Հանձնել Արայիկին եւ խաղաղ ապրել

Հանձնել Արայիկին եւ խաղաղ ապրել

Նիկոլ Փաշինյանի խաղաղության պարամետրերը սկսել են անհանգստացնել ինձ: Ալիեւը պահանջում է Արցախի նախագահի գլուխը, որպեսզի խաղաղության պայմանագիր ստորագրի: Էս ո՞ր դարն ա՝ մտածում եմ: Բայց մյուս կողմից էլ, եթե Նիկոլ Փաշինյանն է մեր բանակցողը, զարմանալու ոչինչ չկա: Խնդրեմ, իրեն դրել է «գժի» տեղ՝ իբր չի հասկանում, թե ինչ է ուզում Ալիեւը, ուսերն է թոթվել. «Անկեղծ ասած՝ հասկանալի չեն Ալիեւի երեկվա հայտարարությունները. նա հրաժարվո՞ւմ է բրյուսելյան պայմանավորվածությունից»:

Ոչ, պարոն Փաշինյան, չի հրաժարվում, ընդամենը խոսում է հերթական քայլի մասին, որը բխում է ձեր բրյուսելյան պայմանավորվածություններից: Ճանաչե՞լ ես կամ պարտավորվե՞լ ես ճանաչել Ադրբեջանի տարածքային ամբողջականությունը` Արցախի հետ միասին: Ալիեւը հենց դա է ասում՝ իմ երկրի տարածքային ամբողջականության մեջ այլ պետական միավոր չի լինելու. «Բոլորին քաջ հայտնի է, որ այսօր մենք բոլոր հնարավորություններն ունենք՝ այդ տարածաշրջանում (նկատի ունի Արցախը) ցանկացած գործողություն իրականացնելու։ Ուստի, խորհրդարանը պետք է լուծարվի: Տարրը, որն իրեն նախագահ է անվանում, պետք է հանձնվի, բոլոր նախարարները, պատգամավորները եւ այլք պետք է լքեն իրենց պաշտոնները։ Միայն այդ դեպքում նրանց նկատմամբ կարող է ներողամտություն ցուցաբերվել։ Միայն այդ դեպքում կարող է խոսք գնալ ինչ-որ համաներման մասին: Խաղաղության պայմանագիրը պետք է հիմնված լինի միջազգային պայմանների վրա»: Հիմա ինձ ասեք, պարոն Փաշինյան, այդ ի՞նչ եք բանակցել Բրյուսելում, եւ ձեր պայմանավորվածությունների ո՞ր կետն է խախտել Ալիեւը: Նա էն գլխից էր, չէ՞, խոստացել, որ «Ղարաբաղի հայ բնակչությունը» կունենա բոլոր այն իրավունքները, որ ունեն Ադրբեջանի քաղաքացիները: Դուք երբեւէ վիճարկե՞լ եք այդ հայտարարությունը: Իհարկե, ոչ: Արսենյան Գուրգեն անուն-ազգանունով իդեոլոգդ ասում էր՝ հայերն ամենուր ապրում են՝ ԱՄՆ-ում, Վրաստանում, Ավստրալիայում, Ադրբեջանում էլ կապրեն… Գոնե մեկ անգամ իդեոլոգիդ ասե՞լ ես՝ դու ո՞վ ես, արա, էս ի՞նչ ես դուրս տալիս: Կամ էն պառավ աղվեսին երբեւէ նկատողություն արե՞լ ես, որ բլթացրեց, թե 100 հազար արցախցիների համար չի կարելի վտանգել 3 միլիոնի կյանքը: Եվ հիմա, երբ Ալիեւն ընդամենը պահանջել է լուծարել Արցախի Հանրապետությունը, ԱԳՆ-ով աղմուկ ես բարձրացրել, թե՝ աման, Ալիեւը խախտում է բրյուսելյան պայմանավորվածությունները: Հա, մի հատ էլ վազել ես ՀՀ նախագահի աթոռին նստող Վահագն Խաչատուրյանի մոտ, որ նա բարձր գնահատի քո կառավարության արտաքին քաղաքականությունն ու քեզ փրկի այս խայտառակությունից: Չի ստացվելու, պարոն Փաշինյան:

Հուսամ՝ Արցախի նախագահն իրեն հատուկ ժպիտով չի ընդունել «կենտրոնի» հայտարարությունը, որի մեջ իրեն որակել են որպես «տարր»: Այո, պարոն Հարությունյան, Ալիեւի բոլոր հայտարարություններին պետք է լուրջ վերաբերվել, որովհետեւ դրանք, սովորաբար, իրականություն են դառնում: Իսկ եթե Ձեզ եւ մյուս արցախցիներին հետաքրքրում է, թե ինչ կարծիք ունի Փաշինյանը, ապա ասեմ, որ նա առաջնորդվում է «ամեն ինչ տալ հանուն խաղաղության» նշանաբանով, եւ այդ ամեն ինչի մեջ մտնում եք թե՛ Դուք, թե՛ Արցախի ժողովուրդը, թե՛ Արցախի տարածքները եւ թե՛ Սյունիքն ու անկլավները: Մի խոսքով, պարոն Հարությունյան, պատրաստվեք՝ մի երկու զույգ տաք գուլպա, մի քանի ձեռք սպիտակեղեն… Ձեզ հանձնելու արարողությանն էլ, որ, հավանաբար, տեղի կունենա Ասկերան-Աղդամ շփման գծում, ներկա կլինի նաեւ Նիկոլ Փաշինյանը՝ ռուս խաղաղապահների հովանու ներքո: Իսկ արարողությունից հետո, երբ Ձեզ արդեն նստեցրած կլինեն Ադրբեջանի ՆԳՆ ֆուրգոնը, Փաշինյանն ու Ալիեւը դաշտային ծալովի սեղանի վրա կստորագրեն չարչրկված խաղաղության պայմանագիրը: Հետո Ալիեւը կհայտարարի մեծ համաներում, Արցախի հայերը կգնան իրենց գործին, իսկ Ձեզ՝ պարոն Հարությունյան, կտանեն Բաքու եւ հետագայում գուցե նշանակեն Ադրբեջանի Հանրապետության Կարաբախի շրջանի փոխհամայնքապետ, որպեսզի Ձեր հմայիչ ժպիտով խաղաղության մեջ պահեք հայության մնացորդացին:

ՀԳ. Բայց ես ներքուստ հավատում եմ, որ Նիկոլը հայ-ադրբեջանական բանակցությունների հաջորդ ռաունդում չի հանձնի Արայիկին: Կթողնի, որ այդ մասին մի քիչ խոսեն ՔՊ ֆրակցիայի գագաթները՝ Քոչարյան Անդոն, Արսենյան Գուգոն, Մելքոնյան Գագիկը, ինչու ոչ՝ Աղազարյան Հովիկը, նոր «կորոշի» ստորագրել խաղաղության պայմանագիրը: ՔՊ-ն կսկսի երգել՝ դե հիմա մի Արայիկ էր՝ բագաժ տվեցինք, գնաց, Նիկոլն ի՞նչ կարող էր անել, սաղ Ալիեւն է մեղավոր: Համ էլ Արայիկը ռուս խաղաղապահների պատասխանատվության գոտում էր։