կատարվել»։

Հովակիմյանը խնդիրը փորձեց տեղափոխել «սահմանադրական» դաշտ՝ հղում կատարելով մայր օրենքի հոդվածին․ նա հիշեցրեց, որ կառուցվածքային փոփոխություն անելու բացառիկ իրավունքը կառավարությանն է տրված, եւ կառավարությունն ինքն է որոշում, թե ինչ կառուցվածք ունենա։ «Ինչո՞ւ ուժայինները՝ ԱԱԾ-ն ու ոստիկանությունը, նախարարություն չդարձան․ համոզված եմ, որ կառավարությունը վարչապետի գլխավորությամբ եկել է համոզման, որ իր ծրագրի իրացման համար այս կառուցվածքն է պետք: Հաջորդ փուլում արդյո՞ք անհրաժեշտ կլինի, որ նախարարություններ դառնան՝ չեմ կարող ասել. գուցե կառավարությունը նորից օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գա»,- ասաց նա։
Էդմոն Մարուքյանն ասաց, որ չի վիճարկում որոշումը։

«Հարցս վերաբերում է նրան, որ վարչապետի թեկնածուն խոստացել է ԱԺ ամբիոնից, որ ուժային կառույցները նախարարություններ են դառնալու։ Ինչո՞ւ չի կատարվել, բա՞ն է փոխվել, որ խոստումը վերանայվել է եւ հետեւանք չի ունենա»։ Մինչ Մարուքյանը հարց էր տալիս Վահագն Հովակիմյանին, նրա կուսակից պատգամավորներից մի քանիսը փորձեցին ականջին հուշել պատասխանը։ Հուշումներից հետո Հովակիմյանը պատասխանեց, որ եթե նա վարչապետին հարցը տա, մանրակրկիտ պատասխան կհնչի, թե ինչու է կառավարությունն այս կառուցվածքը ներկայացրել։ Էդմոն Մարուքյանն ու Գեւորգ Պետրոսյանը վրդովվեցին, թե իրենք Փաշինյանի տեղը գիտեն, բայց ուզում են իմանալ նաեւ ՔՊ վարչության անդամի տեսակետը։ Պատասխան չհնչեց։ Հովակիմյանը փորձեց դուրս գալ անհարմար իրավիճակից, բայց ավելի ծանր վիճակում հայտնվեց, ասաց, թե կառավարության սուվերեն իրավունքն է իր կառուցվածքը որոշելը, եւ ներկայացրել է այնպիսի կառուցվածք, ինչպիսին ցանկանում է:

Ըստ նրա՝ գործադիրը եկել է այն համոզման, որ այս փուլում իր ծրագրի իրագործման համար սա է նպատակահարմար. «Հաջորդ փուլում անհրաժեշտ կլինի՞, որ ուժայինները դառնան նախարարություն, ես չգիտեմ»: Մարուքյանի կուսակից, իրավաբան Տարոն Սիմոնյանը տեղում լիկբեզ անցկացրեց՝ Հովակիմյանին բացատրելով, որ «սուվերենության» իրավունքի գործածությունն ակտուալ էր մինչեւ 15-րդ դարը։ Գեւորգ Պետրոսյանն էլ պոռթկաց․ «Ո՞վ է ասել՝ կառավարության սուվերենությունն է, կառավարությունը մերն էլ է: Ասում եք՝ լավ ենք արել, է, լավ եք արել, բա ԱԺ ինչի՞ է եկել էս հարցը, եթե մենք որեւէ ներդրում չենք ունենալու։ Եկեք Սահմանադրությունը փոխեք, գրեք, որ ընդդիմությունը ձայնի իրավունք չունի»։ 

Հետո հերթը հասավ ԼՀԿ-ի այլընտրանքային նախագծին, որը ներկայացվել էր 8 առաջարկի տեսքով։ Առաջարկել էին գյուղնախարարությունը թողնել առանձին նախարարության կարգավիճակում․ Մարուքյանը հիմնավորեց, որ հատկապես այս կառավարության պարագայում, որի ծրագրում գյուղատնտեսությունը գերակա ճյուղ է նշվել, առանձին պետք է լինի նաեւ մշակույթի նախարարությունը, ԱԱԾ կազմից պետք է դուրս գա քննչական դեպարտամենտը եւ միանա քննչական կոմիտեին։ «ՊԵԿ-ը պետք է միանա ֆինանսների նախարարությանը, եւ սփյուռքի հանձնակատարի փոխարեն լինի սփյուռքի հարցերով փոխվարչապետ: Էս ձեր տարբերակով երկար չի տեւելու, հետո հետ եք փոխելու: Մենք պատրաստ ենք քննարկումների եւ գտնում ենք, որ այս տարբերակի ընդունման պարագայում ե՛ւ ՀՀ վարչապետի խոստումը կկատարվի, ե՛ւ սուպերվարչապետական երկրի փոխարեն խորհրդարանական երկիր կլինի»,- ասաց Մարուքյանը՝ տեղեկացնելով, որ իրենք կառավարությանը հարցադրում են ուղղել՝ որքա՞ն մարդ է կրճատվելու, ու ի՞նչ խնդիր է դրված: Նա օրինակ բերեց՝ փոխմարզպետներին չեն կրճատում, որոնք ՔՊ անդամներ են: Մարուքյանի ներկայացրած առաջարկները մերժվեցին: