Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց «ֆեյք» գործարանին

Կառավարությունը մաքսատուրքից ազատման արտոնություն տվեց «ֆեյք» գործարանին

Կառավարությունն այսօր արտոնություն տրամադրեց «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ  ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերությանը՝ օգտվելու գերակա ոլորտում իրականացվող ներդրումային ծրագրի շրջանակներում ներմուծված (ներմուծվող) տեխնոլոգիական սարքավորումները, դրանց բաղկացուցիչ ու համալրող մասերը, հումքը և (կամ) նյութերը ներմուծման մաքսատուրքից ազատվելու արտոնությունից։

Նախագիծը զեկուցող ՀՀ տնտեսական զարգացման և ներդրումների նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ «ԻՆԹԵՐՆԵՇՆԼ ՄԱՆՈՒՖԱՔՉՐԻՆԳ ԳՐՈՒՊ» փակ բաժնետիրական ընկերության կողմից ներմուծվող ապրանքներն օգտագործվելու են հեռուստացույցների, լվացքի մեքենաների, սառնարանների և օդորակիչների արտադրության մեջ։ «Ներմուծվող ապրանքները չեն ներմուծվում ԵԱՏՄ անդամ-երկրներից, քանի որ չեն բավարարում ընկերության տեխնիկական պահանջներին։ Արտոնության առկայությունը լուրջ խթան կհանդիսանա նոր ներդրումային ծրագրերի իրականացման և որպես հետևանք՝ նոր աշխատատեղերի ստեղծման, ներդրումների ներգրավման, տեղական արտադրության և արտահանման խթանման համար»,- ասաց նախարարը։

Հիշեցնենք, որ սա սիրիահայերի կողմից հիմնադրված և Մերձավանում գործող այն էլեկտրատեխնիկայի գործարանն է, որի բացմանն անցյալ տարվա դեկտեմբերին ներկա էին նաև վարչապետն ու նախարարը։ Օրեր առաջ, սակայն, հրապարակում եղավ, որ գործարանն իրականում չի աշխատում, և որ բացումը «ֆեյք» է, որը հետո հերքվեց։

Վարչապետ Նիկոլ Փաշինյանը հիշեցրեց այդ հրապարակման մասին, որ «ֆեյք» բացում է եղել, ինչին ի պատասխան՝ նախարար Տիգրան Խաչատրյանն ասաց, որ «ֆեյք» չի եղել, պարզապես պլանների հարցում մի քիչ ուշացում է եղել։