«Թափանցիկ քաղաքի հեքիաթը» նոր ներկայացումը՝ Բոհեմ թատրոնում

«Թափանցիկ քաղաքի հեքիաթը» նոր ներկայացումը՝ Բոհեմ թատրոնում

Բոհեմ թատրոնը «Երիտասարդները մեր ներկան» նախագծի շրջանակներում ներկայացնում է Թելման Առաքելյանի «Թափանցիկ քաղաքի հեքիաթը» նոր մանկամեծական ներկայացումը։

Հեքիաթը կա, հեքիաթը չի մահանում, եթե նույնիսկ 101 տարեկան ենք: Պարզապես պետք է բացենք մեր սրտերը հեքիաթի առաջ:

Թերևս այս մեկ նախադասությամբ կարելի է բացատրել ներկայացման փիլիսոփայությունը: Ցավոք, հերոսների արկածները մեկ նախադասությամբ բացատրել հնարավոր չէ, դրա համար պետք է այցելել և մասնակից դառնալ այդ ամենին:

Անդրանիկ Հարությունյանին հանդիսատեսը բացահայտելու է այլ կողմից: Կարող եմ ասել` սա այն ներկայացումն է, որտեղ Անդրանիկը խաղում է մեզնից յուրաքանչյուրին: 

Յուրահատուկ կերպով կուզեմ ուշադրությունը սևեռել ներկայացման դեկորացիայի և Թափանցիկ քաղաքի կառուցվածքի վրա, որն ինձ համար շատ հեքիաթային է ստացվել: Այսպես ասեմ` Թափանցիկ քաղաքի հատակագծի հեղինակը Քրիստինե Հովհանիսյանն է:

Երեխաների համար ներկայցումը կրում է դաստիարակչական բնույթ, իսկ ծնողներին հիշեցնում, որ պետք է նաև հասցնել ապրել: 

Եվ ի վերջո պետք է սիրենք իրար, սիրենք այնպես, ինչպես հեքիաթում:

Ներկայացումը սիրո, հավատի, ընկերության և գեղեցիկը տեսնելու մասին է: Մենք այնքան ենք կյանքին նայել բջջային հեռախոսների «ֆիլտրերով», որ մոռացել ենք` իրական կյանքին «ֆիլտրեր» պետք չեն: 

Ներկայացման ընթացքում հանդիպելու ենք շատ սիրված հերոսների` Սուտասանին, Անհաղթ աքլորին, Քնած Գեղեցկուհուն և այլոց: