Զանգեցին, ասացին՝ որ պետք է իմ տեղը զիջեմ ուրիշի

Զանգեցին, ասացին՝ որ պետք է իմ տեղը զիջեմ ուրիշի

 

«Զատիկ» մանկատան կամ «Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի այլեւս նախկին տնօրեն Աշոտ Մնացականյանը մեզ հետ զրույցում պատմեց, որ «Գանձասար» աստվածաբանական կենտրոնի աջակցությամբ է 1993թ․ հիմնադրել մանկատունը, որը 2012թ․ վերակազմակերպվել է ՊՈԱԿ-ի։ Այդ օրվանից մինչեւ այս տարվա հունիսի 27-ը նա մանկատան տնօրենն էր։
Օրեր առաջ հայտնի դարձավ, որ Աշոտ Մնացականյանին ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունն ազատել է աշխատանքից։ 
Նախարարության կայքում, սակայն, հունիսի 27-ի թվագրությամբ  այլ տեղեկատվություն է տեղադրված․ «Օրերս ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունում տեղի է ունեցել քննարկում՝ նվիրված ապաինստիտուցիոնալացման քաղաքականության իրականացմանն ուղղված քայլերին: Քննարկման ընթացքում «Երեւանի «Զատիկ» երեխաների աջակցության կենտրոն» ՊՈԱԿ-ի տնօրեն Աշոտ Մնացականյանին ներկայացվել է ճգնաժամային կենտրոնների հիմնման նախագիծը, որը նախ կփորձարկվի Երեւանում, ապա կտեղափոխվի նաեւ մարզեր: Ճգնաժամային առաջին կենտրոնը կհիմնվի Երեւանում գործող շուրջօրյա խնամքի ծառայություն մատուցող միակ հաստատությունում՝ ««Զատիկ» երեխաների աջակցության կենտրոնում:
Քննարկման ընթացքում ներկայացվել է, որ այս քաղաքականության իրականացումն իր հետ բերելու է նոր լուծումներ եւ նոր գործիքակազմ մշակելու անհրաժեշտություն: Քննարկումից օրեր անց Աշոտ Մնացականյանն աշխատանքից ազատման դիմում է ներկայացրել նախարարություն»: 
Աշոտ Մնացականյանն ասում է, որ նեղացած չէ, կյանք է, ամեն ինչ պատահում է։ Հետագայում էլ մտադիր է շարունակել աշխատանքը սոցիալական ոլորտում։
«Ինձ զանգահարեցին, ասացին, որ ես առավոտյան ներկայանամ, ես էլ գնացի, ասացին, որ իմ տեղը պետք է զիջեմ ուրիշի, քանի որ իմ աշխատանքը նպատակահարմար չեն տեսնում։ Այսօր, իրենց ասելով, կան կարճաժամկետ ծրագրեր, որոնցով պետք է աշխատեն երեխաների հետ։ Դե, հասկանալի է, թե ինչ ծրագրեր են՝ գենդերային, հավասարության եւ այլն։ Ես կարծում եմ, որ եթե ղեկավարությունը չի ցանկանում աշխատել քեզ հետ, պետք է վեր կենաս ու գնաս։ Ասացին, որ մրցույթ պետք է լինի»,- ասաց նախկին տնօրենը։ 
Աշոտ Մնացականյանի հետ զրույցը ներկայացնում ենք ստորեւ։

- Որպես «Զատիկ»-ի երկարամյա տնօրեն՝ ի՞նչ հետեւություններ եք արել, ըստ Ձեզ՝ ինչպե՞ս պետք է դաստիարակել մանկատան երեխային, որ նա, կյանք մտնելով, չտարբերվի ընտանիք ունեցող երեխաներից։ Եթե ԽՍՀՄ-ում գիշերօթիկ դպրոցները, մանկատները փակ հաստատություններ էին, ապա անկախության շրջանում որքանո՞վ է հաջողվել նրանց ինտեգրումը հասարակությանը։

- Ես համոզված եմ, որ ծնողական խնամքից զրկված երեխաների դաստիարակության մեջ պետք է տեղ գրավի հոգեւոր ճանաչողությունը։ Ես կարծում եմ, որ կան ինձնից լավ տնօրեններ, բայց իմ հիմնական սյունը, որի շուրջ կառուցել եմ դաստիարակությունը, հոգեւոր ճանաչողությունն է։ Մարդը, որը դաստիարակվում է այդ ճանաչողությամբ, չի սեւեռվում այն հարցի վրա, որ ինքը չունի ծնողներ կամ ինչ-որ ֆիզիկական խնդիրներ ունի։ Երբ մարդ սկսում է մխիթարվել Աստծո գոյությամբ, նա կախված չի լինում շրջապատի վերաբերմունքից։ Իմ աշխատանքի ընթացքում, ես կասեի, որ 98 տոկոսի դեպքում ստացել եմ դրական արդյունք։ Մանկատան երեխաները հետագայում ստեղծել են ընտանիք, ճիշտ ճանապարհով են գնացել, աշխատանք գտել։ Եվ ես հպարտ եմ այդ երեխաներով։ 

- Իսկ  ինչպե՞ս եք գնահատում տարբեր տարիներին պետության սոցիալական քաղաքականությունը մանկատների նկատմամբ։ Հաճախ է հայտարարվել, որ մանկատան երեխաները պետք է ինտեգրվեն հասարակությանը, ծնողները կարող են նրանց թողնել, հետո գալ ու տանել։

- Այո, դա իրականացվել է։ Երեխաները հաճախել են սովորական դպրոցներ, մենք բաց ենք, պարիսպ չենք քաշել։ Երեխաները կարողացել են ազատ գնալ ու գալ, եւ մենք լավ արդյունքներ ենք ունեցել։ Նույնիսկ մի անգամ մի փոխնախարար ասաց՝ Ձեր հաստատությունը կարծես «սպիտակ ագռավ» լինի, չենք կարող նրա փորձը տարածել այլ հաստատությունների վրա։ Մանկատան երեխաների մեջ նկատելի է էգոիզմը, պահանջատիրությունը, սպառողական հոգեբանությունը։ Ձեզ մոտ ուրիշ է։

- Ունե՞ք տվյալներ, թե քանի դեպքում է ծնողը եկել մանկատուն եւ երեխային տարել իր հետ։

- Այդ դեպքերը շատ չեն եղել, քանի որ ծնողները տեսել ու հասկացել են, որ այս մանկատունը երեխաների համար լավ ու հարմարավետ է։ 

- Դուք մեր զրույցի ժամանակ շեշտը դրեցիք հոգեւոր ճանաչողության, երեխաներին հոգեւոր դաստիարակություն տալու վրա։ Ըստ Ձեզ՝ որքանո՞վ է հաջողվում մանկատան երեխայից  դաստիարակել սեփական իրավունքները գիտակցող, հանուն այդ իրավունքների պայքարող քաղաքացու։

- Մեզ մոտ բավականին հաճախ են լինում դասընթացներ, երբ գալիս եւ խոսում են երեխաների իրավունքների մասին։ Գուցե իրենք ավելի լավ են տեղեկանում իրենց իրավունքների մասին, քան սովորական ընտանիքների երեխաները։ 

- Դուք աշխատել եք տարբեր նախարարների օրոք։ Ըստ Ձեզ՝ ո՞ր նախարարի ծրագրերն են եղել ավելի հաջողված սոցիալական քաղաքականության ոլորտում։

- Ես շատ նախարարների եմ տեսել, բոլորին էլ համարում եմ լավը։ Որպես նախարար, սակայն, ես գնահատում եմ Արտեմ Ասատրյանին։ Նա շատ լավ տիրապետում էր ոլորտին, իր գործին, եւ մեխանիզմը պտտվում, աշխատում էր։ Բոլոր ոլորտներում ինքը լավագույն գիտակն էր, քանի որ մեծացել-աճել էր նախարարությունում։ Ես կցանկանայի, որ Արտեմ Ասատրյանը շարունակեր ղեկավարել ՀՀ աշխատանքի եւ սոցիալական հարցերի նախարարությունը։ 

- Իսկ սոցիալական քաղաքականության մեջ ի՞նչ ծրագրեր ու քաղաքականություն պետք է իրականացվի, ի՞նչը պետք է վերանայել ու փոխել։ 

- Մենք պետք է մտածենք՝ ինչպես փոխել պահանջատիրությամբ, սպառողական հոգեբանությամբ տառապող երեխաների հոգեբանությունը։ Համակարգը պետք է ուղղված լինի այն բանին, որ երեխաները կամաց-կամաց ազատագրվեն այդ բարդույթներից։ 

- Ո՞ր երկրի փորձը կցանկանայիք, որ կիրառվեր մեր երկրում սոցիալական քաղաքականություն մշակելիս։

- Ես, օրինակ, այդքան հիացած չեմ դրսի աշխատանքով։ Մի պահ նույնիսկ բում առաջացավ, ոմանք հիացած էին խնամատար ընտանիքի գաղափարով։ Բայց ես մի անգամ զրուցեցի ծրագրի գլխին կանգնած մի ներկայացուցչի հետ, ասաց, որ շատ դժգոհ են արտերկրում։ Մի ընտանիք յոթ երեխայի էր վերցրել խնամքի, պարզվել է, որ այդ յոթից հինգի տեղը հետո չի իմացել, երկուսն էլ տարվա ընթացքում մի անգամ զանգահարում են, հետաքրքրվում։ Եվ հետո տասից մեկն է դիմանում այդ ընտանիքում, երեխաներն ունենում են հոգեկան լուրջ խնդիրներ։ Մեզ մոտ ավելի խելամիտ վարվեցին, այդ երեխաներին տվեցին այն ընտանիքներին, որտեղ չկային երեխաներ։